Ամերիկյան Բրուքինքսի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆիոնա Հիլը կարծում է, որ Հարավային Կովկասում գոյություն չունի ընդհանուր օրակարգ, որը կարող է նպաստել տարածաշրջանի երկրների համատեղ զարգացմանը, հաղորդում է «Մեդիամաքսը»: «Կովկասում բոլոր տարածաշրջանային երկրներն ընդամենն իրենց սեփական խաղն են տանում: Շատ հետաքրքրական է համեմատել Կովկասը բալթյան երկրների հետ, որտեղ ընթացել եւ ընթանում են նույն բանավեճերը, ինչը Կովկասումՙ Եվրոպային ինտեգրվելու, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին եւ այլն: Բալթյան երկրները հաջողությամբ լուծեցին այդ խնդիրները, քանի որ գործում էին համատեղ: Նրանք կարողացան ձեւակերպել ընդհանուր նպատակներ, չնայած դա հեշտ չէր: Այդ երկրները շատ տարբեր են իրարից, յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ պատմությունը: Բալթյան հանրապետություններն ընդհանուր պատկերացում ունեն Ռուսաստանիՙ որպես սպառնալիքի մասին, ինչը թույլ տվեց համախմբվել Լատվիային, Լիտվային եւ Էստոնիային», նշել է Հիլը:
«Կովկասում ամեն բան այլ է: Չկա ընդհանուր օրակարգ, որը կարող էր նպաստել տարածաշրջանի երկրների համատեղ զարգացմանը: Առանցքային հարցը նրանց միջեւ փոխգործակցության բացակայությունն է: Ես համոզված չեմ, որ Վրաստանը կարող է կատարել տարածաշրջանի երկրներն իրար կապող «կամրջի» դերը, քանի որ Հայաստանը եւ Ադրբեջանը բացասաբար են գնահատում Վրաստանի դերը: Ներկայումս մենք ականատեսն ենք երեք հանրապետությունների միջեւ մրցակցության, ընդ որում այն տեղի է ունենում ոչ միայն տարածաշրջանի շրջանակներում, այլեւ Փարիզում, Լոնդոնում, Մոսկվայում եւ Վաշինգտոնում», ասել է Հիլը: