Ադրբեջանում Մ. Նահանգների «Էքսոն-մոբիլ» նավթարդյունաբերական ընկերության հույսերը հօդս են ցնդել. առաջին փորված նավթահորը առեւտրական տեսակետից բավարար պաշարներ չի պարունակել: Այս մասին է հաղորդում «Արմինյն միրոր սփեքթեյթր» թերթըՙ հենվելով Ռոյթեր գործակալության լրատվության վրա:
«Բավարար պաշարներ չգտնելով, որոշեցինք փակել Զաֆար-Մաշալի նավթահորը», տեղեկացրել է «Էքսոնի» խոսնակ Լեյլա Ռզակուլիեւան, ավելացնելով, որ առայժմ վաղաժամ է խոսել ուրիշ նավթահորեր փորելու մասին:
Զաֆար-Մաշալի նավթահորն ամենախորն էր Կասպիականում եւ, ըստ ադրբեջանցի երկրաբանների, նաեւ ամենաթանկըՙ ավելի քան 100 մլն դոլար էր նստել «Էքսոնի» վրա: Ընկերությունն այդ երեք միլիարդանոց ծրագրի արտասահմանյան գործընկերներից գլխավորն էր, որը հույս ուներ 30 տոկոսի շահույթ ստանալ: Մյուս ընկերությունը «Կոնոկուֆիլիպսն» է (դարձյալ ամերիկյան), որն ակնկալում է 20 տոկոսի շահույթ: Իսկ մնացած 50 տոկոսը պետք է գնա պետական (ադրբեջանական) «Սոկար» ֆիրմային: