«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2004-11-03 | #196, 2004-11-04 | #197, 2004-11-05


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՈՐԱՑՆՈՒՄ Է ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ քաղաքական օրակարգում չկա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, բայց ինչ-որ պահի քննարկումները չեն բացառվում

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը վերջերս իր ասուլիսներից մեկում հայտարարեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիր չի դնում, բայց, մյուս կողմից, առավելագույնս խորացնելու է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունները:

Փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանն «Ազգի» հետ զրույցում ասաց, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չկա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, բայց ինչ-որ պահի քննարկումները չեն բացառվում: Այսօր, նոյեմբերի 5-ին, Անդրկովկաս այցելության շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանելու է Երեւան:

«Դաշինքը ցանկանում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Չնայած անցյալում Հայաստանը չէր զարգացնում իր գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ նույն տեմպերով, ինչ հարավկովկասյան մյուս երկու պետությունները, այսօր մենք տեսնում ենք հստակ ազդանշաններ, որոնք վկայում են մեր հարաբերությունները խորացնելու Երեւանի հաստատակամության մասին», Երեւան այցի նախօրեին «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է գլխավոր քարտուղար Սխեֆերը:

«Վրաստանի եւ Ադրբեջանի օրակարգում կա դաշինքին անդամակցելու խնդիրը եւ դրա մասին հայտարարվում է ամեն օր: Բայց եթե մենք նայենք մեր համագործակցությանը ՆԱՏՕ-ի հետ, կտեսնենք, որ չի տարբերվում Վրաստանից եւ Ադրբեջանից», ասաց Շուգարյանը եւ մի ուշագրավ նկատառում արեց. «Տարբերությունը հիմնականում այն է, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում Վրաստանի եւ Ադրբեջանի համար ամեն նոր քայլը, ծրագիրը վարչական, տեխնիկական որոշում է: Իսկ Հայաստանի համար ամեն նոր քայլը, ծրագիրը քաղաքական որոշման խնդիր է»:

Վերջերս Շուգարյանը մասնակցել եւ ելույթ է ունեցել Միչիգանի համալսարանում Հարավային Կովկասին եւ մասնավորապես Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող կոնֆերանսին: «Իմ ելույթը Միչիգանում ավելի շատ վերաբերում էր Եվրոմիության նոր հարեւանությանը, Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին, ինչպես նաեւ անդրկովկասյան երեք երկրների քաղաքական հեռանկարներին ու տարածաշրջանի նոր աշխարհաքաղաքական ինքնությանը: Իմ ելույթի հիմնական շեշտադրությունը հայ-թուրքական սահմանի նշանակության մասին էր», ասաց փոխարտգործնախարարը:

«Դա հայ-թուրքական սահման չէ, դա սահման է ՆԱՏՕ-ի հետ, որն այսօր փակ է: Կարելի է ասել, որ սա տարածաշրջանի սահմանն է ՆԱՏՕ-ի հետ, որովհետեւ Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանը Թուրքիայի հետ բավարար աշխարհագրություն չի տալիս այդ հարաբերություններն ավելի սերտ դարձնելու, եւ երկրորդՙ սա աշխարհագրական հարց չէ, այլ աշխարհաքաղաքական է», իր ելույթում ասել է Շուգարյանը:

Պաշտոնական Երեւանը թերեւս այլեւս չպետք է հույս դնի, թե ՆԱՏՕ-ն իր անդամ Թուրքիային կստիպի, որ վերջ տա Հայաստանի շրջափակմանը: Մյուս կողմից, սակայն, զգացվում է, որ Հայաստանի իշխանություններն ակնկալիքներ ունեն, որ Եվրոմիությանը անդամակցել ցանկացող Թուրքիան կբացի սահմանները: Շուգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Բրյուսելում տեղի ունեցած Եվրոպահայերի համագումարում Եվրոմիության ներկայացուցիչը որպես դրական օրինակ բերել էր Եվրոհանձնաժողովի զեկույցից մի նախադասություն, որը վերաբերում է Հայաստանին:

«Ես ստիպված էի պատասխանել: Եվրոհանձնաժողովի զեկույցում հետեւյալ նախադասությունը կա. այն հեռանկարը, որ Թուրքիան կարող է դառնալ ԵՄ անդամ, պետք է նրան ստիպի իր հարեւանների հետ բարելավել հարաբերությունները: Եթե նախադասությունը հնչեր հակառակ ձեւով, այսինքնՙ այն հեռանկարը, որ Թուրքիան կարող է չդառնալ ԵՄ անդամ, կարող է ստիպել իր հարեւանների հետ բարելավել հարաբերությունները, դա արդեն ուրիշ բան է: ԵՄ-Թուրքիա բանակցային գործընթացը կարող է տեւել 10 տարի, եւ բանակցությունների նախավերջին օրը Թուրքիան բացի սահմանը», ասաց Շուգարյանը:

Եվրոպահայերի կազմակերպած համաժողովին հրավիրյալ կարգավիճակով մասնակցել են նաեւ եվրոպական երկրներում Հայաստանի 6 դեսպաններ: Ի դեպ, այն օրերին, երբ տեղի էր ունենում համաժողովը, որի ընդունած հռչակագրում կոչ էր արվում ԵՄ-ին թույլ չտալ իր շարքերում ընդունել Թուրքիային, Հայաստանի արտգործնախարարը Հռոմում ցանկալի էր համարում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին:

«Այստեղ ես որեւէ հակասություն չեմ տեսնում նախարարի եւ եվրոպահայ համայնքների ասածների միջեւ, ուղղակի խնդիրը տարբեր իրավական հարթություններում է: Կրկնեմ, որ մենք կուզենայինք ընդհանուր սահման ունենալ ԵՄ-ի հետ, որովհետեւ մեր հեռահար նպատակն էլ է ԵՄ-ի անդամ դառնալը: Եվրոպայի հայկական համայնքները, որոնք ապրում են այսօրվա ԵՄ տարածքում, կարող են իրենց հստակ դիրքորոշումն ունենալ եւ դեմ են (Թուրքիայի ԵՄ անդամակցությանը): Նրանց մտահոգությունները կարող են վերաբերել բուն հայկական հարցերին, այսինքն, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի շրջափակումը եւ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը», ասաց Շուգարյանը:

Փոխարտգործնախարարը նկատում է, որ ցեղասպանության հարցը սփյուռքի եւ Հայաստանի համար ունի ընդհանուր նշանակություն, բայց տարբեր նրբերանգներ: «Նախ սփյուռքը ցեղասպանության հետեւանք է, եթե սփյուռքի համար ճանաչման խնդիրը պատմական արդարության վերականգնումն է, ապա Հայաստանի համար ցեղասպանության ճանաչումը, առաջին հերթին Թուրքիայի կողմից, անվտանգության, չկրկնվելու երաշխիք է: Ճիշտ է, մեզ համար պատմական արդարության վերականգնման խնդիրն էլ է կարեւոր: Ասում են, որ այսօրվա Թուրքիան տարբեր է: Իհարկե, տարբերություններ կան, բայց ի՞նչ է տեսնում մեր ժողովուրդն այսօրվա Թուրքիայի կողմից: Տեսնում է շրջափակում, տեսնում ենք, որ 20-րդ դարի վերջին եւ 21-րդ դարի սկզբին Թուրքիան իրականացնում է ագրեսիվ քաղաքականություն Հայաստանի նկատմամբ: Շրջափակումը պատերազմական ակցիա է»:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4