«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2004-11-02 | #195, 2004-11-03 | #196, 2004-11-04


ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ Է

Հավաստիացնում է հակահամաճարակային տեսչությունը

Ինչպիսի՞ վարակիչ հիվանդություններ են տարածված Հայաստանում, ինչպիսի՞ն է համաճարակային իրավիճակն այս տարի, հատկապես ո՞ր հիվանդություններն են ակտիվանում: Այս հարցերի շուրջ «Ազգի» թղթակցի հետ զրուցեց առողջապահության նախարարության պետական հիգիենիկ (ՊՀ) եւ հակահամաճարակային տեսչության համաճարակաբանության բաժնի պետ Լաուրա Կասպարովան:

Զրույցի հենց սկզբում տիկ Կասպարովան նշեց, որ 2004 թ.-ի հունվարից մինչեւ օգոստոս Հայաստանում համաճարակային վիճակը կառավարելի է, վարակիչ հիվանդությունների վատթարացում 2003 թ.-ի համեմատ չկա: Նրա խոսքերով, կան որոշ հիվանդություններ, որոնք ավելի հաճախ են հանդիպում որեւէ սեզոնում: Ըստ այդմ էլ, որոշակի ժամանակահատվածում որոշ վարակիչ հիվանդությունների աշխուժացում է նկատվում, սակայն դրանցից եւ ոչ մեկի դեպքում, բաժնի պետի հավաստմամբ, համաճարակային վիճակ չկա: Օրինակ, սեզոնային կատարը (հարբուխը) ակտիվանում է ձմռանը, իսկ ընդհանուր աղիքային վարակիչ հիվանդություններըՙ ամռանը: Նախորդՙ 2003 թ.-ի համեմատ որոշ վարակիչ հիվանդություններ նվազել են, որոշները շատ քիչ քանակով ավելացել են, իսկ որոշներն էլ նույնն են մնացել: Օրինակ, եթե 2003 թ. գրանցվել է էպիդեմիկ պարոտիտի (խոզուկ) 2153 դեպք, ապա 2004 թ.-ի մինչեւ օգոստոսը գրանցվել է 375 դեպք: Փաստորեն, մի քանի անգամ նվազել է: Իսկ ընդհանուր աղիքային վարակիչ հիվանդությունները եթե 2003 թ.-ին 2118-ն էին, 2004 թ.-ի օգոստոսի տվյալներով ավելացել են մոտ 200-ով:

Տիկ. Կասպարովան նշեց, որ շատ քիչ թիվ են կազմում տուբերկուլյոզի, վիրուսային հեպատիտի (դեղնախտ) դեպքերը: Նա, տուբերկուլյոզը բնորոշելով որպես սոցիալական հիվանդություն, ասաց, որ նշված հիվանդությունը կապված է միգրացիայի, այլ երկրներից եկածների հետ: Իսկ այս տարի չեն գրանցվել դիֆտերիայի, կոկլուշի (կապույտ հազ), պոլիոմելիտ, սիբիրյան խոցի դեպքեր: Վարակիչ հիվանդություններից խուսափելու գրավականը անձնական հիգիենայի պահպանումն է, պետք է ձեռքերը հաճախ լվանալ եւ փողոցից ոչինչ չգնել: Իսկ հարբուխով հիվանդ մարդիկ պետք է առանձնացնեն իրենց սպասքը, օգտվելուց հետո դրանք եռացնեն 2 տոկոսանոց սոդայաջրի մեջ եւ հաճախ օդափոխեն սենյակը:

Տիկ. Կասպարովան ասաց, որ իրենք լրատվամիջոցներով պարբերաբար զգուշացնում են, թե տվյալ շրջանում հատկապես վարակիչ հիվանդություններից է պետք զգուշանալ: Իսկ այն հարցին, թե ընդհանուր գրանցված հիվանդներից քանիսն են բուժվել, բաժնի պետը պատասխանեց, որ դիմողներից ոչ ոք առանց բուժման չի մնում եւ ամեն դեպքում բժշկին դիմելն անհրաժեշտություն է:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4