«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2004-11-02 | #195, 2004-11-03 | #196, 2004-11-04


ԲԵՅՐՈՒԹԱՀԱՅԸ ԼԱՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ Է ԳՏՆՈՒՄ

Անդրադառնալով Ջուլիեն Մակդոնալդի նորաձեւության շոու ծրագրին Լոնդոնում, «Գարդիան» թերթը տեղեկացնում է, որ վայելչության հայտնի նորարարը, որն անցյալ տարի սպառնում էր Լոնդոնից մեկնել Միլան, այս անգամ էլ որոշել է անցնել Նյու Յորք: «Լոնդոնը սիրում եմ, բայց այստեղ բավականաչափ փող չեմ կարողանում վաստակել», ասել է նա թերթի թղթակցին:

Նրա շոուի առավել հաջողված մասը 1930-ական եւ 1970-ական թթ. հագուստների հետադարձ ներկայացումն է եղել: Ներկաների ուշադրությունը գրավել են նաեւ 5 սկսնակների մինի-շոուները, որոնցից «Գարդիանը» հատկապես առանձնացրել է լիբանանահայ Կարեն Դեմիրճյանին, որի «Կարդեմ» հավաքածուն որակել է «հույսի նշույլ»ՙ ի հակադրություն այլ հավաքածուների «տգեղ, հագնելու ոչ պիտանի եւ չափազանց վատ ներկայացված» հագուստների:

Թերթը ներկայացնելով Կարենին, գրում է, որ նա ծնվել է 1975 թ. Բեյրութում, բայց այժմ Փարիզում է գործում: «Նրա հավաքածուն տեսքի եւ որակի այնպիսի բարձր համադրում ուներ, որ անմիջապես տարբերվում էր մյուս հուսալի երիտասարդների հավաքածուներից: Կարերի նրբագեղությունը, գույների ընտրությունը եւ կտորի արդյունավետ օգտագործումը հիշեցնում էին Հուսեյն Չալայանի լոնդոնյան նորաձեւության օրերը», գրում է «Գարդիանի» թղթակիցը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4