«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2004-11-03 | #196, 2004-11-04 | #197, 2004-11-05


ԿՈՒԲԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է Ջ. ԳՈՒԱՅՏԱՅԻ «1700-ԱՄՅԱ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ...» ԳԻՐՔԸ

Կրասնոդարի երկրամասի գլխավոր բուհումՙ Կուբանի պետհամալսարանում հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Ջովաննի Գուայտայի «1700-ամյա հավատարմություն: Հայաստանի եւ իր եկեղեցու պատմությունը» գրքի շնորհանդեսը: Դրա նախաձեռնողներն էին Կրասնոդարի հայկական եկեղեցին եւ Ռուսաստանի հայերի միության Պաշկովի բաժանմունքը: Միջոցառումն անցկացրել է հոգեւոր հովիվ Դանիել քհն. Կուկույանը, որը նաեւ հիշյալ պետհամալսարանի դասախոս է:

Գրող, պատմաբան, արեւելյան քրիստոնեության մասնագետ Ջ. Գուայտան լայն համբավ է ձեռք բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Ֆրանսերեն գրված նրա հիշյալ աշխատությունը թարգմանվել է հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ իտալերեն, քանիցս վերահրատարակվել է:

Կուբանի պետհամալսարանի ընթերցասրահում հավաքված տարբեր ազգությունների հարյուրավոր ուսանողներ եւ դասախոսներ անթաքույց ուշադրությամբ ունկնդրել են գրքի հատվածների ընթերցումը եւ հայ հոգեւորականի մեկնաբանությունները: Վերջում տեր Դանիելը գիրքը հանդիսավորապես հանձնել է համալսարանի գրադարանին:

Կասկած չկա, որ աշխատությունը Կուբանում կնպաստի Ռուսաստանի ռազմավարական դաշնակից հայերի եւ Հայաստանի հանդեպ դրական վերաբերմունքի ձեւավորմանը: Անուրանալի է ՌՀՄ Պաշկովի բաժանմունքի ակտիվիստների դերը: Դա Կրասնոդարի երկրամասում առավել արդյունավետ գործող ՌՀՄ բաժանմունքներից մեկն է: Միայն 2004 թ. երկրորդ կիսամյակում բաժանմունքն անցկացրել է երեք տասնյակ ձեռնարկում ու միջոցառում:

Հատկապես կարելի է ընդգծել Բեսլանի ողբերգությունից հետո օսական համայնքին հատկացված օգնությունը, կանոնավորապես անցկացվող պոեզիայի երեկույթները, ինչպես նաեւ ամենօրյա հսկայական աշխատանքըՙ երեխաներին հայոց լեզվի եւ պատմության դասավանդումը, հայրենակիցներին ցույց տրվող իրավաբանական օգնությունը եւ այլն:

ՎԻԿՏՈՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ, Կրասնոդար


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4