Մի քանի օր առաջ «Ազգ» օրաթերթում, իսկ երեկ նաեւ «Առավոտում» «Ազատական առաջադիմական» կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն արել է հայտարարություններ, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ գոնե այն պատճառով, որ խեղաթյուրվում են փաստերը: Խնդիրը հայացքների եւ կողմնորոշումների մասին չէ. յուրաքանչյուր քաղաքական գործիչ կարող է տարբեր արժեքներ դավանել: Օրինակ, նույն Հովհաննես Հովհաննիսյանը, որը ժամանակին եղել է հավատացյալ կոմունիստ, նույնքան հավատացյալ ռամկավար (լիբերալ-դեմոկրատ), ապա, բնականաբար, հհշական (քանի որ ՀՀՇ-ն էր իշխող կուսակցությունը), ՀՀՇ-ից հետո մի քանի տարի համագործակցում էր գործող իշխանությունների հետ: Այսօր նա «Ազատական առաջադիմական» կուսակցության նախագահն է, քանի որ Քոչարյանի վարչախմբում չգտավ իր տեղը:
Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տարածաշրջանային ացը, Հովհաննիսյանը նշում է, որ «պրն Սխեֆերը Վրաստանում եւ Ադրբեջանում գիշերեցՙ այդ երկրների քաղաքական ղեկավարության հետ քննարկումներին ավելի շատ ժամանակ տրամադրելով, իսկ Հայաստան եկավ մեկ ժամ ուշացումով, կես ժամ էլ շուտ մեկնեց: Այսինքնՙ դիվանագիտության լեզվով ասածՙ դա վերաբերմունք էր Հայաստանի նկատմամբ»:
Դիվանագիտության լեզուն թողնենք մի կողմ եւ փաստենք, որ Սխեֆերը Վրաստանում չի գիշերել: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի վերաբերմունքին, ապա ակնհայտ է, որ երբեւիցե Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններն այսքան բարձր մակարդակի վրա չեն եղել: Սխեֆերն այցի նախօրեին տված հարցազրույցում, ապա եւ Երեւանում բազմիցս կրկնեց, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները դինամիկ զարգանում են: Դրա ապացույցը, թերեւս, նաեւ այն է, որ Հայաստանն ադրեն ՆԱՏՕ-ում ունի դեսպան:
Վերջին շրջանում Հովհաննիսյանն անընդհատ կրկնում է, որ Հայաստանը պետք է դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ): Լա՛վ, եթե նա այդքան եվրոպական արժեքների կրողն է, ապա նախկինում, երբ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էր, ինչո՞ւ խորհրդարանում չէր դնում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու խնդիրը:
Որպես առաջադեմ գեոպոլիտիկ Հովհաննիսյանն անդրադարձել է նաեւ ԱՄՆ նախագահական ընտրություններին եւ կրկին թյուրիմացության մեջ գցել ընթերցողներին: Հիշեցնենք, որ ամերիկահայերը բոլորը չէ, որ քվեարկել են Քերիի օգտին: Զարմանալի է Հովհաննիսյանի տրամաբանությունը, երբ նա ասում է. «Այս անգամ մեր իշխանությունների (Հայաստանի-խմբ.) անհեռատեսության շնորհիվ, մեղմ ասած, անհարմար վիճակում հայտնվեցին բոլորը»: Ուրեմն, Հայաստանի իշխանությունները պիտի ազդեի՞ն ամերիկահայ կազմակերպությունների վրա: Լուրջ մարդիկ հակառակն են ասում, որ ամերիկահայ կազմակերպությունները լուրջ ազդեցություն ունեն Հայաստանի վրա:
«Այդպիսով Հայաստանն, իմ համոզմամբ, կորցրեց Բուշի ադմինիստրացիայի հետ երկխոսության հնարավորությունը», պնդում է Հովհաննիսյանը:
Մեր կողմից նկատենք, որ մի քանի օր առաջ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ԱՄՆ-ում արժանացավ (տեսՙ կողքի սյունակը) «Պատվո լեգեոն» մեդալի հայ-ամերիկյան պաշտպանական գերատեսչությունների միջեւ կայուն եւ կառուցողական կապերի հաստատման, ահաբեկչության դեմ պայքարի ակտիվ մասնակցության եւ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին ակտիվ մասնակցության համար:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ