«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2004-11-06 | #199, 2004-11-09 | #200, 2004-11-10


ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՄԻ ԲՐՈՇՅՈՒՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԱՌԻԹՈՎ

Ընկերներիցս մեկը վերջերս մի բրոշյուր տվեց ինձ, որ կարդամ եւ իմ վերաբերմունքն արտահայտեմ: Բրոշյուրը վերնագրված էր «Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում»: Ըստ նշված տարեթվի, հրատարակված էր 2002 թ. օգոստոսին: Կազմողներն իրենց անվանել են «Համագործակցություն հանուն ժողովրդավարության միություն»: Բրոշյուրը բաղկացած է 30 էջից: Ունի պսպղուն շապիկ, գունավոր նկարներով: Շապիկի առաջին երեսի նկարում պատկերված են կոնֆերանսի մասնակից չորս անձնավորություններ: Հետեւի երեսում 3 լուսանկարներ են. մեկըՙ կազմակերպության նախագահինը, մյուսըՙ բրոշյուրի անգլերեն թարգմանչինը եւ երրորդըՙ խմբագրինը: Առաջին էջը վերապահված է խմբագրականին, որի վերջին նախադասությունը, ինչպես նաեւ բրոշյուրի վերջին էջում զետեղված մի հայտարարություն, նշում է, որ «Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում» ծրագիրը, ուրեմն նաեւ բրոշյուրի հրատարակումը հովանավորել է «Հայաստանի բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամը»: Անտեղյակների համար նշեմ, որ այդ «Օժանդակության հիմնադրամը» հիմնվել է Սորոս հաստատության միջոցներով:

Հակառակ ցանկությանս եւ գործադրած ջանքերիս, չկարողացա 16-րդ էջից այն կողմ կարդալ: Անգլերենն ամենագործածական (օտար) լեզուն չէ Հայաստանում, բայց ի սեր Աստծո, կարո՞ղ է մեկն ու մեկը բացատրել, թե ինչպես են մարդիկ համարձակվում գրել մի լեզվով, որից գլուխ չեն հանում կամ որի մասին գաղափար անգամ չունեն: Ավելին, ի՞նչ հույսեր են նրանք փայփայում, որ դրանով կկարողանան մարդկանց գրավել իրենց կողմը կամ ազդել նրանց վրա: Անգլերենով բրոշյուր հրատարակելու իմաստը ո՞րն է, երբ նպատակը հայ հասարակության շրջանում քարոզչություն տարածելն է: Նպատակը, ենթադրում եմ, Հայաստանում կրոնական հանդուրժողականությանը զարկ տալն է: Եվ եթե այդպես է, ի՞նչ նպատակ է հետապնդում անգլերենով հետամուտ լինել այդ վեհ գաղափարի իրագործմանը, այն էլ այդքան կցկտուր, անձեռնհաս եւ անճոռնի ձեւով:

Առաջ քաշելով այս հարցերը, թույլ տվեք անդրադառնալ բրոշյուրի լեզվի որակին: Սկզբից եւեթ ասեմ, որ լեզուն սոսկալի վատ է: Կարդացածս 16 էջերում չկա մի նախադասություն, որ ճիշտ լինի կամ իմաստ արտահայտի: Լեզվի ընտրությունն այդ գրքույկում ինձ համար մնում է հանելուկ:

Նյութն էլ լավ ուսումնասիրված չէ: Այնտեղ բացակայում են Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների եւ բնակվող փոքրամասնությունների վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններն ու փաստերը: Բրոշյուրը հավակնում է վերջին խոսքն ասել նախախորհրդային, խորհրդային եւ հետխորհրդային ժամանակաշրջաններում գոյություն ունեցող կրոնական կազմակերպությունների մասին, բայց ընթերցողն այդպես էլ հստակ չի պատկերացնում, թե, ի վերջո, քանի այդպիսի կազմակերպություններ իրականում գործում կամ գրանցված էին նշված ժամանակահատվածներում: Միեւնույն էջում մի տեղ նշված են Խորհրդային Միության փլուզումից առաջ գործող 9 այդպիսի կազմակերպությունների անունները, մեկ ուրիշ տեղՙ ավելի ներքեւ, մի քանի խրթին նախադասություններից հետոՙ «նախքան անկախությունը 14 կրոնական կամ աստվածային կազմակերպություններ գործում կամ գրանցված էին Հայաստանում»: Ուշադրություն դարձրեք նաեւ «աստվածային (divine) կազմակերպություններ» բառակապակցությանը եւ, Աստծո սիրուն, բացատրեք, թե ի՞նչ է դա: Ես անկարող եմ հասկանալ այդ արտահայտությունը: Լեզուն, ինչպես նշեցի, ոչ միայն սոսկալի վատ է, այլեւՙ անմիտ:

Բրոշյուրը միաժամանակ վիրավորական է հենց այն հաստատության համար, որին կոչված է ծառայելու կամ այն խմբին, որի հանդեպ հանդուրժողականություն պետք է դրսեւորվի: «7-րդ օրվա ադվենտիստների (գալստականների) եկեղեցու», «Ավետարանական եկեղեցու», «Հոգեգալստական (պենտեկոստական) եկեղեցու», «Հարե կրիշնայի», «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու» փոխարեն բրոշյուրի հեղինակները նրանց վիրավորական ձեւով անվանում են համապատասխանաբար «7-րդ օրվա եկեղեցու ադվենտիստներ», «Ավետարանային եկեղեցի», «Պենտեկոստներ», «Հարե կրիշնայի հետեւորդներ» եւ «Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի»:

Հեղինակները նաեւ տգետ են: Առանց տատանման, համոզվածությամբ նրանք խոսում են «Օսման կայսրության» մասին (1): Բրոշյուրը լի է «խղճի անկախության» (Liberty of conscience), «կարելի է պատմականորեն բաժանել», (can be conditionally divided), «որպես կանոն, նոր համայնքներն ակտիվորեն քարոզում են» (As a rule, new communities have been preaching actively), «Հայաստանում տեղի են ունեցել դատական նիստեր, որոնց կողմ(ից) են կրոնական համայնքներն ու կրոնական համայնքների անդամները» (in Armenia have taken place Court trials, which sides are religious Communities and members of religious communities), «փոխարինելով վիճող հարցերը դեպի դատարան» (replacing the disputing questions to the Court), «օրենքը մնում է իրական խնդիր» (Law remains the true to lif issue), «տնային գործունեության ոլորտը» (the field of houshold activities), «ժողովրդավարական ավանդույթների բացակայությունը խոչընդոտում է քաղաքացիական հասարակության կազմությանը» (absence of democratic traditions obstacle the formation of civil society) եւ այլ անհեթեթություններով: Նշեմ, որ այս մեջբերումների հարցում կանգ եմ առել 3-րդ էջում: Չկարողացա շարունակել:

Նախքան մի այլ թեմայի անցնելը, թույլ տվեք խոսել շապիկի վրա տեղ գտած կազմակերպության անվանման «գեղեցկության» մասին: «Անվանումն ի՞նչ կարեւոր է» հարցին պատասխանեմ. «Շատ է կարեւոր»: Անվանման ամենակարեւոր հատկանիշն է սեփական գոյի բացահայտումը, հատկապես երբ խոսքը վերաբերում է մի կազմակերպության: Մի պահ անտեսելով «համագործակցություն» (collaboration) բառի բացասական լրացուցիչ իմաստը, թույլ տվեք հարցնել, թե ով ո՞ւմ հետ, ի՞նչ գնով եւ վերջապես ի՞նչ նպատակով է համագործակցում: Մի՞թե չէին կարող ավելի դրական երանգ մտցնել իրենց անվանման մեջ, ընտրելով բառի նույնիմաստ, սակայն ավելի չեզոք մի տարբերակ, ինչպես, օրինակ, «cooperation»-ը: Ոչ, չէին կարող: Պետք է այդ անվանումը լիներ: Պետք է ապակու նման ջինջ ու հստակ բնորոշվեր իրենց գոյությունը: Չէ՞ որ խմբագրականում բազմիցս խոսվում է մի բան «կատարելու» մասին: Մարդ ի կատար է ածում ինչ-որ պատվեր, հրաման կամ պահանջ: Ո՞ւմ պատվերը, հրամանը կամ պահանջն է կատարում այս խմբակցությունը:

Վերադառնանք կազմակերպության անվանման խնդրինՙ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության միություն»: Մի կողմ թողնելով դրան առնչվող վերոնշյալ անպատասխան մնացած հարցերը, այն մասին, թե ով ո՞ւմ հետ է համագործակցում, մի միություն ինչ-որ մեկի հետ հանուն ժողովրդավարությա՞ն, թե՞ ինչ-որ մեկը ժողովրդավարությանն է միանում, համագործակցելով ուրիշների հետ, ես պարզապես ցանկանում եմ նշել, որ այդ անվանումը հրաշալի հայտնագործություն է, երեք գոյականով եւ մեկ նախդիրով ստանալ մի նախադասություն եւ արտահայտել ինչ-որ մի իմաստ: Տրամաբանությունը հետեւյալն է. բառերը կողք-կողքի դնելով ստանալ «իմաստալից» մի նախադասություն: Եվ այս տգետ մարդկանց է վստահված հայ ժողովրդի կարեւորագույն խնդիրների առաջնահերթությունը վերափոխելու պարտականությունը:

Նրանք, ովքեր հովանավորել են այս կազմակերպությանըՙ նախ «հետազոտելու», ապա եւ հրատարակելու սույն բրոշյուրը, ակներեւաբար իրենց մտքում ունեցել են հայաստանյան մի քանի թերթերին վարկաբեկելու որոշակի նպատակ: Այդ է եղել պահանջը: Իսկ առիթը դատական մի գործՙ աղանդներից մեկի «քարոզչի» սխալ արարքի վերաբերյալ, որն, ըստ երեւույթին, որոշ թերթեր մեկնաբանել են կազմակերպության հովանավորողների սպասումներին հակառակ: Ինչպիսի՜ համարձակություն: Պետք է նրանց դաս տալ: Եվ այդպես բրոշյուրում թերթերը դարձել են սուր քննադատության թիրախ:

Բրոշյուրը կազմողները փորձել են անհաջող կերպով ինչ-որ մի շարժում առաջացնել, մի թեմայից մյուսին անցնելով, չպատճառաբանված մեղադրանքներ տեղալով նշված թերթերի վրա եւ դրանց արանքում չմոռանալով հիշատակել նաեւ Հայ առաքելական եկեղեցու համաշխարհային ներքին երկփեղկվածության մասին: Մարտավարությունը հստակ է: Մարդկանց շփոթության մատնել, նվազեցնել հակառակորդի արժանիքները: Ի վերջո, հովանավորողների մտքում իսկական մեղավորը Հայաստանյայց առաքելական եկեղեցին է, որին պետք է ջախջախել եւ ընկճել:

Այդպես չէ, պրն Սորոս: Դուք սովոր եք ձեր ցանկացածը ձեր ձեւով կատարելու, ձեր այսպես կոչված «հաստատությունների» կամ նման կառույցների կործանարար բարեգործությունների միջոցով, երկրների խաղաղությունը խախտելու եւ հասարակությունը քայքայելու միջոցով:

Ըստ երեւույթին, ձեր ախորժակը սրվել է Հայաստանի մերձակայքում ձեր այնքան հեշտությամբ ձեռք բերած նորագույն նվաճումների հետեւանքով:

Սիրելիներ, դուք պետք է որոշեք այժմ արժանի հակահարված տալ այս նոր սպառնալիքին: Սկզբունքներին չդավաճանելու եւ վճռական լինելու շնորհիվ դուք կարողացել եք վերապրել հակառակ ամեն դժվարությունների եւ խոչընդոտների: Հուսով եմ, ձեր բնավորության այդ աստվածատուր գծերը չեն ամլացել եւ Հայաստանի ներկա պայմաններում անգամ, դուք ձեր մեջ ուժ եւ միջոցներ կգտնեք դեմ կանգնելու այս նոր սպառնալիքին:

ՓԱՌԷՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ

«Ազգի» խմբագրության կողմից ավելացնենք, որ բրոշյուրում սխալ են գրված նաեւ մի շարք հայկական թերթերի անվանումները, օրինակ, «Hajots ashkhar», «Hajkakan zhamanak», «Iravunk», «Erkrapah», որոնք դարձել են «Հաջոց աշխարհ», «Հաջկական ժամանակ», «Իրավանք» եւ «Էրկրապահ», նաեւ «Karabakh» (Ղարաբախ) Tiran Kjurehyan (Տիրան Քջուրեհյան), Ghazaros Kjureghyan (Ղազարոս Քջուրեղյան) անունները: Իսկ Մայր աթոռը պարզապես անգլերենում էլ մնացել է «Mair ator», փոխանակ թարգմանվելու «Holy see» բառերով:

Ավելացնենք նաեւ, որ հոդվածագիրը, նպատակ ունենալով իր խոսքն ավելի շատ հասցեագրելու Բաց հասարակության ինստիտուտին, հոդվածը գրել է անգլերեն, որը թարգմանաբար ներկայացրել ենք արեւելահայերենով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4