«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2004-11-06 | #199, 2004-11-09 | #200, 2004-11-10


ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆՀԻՄՆ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Հավաստիության պատրանք ստեղծելու համար շահարկելով սփյուռքահայ գործիչների անունները

«Ազգը» նախորդ համարում, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության 2005 թ. պետական բյուջեի նախագծի թուրքական արձագանքներին, գրել էր. «Թեեւ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ոչ թե Հայոց ցեղասպանության փաստի պարտադրումն է Թուրքիային, այլ դրա միջազգային ճանաչումը եւ հարցն օրակարգից դուրս բերելու հետեւությունները որեւէ հիմք չունեն, այնուամենայնիվ, դրանք խիստ ոգեւորել են թուրքական թերթերին, որոնց օրինակին հետեւում են ադրբեջանականները»:

Որո՞նք են այդ հետեւությունները: Այն, որ Հայաստանի կառավարությունն, ի տարբերություն նախորդ տարիների, 2005 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման բյուջետային հատկացում չի արել, պետբյուջեի նախագծում ցեղասպանության մասին չի հիշատակում կամ էլ այնտեղ իբր նշվում է, թե «օսմանյան շրջանում իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչման պարտադրումը Թուրքիային ՀՀ կառավարության առաջնահերթություններից չէ, առաջնայինը թուրքական պետության հետ հարաբերությունների կարգավորումն է»:

Որքան էլ հետեւություններն անհիմն լինեն, նաեւ հակասական, միեւնույն է, թուրքական թերթերը շարունակում են ապակողմնորոշել միջազգային հանրությանը, թե Հայաստանը հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, երկրի արտաքին քաղաքականության օրակարգից դուրս է բերում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Նրանք միաժամանակ հարցի առնչությամբ համապատասխան ազդանշաններ են հաղորդում հայկական իշխանություններին:

Ըստ երեւույթին, ցեղասպանության հարցի առնչությամբ միջազգային հանրությանն ապակողմնորոշելը, ինչպես նաեւ Հայաստանին ազդանշաններ հաղորդելը թուրքական պետության շահագրգռությունների ոլորտում են, որ համանուն թերթերն անհիմն հետեւությունների հավաստիության պատրանք ստեղծելու նկրտումով շահարկում են սփյուռքահայ գործիչների անունները:

Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ «Հայաստանի հետ դեպի լավը...» խորագրով «Աքշամի» նոյեմբերի 9-ի համարում Գյուլեր Քյոմուրջու ստորագրությամբ հրապարակված հոդվածին: Հոդվածագիրը, ուղեւորվելով Ֆրանսիայի առափնյա քաղաքներից Նիցցա, տեղեկանում է, որ նոյեմբերի 6-7-ը Կաննում Իսրայելի հրեական համալսարանը «Իսլամն ու Արեւմուտքը» թեմայով միջազգային գիտաժողով է կազմակերպում: Գիտաժողովին պատրաստվում է զեկուցողի կարգավիճակով մասնակցել նաեւ Թուրքիայի նախկին պետնախարար Քեմալ Դերվիշը: «Ովքեր ասես եկել էին, գրում է նա, սկսած Մոսադի նախկին ղեկավարից, վերջացրած Վաշինգտոնի ամենագետ Ռիչարդ Պեռլով»:

Վերջին պահին Դերվիշը հրաժարվում է մասնակցել գիտաժողովին: Սակայն հոդվածագիրն այնտեղ հանդիպում է միջոցառման մասնակիցներից Ալեքսի Գյովջյանին եւ Սամսոն Օզարարատին: Մինչ հանդիպումը հոդվածագիրը հիշատակում է «Հայաստանի հետ բարդ հարաբերություններում կատարված պատմական քայլի» մասին, ապա եւ գրում. «Մեղմ քաղաքականության կողմնակից Տեր-Պետրոսյանից հետո Հայաստանում իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանը, որ սերտ հարաբերությունների մեջ է ազգայնական Դաշնակցություն կուսակցության, աշխարհի հայկական կազմակերպությունների եւ լոբբիների հետ, նախորդ օրը Թուրքիայի ուղղությամբ դրական քայլ կատարեց: Հայաստանի կառավարության 2005 թ. պետբյուջեի նախագծով, որը խորհրդարան է ներկայացվել, ի տարբերություն նախորդ տարիների, ցեղասպանության ճանաչման նպատակով հատկացում չի արվում: Դրանից մի քանի շաբաթ առաջ հայաստանյան իշխանությունները հայտարարել էին, որ ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար»:

Ինչ վերաբերում է հանդիպմանը, քանի որ Գյուլը Քյոմուրջուն հետաքրքրական տեղեկություններ է հայտնում Գյովջյանի եւ Օզարարատի մասին, ուստի հոդվածի այս հատվածը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Մինչ Հայաստանի կառավարությունը 2005 թ. պետբյուջեի նախագծով հարկ չէր համարում գեթ մեկ բառով տեղ հատկացնել ցեղասպանության ճանաչման քարոզարշավին, աշխարհի հայկական լոբբիները, օրինակ, Ֆրանսիայում գործող, արմատական դիրքորոշում են որդեգրել, ավելի շուտՙ որդեգրում էին:

Իմ զրուցակից Ալեքսի Գյովջյանը Ֆրանսիայում գործող հայկական լոբբիի առաջնորդն է (պրն Ալեքսին, մեկ այլ անունովՙ Գեւորգ Գյովջյանը, իրականում ծնունդով պոլսեցի է, մինչեւ 18 տարեկանը բնակվել է Ստամբուլում, եղել մեր քաղաքացին): Ֆրանսիայում ապրիլի 24-ի (հայտնի պնդումների) օրինականացումն ապահովողներին ինքն է գլխավորել: Չնայած դրան, մեր զրույցի ընթացքում նա Երեւանի վերոհիշյալ մեղմ քաղաքականությանը համահունչ արտահայտություններ արեց:

Պրն Գյովջյանի ներկայությամբ զրուցեցինք նաեւ Սամսոն Օզարարատի հետ: Նա 90-ական թթ. Ազգայնական շարժում կուսակցության հանգուցյալ նախագահ Ալփարսլան Թյուրքեշի ղեկավարությամբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ խնդիրների կարգավորմանը նպատակամղված հանդիպումներ էր ունենում եւ այդ ուղղությամբ քրտինք թափում Թյուրքեշի հետ: Պրն Սամսոնը երկար տարիներ Պետական պլանավորման կազմակերպությունում, ապա եւ մասնավոր սեկտորի «Սաբանջի գրուպում» ղեկավար պաշտոններ զբաղեցրած շրջանակներին քաջածանոթ անուն է: Օզարարատը սրտանց պաշտպանում է «Ցեղասպանության պնդումները հաղթահարելու եւ առեւտրի ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցություն» հաստատելու Թյուրքեշի տեսակետը եւ ցանկություն է հայտնում, որ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ սկսի Հայաստանի հետ: Հենց այդ պահին պրն Գյովջյանը նշում է, որ հանուն կառուցողական քաղաքականության միանում է Օզարարատի ցանկություններին, նույնիսկ պատրաստակամություն է հայտնում մասնակցելու այն միջոցառումներին, որոնք կկազմակերպվեն Թուրքիայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների նախաձեռնությամբ:

Վերադարձին Անկարայում, ինչպես ինձ ասաց հարցի «գիտակը», սպասում ենք դրական ազդանշանների: Շատ բարի, սակայն, ինչո՞ւ ենք զլանում Թյուրքեշի երբեմնի նախաձեռնությունը ժամանակի պահանջներին համապատասխան նոր դերակատարումներով արդիականացնել: Գուցե ամեն ինչ դեկտեմբերի 17-ից հետո՞ է լինելու»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4