«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2004-11-03 | #196, 2004-11-04 | #197, 2004-11-05


200 ՍԱՏԱՆԱՅԱՊԱՇՏՆԵՐ ԻՐԵՆՑ ՏՈՆԸ ՆՇԵԼ ԵՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Սատանայապաշտական աղանդի մասին նախորդ ուրբաթ օրվա մեր հրապարակումից հետո խմբագրություն այցելեցին մարդիկ, որոնք ահա թե ինչ պատմեցին: Հոկտեմբերի 30-ին նրանք գնացել են երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի համերգին, որ տեղի է ունեցել Հայաստանի ժուռնալիստի տան շենքում: Համերգն ավարտվել է գիշերվա ժամը 24,30-01:00-ի միջակայքում: Այդ ժամին տուն դառնալիս, Նալբանդյան փողոցի նկուղային հարկում գտնվող մի գինետան մոտ հանդիպում են տարօրինակ հագուստներով, ոտքից գլուխ սեւ հագած, աչքերի տակ շերտ-շերտ սեւ ներկած, գլխներին կարմիր եղջյուրիկներով մարդկանց խմբի: Իհարկե, վախենում են, եւ աշխատում արագ հեռանալ:

Նրանց պատմածը մեզ դրդեց այցելել հիշատակված գինետունըՙ ինչ-ինչ պարզաբանումներ ստանալու հույսով:

Գինետան աշխատակիցներից մեկը, որի ոչ պաշտոնը, ոչ անունն իր իսկ խնդրանքով չենք հրապարակում, մեզ պատմեց, թե հոկտեմբերի 31-ի գիշերը սատանայապաշտներն ինչպես են տոնել իրենց գլխավոր տոնը` հելոինը: Ասաց, որ այդ օրն իրենք սպասարկել են 200 մարդու: Նրանք այստեղ են եկել «դիմակահանդեսային» հագուստով, եւ մինչեւ լույս զվարճացել են, որովհետեւ «հելոինը ուրախության տոն է, իսկ այդ օրը հոյակապ էր կազմակերպված»: Այդ օրը արտասահմանից էլ շատ հյուրեր են եղել, ամերիկացիներ ու եվրոպացիներ: Այլ մանրամասներ նա չհաղորդեց:

Նկուղային այս գինետունը նրանց սիրած հավաքատեղին է, ուր այցելում են գիշերվա ժամը 22:00-23:00-ի մոտերը: Նրանց այստեղ մշտական հաճախորդ ու յուրային են համարում:

Ի դեպ, մեզ հետ զրուցող աշխատակիցն ինքը սիրով պաշտպանում էր այս «հավատքի» սպասավորներին մեր հարցուփորձից, համոզված, որ այն աղանդ չէ, այլ հին կրոնների մնացորդային նույնպիսի արտահայտություն, ինչպես օրինակ, վարդավառը` հեթանոսության: Իսկ ո՞ր կրոնի մնացուկն է հելոինը, այդ մասին արդեն սատանիստների հավատավոր պաշտպանը չգիտեր:

Մենք նրան խորհուրդ տվեցինք մտնել ինտերնետ եւ փոքր-ինչ տեղեկություն քաղել հելոինի եւ սատանիստների մասին: Պարզվեց, որ այդ սայթերի մասին նա մեզնից լավ գիտեր:

Ս. Մ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4