Նոյեմբերի 13-15-ը պաշտոնական այցով Երեւան է ժամանում Էստոնիայի նախագահ Առնոլդ Ռյույթելը: Այցի նախօրեին էստոնական մամուլին տված հարցազրույցում Եվրոմիությանն անդամ երկրի նախագահն ասել է, որ իր այցը Հայաստան պետք է դիտարկել եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում եւ նկատել է, որ Հայաստանում ռուսամետ տրամադրությունները բարդ տնտեսական եւ քաղաքական իրավիճակի հետեւանք են:
Ըստ «Մեդիամաքսի», Էստոնիայի արտաքին գործերի նախարար Կրիստինա Օյուլանդն իր հերթին ասել է, որ «Հայաստանը մի երկիր է, որտեղ կան ուժեր, որոնք ավելի շատ ուշադրություն են ակնկալում Եվրոմիության երկրներից»: «Ես չեմ կարող ասել, թե մեզ չի հետաքրքրում Հայաստանի ապագան», ասել է Օյուլանդը:
«Չնայած արտաքին քաղաքական հարցերում Հայաստանը խստորեն հետեւում է Մոսկվային, Էստոնիայի նախագահի թիմը չի կարծում, որ այդ հանգամանքը պետք է դիտարկել իբր համագործակցությունից խուսափելու պատճառ», գրում է էստոնական մամուլը:
Նկատենք, որ Խորհրդային Միությունից անջատվելուց հետո սա Էստոնիայի նախագահի առաջին այցն է Հայաստան: 2002 թ. հունիսին պաշտոնական այցով Էստոնիա, Լատվիա եւ Լիտվա էր մեկնել նախագահ Ռոբերտ Քոչարյանը: