Արդարադատության նախարարը ներկայացրեց կառավարության հաստատած լիցենզիայի փոփոխությունները
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կառավարությունը երեկ հաստատեց «Արմենտելի» լիցենզիայի փոփոխությունները, որոնք ձեռք էին բերվել բանակցությունների ընթացքում, եւ լիազորեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին 10 օրվա ընթացքում ստորագրելու համապատասխան պայմանագիրը հունական կողմի հետ: Արտահերթ նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Դավիթ Հարությունյանը: Այնուհետեւ նա ներկայացրեց «Արմենտելի» բացառիկ իրավունքներին եւ պարտավորություններին վերաբերող լիցենզիայի փոփոխությունները:
Նախարարը նախ հերքեց շրջանառվող այն լուրը, թե նախկինում միայն հեռախոսակապն էր «Արմենտելի» բացառիկ իրավասությունների մեջ մտնում, իսկ հեռահաղորդակցությունն ընդհանրապեսՙ ոչ: Նա տեղեկացրեց, որ բացառիկ մենաշնորհն այսուհետեւ չի տարածվելու GSM շարժական (բջջային) կապի, շարժական արբանյակային կապի եւ հատուկ շարժական ռադիոծառայությունների վրա:
Միջազգային ելքի (տվյալների փոխանակման) ծառայության մասով նույնպես սկզբնապես նախատեսվում էր վերացնել մենաշնորհը: Սակայն դա ամբողջովին տեղի չունեցավ: Ըստ լիցենզիայի փոփոխված տարբերակի, եթե նախկինում մեր ինտերնետ մատակարարող (պրովայդեր) ընկերությունները գնում էին «Արմենտելի» ներմուծած ինտերնետը, ապա այսուհետեւ բոլոր պրովայդերներն իրավունք կունենան իրենք ինտերնետ գնելու դրսից եւ «Արմենտելին» վճարել նրա օպտիկական մալուխի միջոցով տեղափոխելու համար: Այլ խոսքերով, «Արմենտելը» բացառիկ իրավունք է ունենում միայն իր մալուխի նկատմամբ եւ պարտավորվում է կապուղի տրամադրել այլ տնտեսվարողների պահանջի դեպքում: Եթե դա չարվի, ապա «Արմենտելի» նկատմամբ կարող են կիրառվել տարբեր սանկցիաներՙ ընդհուպ նաեւ այդ բացառիկ իրավունքից զրկելը:
Արբանյակային մուտքը նույնպես ազատվում է մենաշնորհից: Նախկինում ինչպես ելքն, այնպես էլ մուտքը «Արմենտելի» մենաշնորհն էին: Դավիթ Հարությունյանի կարծիքով, այս մասնակի ազատականացումը կնպաստի ոլորտի զարգացմանը:
Վիճելի համարվող լիցենզավորողի ցանցով լայնաշերտ տեսահաղորդման ծառայությունների նկատմամբ մենատեր ընկերության իրավունքները, նախարարի հավաստմամբ, ոչ ընդլայնվել են, ոչ էլ սահմանափակվել: Առավել մեծ տարակարծությունների տեղիք տված ինտերնետ հեռախոսակապի նախկինում մենաշնորհ լինելու կամ չլինելու վերաբերյալ Դավիթ Հարությունյանը, ի հաստատում նախկինում մենաշնորհի առկայության, նշեց այն կետը, որտեղ նշված է, որ ապագայում ստեղծվելիք ցանկացած ծառայություն, որը կմրցակցի միջազգային եւ ներպետական հեռախոսակապի հետ, կհամարվի «Արմենտելի» մենաշնորհի խախտում:
Արդարադատության նախարարը վերստին նշեց, որ ինտերնետ կամ IP հեռախոսակապը ներկայումս համարվում է տվյալների, այլ ոչ թե ձայնի փոխանցում, ինչի մասին եզրակացության են եկել միջազգային մասնագիտացված կազմակերպություններ: Այս առնչությամբ «Ազգի» այն հարցին, թե ինչ պետք է լինի ինտերնետ հեռախոսակապ մատակարարող այն ընկերությունների հետ, որոնք ունեն լիցենզիա եւ օրինական գործունեություն էին ծավալում, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ նրանք տվյալների փոխանակման լիցենզիա են ստացել եւ տվյալներ կարող են փոխանակել նաեւ հետագայում:
Պարտավորությունների առումով «Արմենտելը» պետք է տեղադրեր 4-րդ հանգույցը, որն արել էր բաց ժողովից անմիջապես հետո: 800 գյուղերի թվայնացման պահանջը վերաձեւակերպվել է հետեւյալ կերպՙ մինչեւ 2005 թ-ի տարեվերջ այդ գյուղերը պետք է ապահովված լինեն հեռախոսային ծառայություններով: 6-10 հազար բնակչություն ունեցող գյուղերում նվազագույնը պետք է շահագործվի 700 հեռախոսագիծ: Հեռախոսաֆիկացման ցանկից սակայն դուրս կմնան 7 գյուղեր, որոնց բնակչության թիվը 50-ից ավելի չէ եւ որոնք միավորված չեն այլ համայնքների հետ:
Ներդրումների վերաբերյալ շեշտադրումը տեղափոխվել է ոչ թե գումարային կողմի, այլ որակյալ կապ ունենալու պահանջի վրա: Իսկ այն հարցին, թե ի՞նչ կլինի, եթե հունական կողմը (ՕՏԵ-ն) հրաժարվի հաստատել այս համաձայնագիրը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ «կվերադառնանք մարտի դաշտ»: «Այսինքն, նոր բանակցություննե՞ր կսկսենք, թե՞ դատական գործընթացները կշարունակվեն» մեր հարցին պատասխանելով նախարարը մատնանշեց երկրորդը: