Գեւորգյան ճեմարան-130
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանն արդեն 130 տարի է հայոց հոգեւոր, մշակութային եւ կրթական կյանքում իր առաքելությունը կատարում է պատվախնդրորեն: Ճեմարանը, որ կոչված է հայ եկեղեցական հոգեւոր դասի պատրաստմանը եւ 200-ից ավելի հոգեւորական համալրել են այդ շարքերը, տասնամյակներ շարունակ մեծ քանակությամբ նաեւ ուսուցիչներ է պատրաստել, որոնք շատ հաճախ իրենց գործունեությամբ ազգային մեր գոյապայքարի խաչն են ստիպված եղել տանել: Հայագետների, արվեստագետների, քաղաքական գործիչների պատկառելի մի փաղանգ իրենց ապագա գործունեությամբ պարտ են նաեւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանին. նրանց ուսումնառության եւ կրթական հիմնաքարերը սկիզբ են առել այդ ճեմարանում:
Նիկողայոս Ադոնց, Մանուկ Աբեղյան, Ստեփան Մալխասյան, Նիկոլ Աղբալյան, Ավետիք Իսահակյան, Ակսել Բակունց, Լեւոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան, Ավետիս Ահարոնյան, Ա. Բրուտյան, Արմենակ Շահմուրադյան, Կոմիտաս, Պողոս Մակինցյան, Սիմոն Վրացյան, Անաստաս Միկոյան, Ասքանազ Մռավյան, Արտակ Դարբինյան, դեմքեր, որոնց վաստակն անգնահատելի է հայ մշակութային, գիտական, քաղաքական կյանքում:
19-րդ եւ 20-րդ դարասկզբի արեւելահայ հոգեւորականները եւս մեծ մասամբ ճեմարանի շրջանավարտներն էինՙ Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Զ Չորեքչյան, Գարեգին Ա Հովսեփյան, Ներսես արք. Մելիք-Թանգյան եւ ուրիշներ:
Մեծավաստակ գիտնական Ադոնցի կյանքի հետ կապված մի իրողություն, որ երեկ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի վեհարանի մեծ սրահում ճեմարանի 130-ամյակի հոբելյանական նիստի ժամանակ պատմեց նախկին ճեմարանական Պետրոս Հովհաննիսյանը, խորհրդանշական էր: Բելգիայի հիվանդանոցներից մեկում մերձիմահ վիճակում Ն. Ադոնցին երբ հարցրել են, թե ինչ է այդ պահին հիշում, գիտնականը պատասխանել է, թեՙ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը, որտեղ անցկացրի կյանքիս լավագույն տարիները:
19-րդ դարավերջինՙ 1874 թ. Ամենայն հայոց Գեւորգ 4-րդ կաթողիկոսի կոնդակով հիմնադրված ճեմարանը հիրավի կարեւորագույններից է եղել հայոց կրթական համակարգում: Նույն ժամանակներում Ներսիսյան եւ Լազարյան ճեմարաններիՙ Հայաստանից դուրս գործելու պարագայում այստեղՙ հայրենիքում, Գեւորգյան ճեմարանի դերը հսկայական է եղել, երբ հաստատությունը շարունակողն էր կրթական այն ավանդույթների, որ սկզբնավորվել էին դեռեւս Սբ. Սահակի եւ Սբ. Մեսրոպի հիմնած Վաղարշապատի առաջին հայատառ դպրոցում:
Երեկ Գեւորգյան ճեմարանի 130-ամյակի հոբելյանական հանդիսության բացման ժամանակ գերշ. Տ. Ներսես արք. Պոզապալյանը եւ ներկայիս տեսուչ Տ. Եղիշե ավ. քհն. Սարգսյանը ներկայացրին ճեմարանի ստեղծման պատմությունը, անցած ուղին, նպատակը, ծրագրերը:
Էջմիածնում ճեմարան հիմնելու մտահղացումը Գարեգին 4-րդ կաթողիկոսինն էր, որը տարիներ շարունակ միջոցներ է հայթայթել եւ Ալեքսանդր 2-րդ ցարի հետ անձնական հանդիպման արդյունքում ստանալով ճեմարան հիմնելու թույլտվություն, 1869 թ. սկսել է շենքի շինարարությունը. 1874 թ. կատարել է հանդիսավոր բացման արարողություն եւ սեպտեմբերի 28-ից 2 բաժիններով դասարանականՙ 6-ամյա եւ լսարանականՙ 3-ամյա ուսուցմամբ, 60 սաներով սկսել դասավանդումըՙ հայոց պատմություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն, հայկական մատենագրություն, հայոց եւ օտար լեզուներ, բնագիտություն, տիեզերագիտություն, մաթեմատիկա, Սբ. գիրք, եկեղեցական երաժշտություն, տրամաբանություն եւ այլ առարկաներից:
Քաղաքական հանգամանքների բերումով 1917 թ. ճեմարանն առժամանակ դադարեցրել է գործունեությունը: Տարիներ շարունակ Գեւորգյան ճեմարանը վերաբացելու հոգեւորականների, բարձրաստիճան պաշտոնյաների ջանքերն ապարդյուն են եղել: Ճեմարանը վերաբացվել է 1945 թ. Գեւորգ Զ Չորեքչյան կաթողիկոսի միջամտությամբ եւ առ այսօր գործում է կանոնավոր հաճախականությամբ:
Հանգամանքների բերումով ճեմարանի տարեգրությունը չի արձանագրել իր հոբելյանների պատշաճ մակարդակով հանդիսություններ: Պետրոս Հովհաննիսյանը երեկվա օրը համարեց հոգու պարտք չկայացած այդ հոբելյանների համար: Եվ քանի որ ոչինչ անհետեւանք ու անպատասխան չի մնում, երեկ ճեմարանը վարձատրվեց իր անցած պատմության, տասնամյակների իր հոգեւոր մանկավարժական բարեխիղճ գործունեության դիմաց:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը ճեմարանի տեսուչ Եղիշե ավ. քհն. Սարգսյանին հանձնեց պատվոգիր, նաեւ շնորհավորելով Վեհափառ հայրապետին կաթողիկոսական գահակալության 5-րդ տարեդարձի առիթով, երախտիք հայտնեց Գարեգին 2-րդիՙ հայոց դպրոցների, ուսուցիչների հանդեպ հոգածու վերաբերմունքի համար եւ հանձնեց «Ոսկե մեդալ»:
Երեւանի պետհամալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը նկատեց, որ Գեւորգյան ճեմարանն այսօրվա կրթական դժվարին պայմաններում վերելքի շրջան է ապրում աստվածաբանական համալսարանի նոր կարգավիճակով եւ հիշեցրեց, որ պետական համալսարանի առաջին դասախոսները ճեմարանի սաներն են եղել: Նա համալսարանի բարձրագույն պարգեւըՙ «Ոսկե մեդալը» շնորհեց տեսուչին:
Բարձր գնահատելով Հայոց եկեղեցու եւ ճեմարանի ազգապահպան դերը մեր պատմության բոլոր ժամանակաշրջաններում եւ ներկայում եւս, Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանը ցավ հայտնեց, որ այսօր կան պետական այրեր, որոնց որոշումները կարող են վտանգել Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը եւ հեղինակությունը (նկատի ուներ «Եհովայի վկաների» գրանցման փաստը): «Ոչ մի բժիշկ չի կարող հիվանդին մոտենալ, մինչեւ չասի Աստծունՙ օգնիր ինձ: Մենք աղոթում ենք ձեզ համար», Վիլեն Հակոբյանը բժշկական համալսարանի կողմից հուշանվեր-խորհրդանշական ղողանջներ նվիրեց ճեմարանի տեսուչին:
Հանդիսության ընթացքում հնչեցին Կոմիտասի, Մ. Եկմալյանի, Բ. Կանաչյանի ստեղծագործություններից, միջոցառումն ավարտվեց Վեհափառ հայրապետի օրհնության խոսքով եւ Տերունական աղոթքով:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ