Ադրբեջանում հայ գերիներ են պահվում ադրբեջանական անուններով
ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունը հանդես է եկել դիմում-հայտարարությամբ` ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին:
Դիմումի մեջ հիշյալ կազմակերպության վարչության խորհուրդը, բարձր գնահատելով Մինսկի խմբի գործունեությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում, միաժամանակ մտահոգություն է հայտնում պատերազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած անձանց, գերի ընկած զինծառայողների, պատանդ վերցված քաղաքացիների ճակատագրի պարզման, ինչպես նաեւ զոհվածների, մահացածների թաղման անհայտ վայրերի հայտնաբերման ու հետազոտման, աճյունների իսկության ճշտման եւ վերահուղարկավորման հիմնահարցերը դեռեւս սպառիչ լուծում չստանալու կապակցությամբ:
Այս առնչությամբ խորհուրդը նաեւ ափսոսանք է հայտնում, որ ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, որն իր բոլոր պարտավորությունները կատարում է պատշաճ կերպով, Ադրբեջանի իշխանությունները ցուցաբերելով հակառակ մոտեցում` շարունակում են քաղաքական շահարկումները հարցի շուրջ` հրաժարվելով ղարաբաղյան կողմի հետ որեւէ համագործակցություն ծավալելուց:
ԱԿԱՀՄ վարչության խորհուրդը նշում է, որ հավաստի աղբյուրներից ստացված տվյալներ ունի ներկայումս Ադրբեջանի արգելափակման վայրերում, մասնավորապես զորամասերում, պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց պատանդառության մասին, որոնց թվում կան նաեւ ղարաբաղցիներ: Ըստ նույն աղբյուրների, հայազգի ռազմագերիներին ու պատանդներին այդտեղ պահում են ադրբեջանական ծագում ունեցող անուն-ազգանունների տակ` սպառնալով չբացահայտել իրենց ինքնությունը տեսչական առաքելությամբ միջազգային դիտորդների այցելությունների ժամանակ: Հայ գերիներն ու պատանդները, համաձայն հիշյալ դիմում-հայտարարության, պարբերաբար ենթարկվում են խոշտանգումների ու կտտանքների: Չդիմանալով այդ ամենին, նրանց մի մասը մահացել է եւ որեւէ թվային նշանի տակ թաղվել բանտային գերեզմանոցներում:
Նշելով այս տվյալների մասին, ԱԿԱՀՄ վարչության խորհուրդը կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին եւ ԿԽՄԿ նախագահին` անհապաղ միջամտել Ադրբեջանի արգելափակման վայրերում դեռեւս ողջ մնացած հայազգի ռազմագերիներին ու պատանդներին ազատ արձակելու հարցում, միեւնույն ժամանակ հիշատակելով, որ Ադրբեջանի Հանրապետությունը եւս ստորագրել է Ժնեւյան համաձայնագրերն ու դրանց լրացուցիչ արձանագրությունները եւ պարտավոր է կատարել դրանց պահանջները: Նույն տեքստում նաեւ նշվում է, որ ղարաբաղյան կողմը պատրաստակամ է մարդասիրական հարցի շուրջ ցանկացած գործընթաց սկսելու, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող անհայտ թաղման վայրերի հայտնաբերման, հետազոտման, աճյունների իսկության պարզման եւ վերահուղարկավորման գործում:
Ադրբեջանի ընդառաջող քայլը կնպաստի հակամարտության կարգավորման գործընթացին, համոզմունք է հայտնում ԱԿԱՀՄ վարչության խորհուրդը:
ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունը առաջին անգամ չէ հրապարակավ հանդես գալիս նման մտահոգություններով, սակայն դրանք միշտ էլ Ադրբեջանի կողմից բացարձակ անուշադրության են մատնվել:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ