«2005 թ. համար Հայաստանի պետական բյուջեի նախագծում արտաքին քաղաքականության բնագավառում բացակայում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Այդ կապակցությամբ լրատվամիջոցները, մասնավորապես թուրքական եւ ադրբեջանական մամուլը տարատեսակ մեկնաբանություններ են տարածում: Ի՞նչ բացատրություն կտայիք դրան»: Արմենպրես գործակալության այս հարցին պատասխանում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցով Հայաստանի քաղաքականության մեջ փոփոխություն չկա: Ցեղասպանության ճանաչման հարցը առաջվա պես շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, եւ այն չի վճռվում բյուջեի կամ, ավելի ճիշտ, բյուջեի նախագծին ուղեկցող կառավարության ուղերձի առանձին տողով:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միայն Հայաստանին եւ հայերին չի վերաբերում, դա համամարդկային հարց է եւ չի կարող տեղավորվել կամ տեղայնացվել որեւէ բյուջեի կամ նման այլ ֆինանսական հաշվարկների մեջ»: