Գտնում է «Ժողպատգամավորը»
Խորհրդարանական ընթացիկ եռօրյայի հերթական նիստում քվեարկությունների դրական արդյունքով երրորդ ընթերցում անցան աշխատանքային եւ ընտանեկան օրենսգրքերը: «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրինագծի քվեարկությունն էլ ձայները հետեւյալ կերպ բաշխեցՙ 78 կողմ, 11 դեմ, 0 ձեռնպահ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խումբը քվեարկությունից առաջ կողմնորոշվելու ժամանակ խնդրեց եւ 20 րոպեում որոշեց քվեարկել «ՀԴՄ-ների կիրառման մասին» օրենքի դեմ: Ժողպատգամավոր խմբի քարտուղար Վահրամ Բաղդասարյանի նման կողմնորոշումն ընդամենը քաղաքական արտահայտում է, որը «Ժողպատգամավոր» խումբն օգտագործել է նաեւ առաջներում: Ու չնայած ժողպատգամավորներն են հենց տնտեսական դաշտի հավասարեցման ջատագովները, սակայն չէին կարող համաձայնել առաջարկվող օրինագծին, քանի որ այն քաղաքակիրթ երկրներին վայել լինելով հանդերձ չի տեղայնացվել եւ Հայաստանի Հանրապետությունում պարզապես չի գործի, հավաստեց Վահրամ Բաղդասարյանը: Նա նաեւ հավելեց, որ զուր են լրատվամիջոցներն այս կողմնորոշման հենքում անձնական շահեր փնտրում ու գտնում, քանի որ դրանք իրականում չկան: Իսկ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը նախորդ քվեարկության ժամանակ ներկա էլ չի եղել, այլ պարզապես կարծիք է հայտնել: Կարեն Կարապետյանը գտնում է, որ «ՀԴՄ-ների կիրառման մասին» օրինագիծը տնտեսական դաշտի անհրաժեշտ հավասարություն չի ապահովում ոչ փուլային կիրառման, ոչ էլ գոտեւորված մոտեցումների հաշվին: Բացի այդ «Ժողպատգամավորը» գտնում է, որ երկրի տնտեսական, սոցիալական խնդիրներն ու հասարակության պատրաստակամությունն առայժմ թույլ չեն տա այս օրենքի կիրառումը եւ հարկավոր է ընտրել դրա համար հարմար ժամանակ:
Ն. Պ.