«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2004-11-02 | #195, 2004-11-03 | #196, 2004-11-04


ԾԱՂԿԱՁՈՐԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԻՉ ԿԵՆՏՐՈ՞Ն

Հայաստանի ամենագողտրիկ անկյուններից մեկը` Ծաղկաձորը հավակնում է դառնալ զբոսաշրջության ակտիվ կենտրոն: Ներքին շուկայի համար Ծաղկաձորը կարծես թե հաստատել է իր կայուն տեղը, իսկ ճոպանուղու շինարարությունից հետո ներկայանալի կլինի նաեւ արտաքին շուկայում: «Միջազգային չափանիշներին համապատասխան ճոպանուղու կառուցումը կլինի այն խթանը, որը թույլ կտա ներդրումներ կատարել Ծաղկաձորում: Ճոպանուղու շուրջը կառուցվելու են զվարճանքի կենտրոններ, սրճարաններ եւ թեյարաններ: Համոզված եմ, մի քանի տարի հետո այս քաղաքը կդառնա զբոսաշրջության համար ակտիվ գոտիներից մեկը», ասում է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանը: Ճոպանուղու կառուցման աշխատանքները սկսվել էին հուլիսին եւ կավարտվեն դեկտեմբերին: Կառուցվել է 2500 մետր երկարությամբ 2 կայան, իսկ հաջորդ տարի նախատեսվում է ավարտել 3-րդ կայանի շինարարությունը: Ճոպանուղու աշխատանքներին զուգահեռ բարեկարգվում եւ հարթեցվում են նաեւ դահուկուղիները, ճոպանուղի տանող ճանապարհը: Սակայն եթե ճոպանուղին կարող է գոհացնել օտարերկրացի զբոսաշրջիկներին, ապա Ծաղկաձորի հյուրանոցային սեկտորը դեռեւս հեռու է բավարար լինելուց: Այսօր Ծաղկաձորում գործում է շուրջ 20 հյուրանոց, մինչդեռ միայն հինգը կարող են 2-3 աստղանի հյուրանոցներին համապատասխանող ծառայություններ մատուցել: Եվս 5 հյուրանոց կառուցման փուլում է: «Ծաղկաձորում կա 2000 մահճակալ: Ամռանը եւ ձմռանը բոլոր տեղերը զբաղված են լինում: Բացի այդ, շաբաթ եւ կիրակի օրերին ամռանը ունենում ենք 1000-1500 այցելու, իսկ ձմռանը` շուրջ 500: Զբոսաշրջիկները հիմնականում Հայաստանից են, երբեմն նաեւ Ռուսաստանից», նշում է Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը: Նրա հավաստմամբ, քաղաքի 1700 բնակիչների շուրջ 80 տոկոսն աշխատում է սպասարկման ոլորտում: Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը նշում է, որ հյուրանոցը ծանրաբեռնվածությամբ է աշխատում միայն ամռանն ու ձմռանը, իսկ տարվա կտրվածքով հյուրանոցի ծանրաբեռնվածությունը կազմում է 20 տոկոս: «Ծաղկաձորը օտարերկրացի զբոսաշրջիկներին հետաքրքրում է նաեւ իր պատմամշակութային ժառանգությամբ: Այսպիսով գարնանը եւ աշնանը Հայաստանի այս անկյունը կարող է գրավիչ լինել էկոտուրիզմի տեսանկյունից: Մեր նպատակն է որքան հնարավոր է կրճատել միջսեզոնային ընթացքը», փաստում է Արա Պետրոսյանը: Հայաստանի առաջատար տուրիստական ընկերությունների ղեկավարները նշում են, որ Ծաղկաձորը զբոսաշրջության համար գրավիչ կենտրոն դարձնելու համար անհրաժեշտ է ոչ միայն լավ հյուրանոցային տնտեսությունՙ հստակ գնացուցակային քաղաքականությամբ, այլեւ զվարճալիքների եւ ժամանցի կենտրոններ: Միայն ճոպանուղու կառուցմամբ Ծաղկաձորը մրցունակ չի կարող լինել արտերկրի շուկայում: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արթուր Զաքարյանը նշում է, որ զբոսաշրջության ոլորտում հաջողության է հասնում ոչ թե լավ, այլ բոլորից տարբեր արտադրանք ներկայացնողը: «Այս առումով մենք դեռեւս բավականին անելիքներ ունենք», ասում է նա:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4