Նշեցին հարկային ծառայության ղեկավարները
Հարկային համակարգի խնդիրներին էր նվիրված հարկային ծառայության պետի տեղակալներ Արմեն Ալավերդյանի եւ Արթուր Օսիկյանի հանդիպումը լրագրողների հետ Մամուլի ազգային ակումբում: Արմեն Ալավերդյանը նախ համառոտ ներկայացրեց համակարգի կառուցվածքը, ապա անդրադարձավ այս տարվա հարկային մուտքերի կատարման ընթացքին: Մասնավորապես այս տարի նախատեսված 258 մլրդ դրամ հարկային մուտքերն, ըստ ծառայության պետի տեղակալի, կգերակատարվեն առնվազն 2 մլրդ դրամով:
Պատասխանելով լրագրողների հարցերին, բանախոսները ներկայացրին ծառայության տեսակետները ոլորտին առնչվող հիմնախնդիրների նկատմամբ: Ավելացված արժեքի հարկն իջեցնելու (ինչը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում) հնարավորության հարցին Արմեն Ալավերդյանը պատասխանեց, որ Ռուսաստանում այդ հարկատեսակի նվազեցման հետեւանքով մուտքերի իջեցումը փոխհատուցվել է այլ հարկատեսակների միջոցով: Եթե մենք էլ դա կարողանայինք անել, ապա հնարավոր կլիներ մտածել նվազեցման մասին: Սակայն ելույթ ունեցողը հավաստիացրեց, որ հարկային բեռը Հայաստանում բարձր չէ եւ բիզնեսի զարգացման խոչընդոտ չէ: Խնդիրն այստեղ հարկային պարտավորությունների կատարումից խուսափելն է: Այլապես ինչպես բացատրել, որ շահութահարկի նվազեցումը 30 տոկոսից մինչեւ 20 տոկոս այդ հարկատեսակի գծով մուտքերը չավելացրեց: Այդ հանգամանքն էլ պատճառ է այն բանի, որ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատմամբ հարկերը կազմում են 15 տոկոս: Այդ ցուցանիշով աշխարհում միջինից էլ ցածր տեղում ենք: Մինչդեռ պետք է ձգտենք հասնել, որ ՀՆԱ-ի նկատմամբ հարկերը կազմեն 20 տոկոս:
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների մասին» օրենքի ընդունումն Արմեն Ալավերդյանը միայն հարկային հսկողության հարց չի համարում: Դա նաեւ սպառողների շահերի պաշտպանության եւ հավասար մրցակցային ու հարկային դաշտ ապահովելու հարց է: Հսկիչ-դրամարկղային մեքենաներ ներդրվել են ոչ միայն զարգացած, այլեւ ԱՊՀ եւ շուկայական տնտեսություն ունեցող այլ երկրներում: Դրանք եղել են անգամ Խորհրդային Միությունում: ՀԴՄ-ները պետք է մինչեւ 2010 թ-ը ներդրվեն առեւտրի եւ սպասարկման ոլորտների բոլոր տնտեսվարողների մոտ: Կառավարությունն այդ օրինագիծը վերստին քննարկել է եւ ճանաչել որպես անհետաձգելի լուծում պահանջող հարց: Այն կրկին պետք է ներկայացվի Ազգային ժողով եւ, հարկային ծառայության պետի տեղակալի հավաստմամբ, ամենայն հավանականությամբ դրական լուծում կստանա:
Պետբյուջեի մուտքերը գլխավորապես փոքր եւ միջին, թե՞ խոշոր բիզնեսի հաշվին են լցվում հարցի առնչությամբ Արմեն Ալավերդյանը հետեւյալ ցուցանիշները ներկայացրեցՙ 400 խոշոր հարկատուների վճարած հարկերը կազմում են պետբյուջեի հարկային մուտքերի մոտ 60 տոկոսը, այսինքն ավելի քան 90 մլրդ դրամ: Իսկ 20 հազար պարզեցված հարկ վճարող փոքր ձեռնարկատերերը պետք է տարեկան վճարեն մոտ 6,5 մլրդ դրամ կամ ընդամենը ամսական 50-55 դոլարին մոտ գումար: Այդուհանդերձ, նշվեց, որ կան ոլորտներ, որտեղ հարկային մուտքերի ակնկալիքներն ավելի են, քան վճարվում են: Դրանք են հացամթերքի ոլորտըՙ սկսած հացահատիկի ներմուծումից մինչեւ հացի արտադրություն, ծառայությունները, տրանսպորտը, բնակարանային շինարարությունը, նորագույն տեխնոլոգիաները եւ այլն: Դրա պատճառն այն է, որ շատ հաճախ հնարավոր չի լինում որոշել, թե որքան են մատուցված ծառայությունների ծավալը եւ գները:
Անդրադառնալով հարկային ոլորտում առկա իրավախախտումներին, հարկային ծառայության պետի մյուս տեղակալըՙ Արթուր Օսիկյանը տեղեկացրեց, որ դրանց մեջ գերակշռում են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը, հարկային հաշվետվություններ չներկայացնելը, եկամուտները թաքցնելը եւ այլն: Մասնավորապես հարկերից խուսափելն ամբողջ իրավախախտումների մոտ 40 տոկոսն է կազմում, ինչը պատկերացում է տալիս, թե որքանով են իրականությանը համապատասխանում մեր գործարարների «հավաստիացումները», որ իրենք բարձր հարկեր են վճարում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ