«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2004-11-02 | #195, 2004-11-03 | #196, 2004-11-04


ՄԵԾ ԱՎԱՆԴ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հայաստանի թերապեւտների ասոցիացիայի նախագահ, բժշկական ակադեմիայի փոխնախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ. Մ. Հարությունյանի նոր (Երեւան, 2004 թ.) մենագրությունըՙ «նՑվՌփպրՍՌպ Ռ չպվպՑՌփպրՍՌպ ՒՈՍՑՏՐօ, ՏոՎպվվՏ-ՊՌրՑՐՏՒՌփպրՍՌպ Ռ ՍսՌվՌՍՏ-ՒցվՍՓՌՏվՈսՖվօպ վՈՐցՔպվՌÿ Չ տՈՑՏչպվպջպ տպՐՌՏՊՌփպրՍՏռ ոՏսպջվՌ» վերնագրով, նվիրված է պարբերական հիվանդության ամենաբարդ պրոբլեմներից մեկինՙ հիվանդության ախտածագման բացահայտմանը: Անհրաժեշտ է նշել, որ եթե այս հիվանդության պատճառագիտության հարցերը որոշակի ձեւով պարզաբանվել ենՙ XX դարի վերջին տասնամյակում հայտնաբերվել է հիվանդությանը բնորոշ գենային մուտացիաների մեծ մասը, ապա հիվանդության նոպաների եւ ամիլոիդոզով բարդանալու ախտածագման մեխանիզմները առ այսօր մնում են անհայտ: Այս պայմաններում պրոֆեսոր Վ. Հարությունյանը կարեւոր քայլ է ձեռնարկումՙ ամփոփելով ոչ միայն իր սեփական, այլեւ հայրենական եւ արտասահմանյան գրականության տվյալներըՙ նվիրված տվյալ հարցերին:

Վ. Հարությունյանը լուսաբանում է պարբերական հիվանդության ախտածագման հարցերը ժամանակակից իմունաբանության, բորբոքային պրոցեսների ախտաբանական ֆիզիոլոգիայի եւ կենսաքիմիայի տեսանկյունից:

Փաստորեն մենագրությունը այն տեսական հենակետն է, որը կնպաստի նոր հետազոտական ուղղություններով պարբերական հիվանդության նոպաների եւ ամիլոիդոզի ախտածագման բացահայտմանը, կանխարգելմանը եւ բուժմանը: Պարզ է դառնում, որ նոպաների ախտածագման մեխանիզմներն անհրաժեշտ է փնտրել շճաթաղանթների ու շճահեղուկի ուլտրակառուցվածքում, կենսաքիմիական, բորբոքային եւ հակաբորբոքային տեղային համակարգերում: Մյուս կողմից ամիլոիդոգենեզի սկիզբը եւ վաղ ախտորոշման ու կանխարգելման եղանակները անհրաժեշտ է փնտրել արյան մոնոցիտառ-մակրոֆագալ, պրոտեոլիտիկ եւ ֆիբրիլյար անոմալ սպիտակուցի սինթեզը կատարող համակարգերում:

Մեծ հետաքրքրությամբ է կարդացվում մենագրության այն հատվածը, որտեղ հեղինակը մտորում է պարբերական հիվանդության պատմական ծագման մասին: Այստեղ հեղինակը ժամանակակից դիրքերից քննարկում է էթնիկական, ցեղաձեւավորման եւ մի շարք պատմական ու աշխարհագրական հարցեր, որոնք առնչվում են պարբերական հիվանդության ծագմանը:

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում բժիշկների համար մենագրության հատվածներըՙ նվիրված պարբերական հիվանդության զուգակցմանը այլ հիվանդությունների հետ, նաեւ պարբերական հիվանդության եւ այլ կրկնվող տենդով ու շճաթաղանթների բորբոքումով ընթացող ժառանգական հիվանդությունների համեմատական կլինիկա-պարակլինիկական վերլուծությունները:

Մենագրության առանձին մի հատված նվիրված է պարբերական հիվանդության ժամանակ տեղի ունեցող էնդոկրին խանգարումներին, միկրոցիրկուլյատոր հունի, շնչառական եւ ստամոքս-աղիքային համակարգերի, այլ օրգանների կառուցվածքային եւ ֆունկցիոնալ փոփոխություններին:

Փաստորեն հեղինակը աշխատել է ընդգրկել գիտական գրականության բոլոր հայտնի տվյալները եւ բազմաթիվ սեփական հետազոտությունների արդյունքները, որոնք նպաստում են պարբերական հիվանդության ախտածագման պարզաբանմանը: Այս մենագրությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում հայ բժիշկների եւ գիտնականների համար:

Գ. Ա. ԵԳԱՆՅԱՆ, ՀՀ ԱՆ գլխավոր թերապեւտ, Մ.Հերացու անվամ ԵրՊԲՀ ներքին հիվանդությունների թ.1 ամբիոնի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4