«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2004-11-03 | #196, 2004-11-04 | #197, 2004-11-05


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Համահայկական մի կառույց Վաշինգտոնի կենտրոնում

Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիրի հարցը տարիներ առաջ աշխույժ քննարկումների նյութ դառնալուց հետո բավական ժամանակ չէր արծարծվում արտասահմանի հայ մամուլի էջերում: Վերջերս «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի աշխատակազմից Ալին Գրիգորյանը թերթի հոկտեմբերի 23-ի համարում տեղեկացնում է, որ «ծրագիրն առաջ է գնում եւ դրամահավաքը շարունակվում է»:

Հայկական ազգային ինստիտուտի (ՀԱԻ) գործադիր տնօրեն Ռուբեն Ադալյանը բացատրել է, որ իր ղեկավարած հաստատությունը դարձել է թանգարան-հուշահամալիրի համար դրամական նպաստներ հանգանակող մասնաճյուղ եւ գործադրված ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել ծրագրի հնարավոր արժեքի (100 մլն դոլար) մեկ երրորդը: Առաջին նվիրատուն 1996 թ. եղել է Անուշ Մաթեւոսյանը, որը խոստանալով 3 մլն, հետագայում նվիրել է 3,5 մլն դոլար: Նրան հետեւել է Ջերարդ Քաֆեսճյանը, որը մինչ օրս 15 մլն է տրամադրել ծրագրի իրականացման համար: Հրայր Հովնանյանը միացել է նրանցՙ 5 մլն դոլարով: Այլ նվիրատուների թվում են Սարգիս Քեչեջյանը (Տեխաս), Նշան Քեչեջյանը (Մասաչուսեթս) եւ Ջեյմս Քեշիշյանը: «Նման հնարավորություն բաց թողնելն անհասկանալի կլիներ: Ամերիկահայ համայնքի յուրաքանչյուր անդամ վստահ է, որ ծրագիրը հաջողությամբ կպսակվի», նշել է Ադալյանըՙ ավելացնելով, որ թանգարանը կդառնա նշանակալի նյութերի եւ աղբյուրների հարուստ գրապահոց:

Ադալյանը հեղինակել եւ խմբագրել է բազմաթիվ գրքեր Հայոց ցեղասպանության մասին: Դասավանդել է Ջոն Հոփկինս եւ Ջորջթաուն համալսարաններում: Պատմության գծով դոկտորական է պաշտպանել Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանում:

Թանգարանը, որ գտնվում է Վաշինգտոնի 14-րդ եւ «Գ» փողոցների անկյունում, նախկինում եղել է Ազգային բանկի շենքը: Շատ մոտիկ է Սպիտակ տանը: Ադալյանը լրագրողի հետ զրույցում ձեռնպահ է մնացել թանգարանի վերջնական տեսքի վերաբերյալ կոնկրետ ժամկետներ նշելուց, բայց առաջնահերթ է համարել բարձրորակ ճարտարապետի ընտրության հարցը: 90 դիմում է ստացվել, սակայն որոշումը կայացնող վարչության անդամները բծախնդրությամբ են մոտենում խնդրինՙ ցանկանալով ընտրել մեկին, ով կկարողանա ամերիկյան թանգարանների ճարտարապետական արտաքին առանձնահատկությունները պահպանելով ներսում ստեղծել համապատասխան հայկական մթնոլորտ, որ հարիր լինի հայոց պատմությանն ընդհանրապես եւ Հայոց ցեղասպանությանը մասնավորապես: Ակնկալվում է, որ տարեկան քառորդ միլիոն մարդ կայցելի թանգարան, որը բացի ցուցասրահներից, ունենալու է նաեւ կոնֆերանսների դահլիճներ եւ ուսումնասիրությունների կենտրոններ: Հայկական ազգային ինստիտուտի գլխավոր մասնաշենքը նույնպես կտեղավորվի այնտեղ եւ, բացի իր ներկա առաքելությունից, կծավալի նաեւ հետազոտական աշխատանքներ:

«Թանգարանն իրոք դառնալու է համահայկական կենտրոն: Ցուցանմուշների հավաքման գործում վստահ ենք, որ կմասնակցեն բոլորը», հավատացած է դոկտ. Ռուբեն Ադալյանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4