«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2004-11-06 | #199, 2004-11-09 | #200, 2004-11-10


ՇԻՐԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՀԱՅԱԳԵՏՆԵՐԻՆ

Գյումրու 6-րդ հանրապետական գիտաժողովից

Վերջին մեկ տասնամյակի ընթացքում Գյումրին, Շիրակը դարձել են հայագիտության զարգացման երկրորդ կարեւոր կենտրոնը հանրապետությունում: Բացի պատմագավառի բազմադարյա հարուստ նյութական ու հոգեւոր մշակույթի ներկայացրած անանց հետաքրքրությունից, դա նաեւ պայմանավորված է տարիների ընթացքում տեղում բավական լուրջ մասնագիտական ներուժի ձեւավորմամբ ու հետազոտությունների մակարդակով, շիրակագիտության խթանման ուղղությամբ երկրի առաջատար հայագիտական օջախների հետ հաստատված օրինակելի համագործակցությամբ: Դրանում կարեւոր դեր են կատարում 1994 թվականից ի վեր Գյումրիում երկու տարին մեկ գումարվողՙ Շիրակի պատմամշակութային ժառանգությանը նվիրված հանրապետական եռօրյա գիտաժողովները, որտեղ ամփոփվում են այդ ժառանգության բազմակողմ ուսումնասիրությունների արդյունքները, ուրվագծվում ոլորտի հետագա խնդիրներն ու հետաքրքրությունները: Որոշ ժամանակից ի վեր այդ գիտական նստաշրջանների կազմակերպիչը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնն է, որը 1997 թվականից ստեղծվել եւ գործում էր որպես ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի մասնաճյուղ, իսկ այս տարվա սկզբից ստացել է ինքնուրույն միավորի կարգավիճակ:

Օրերս տեղի ունեցած հերթականՙ 6-րդ գիտաժողովում, որի բացման մասին «Ազգը» տեղեկացրել է, ոլորտի նորագույն ուսումնասիրությունների վերաբերյալ գիտական զեկուցումներով ներկայացված էին ՀԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության, Արվեստի, Լեզվի ինստիտուտները եւ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, Երեւանի պետական համալսարանը, Գյումրու մանկավարժական ինստիտուտը եւ արվեստի բուհերի տեղի մասնաճյուղերը, Մաշտոցի անվան Մատենադարանը, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը, Շիրակի երկրագիտական, «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց թանգարանները: Առաջին լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին եւ ընթացան երկու մասնաճյուղերում:

Շիրակի երկրագիտական թանգարանի հնագիտական արշավախումբն այս տարի պեղումներ է սկսել մարզի Աշոցքի տարածաշրջանում ավելի վաղ հայտնաբերվածՙ Սեպասարի վաղ բրոնզի դարի բնակավայրում: Այս մասին գիտաժողովի հնագիտության, պատմության, վիմագրության եւ մարդաբանության մասնաճյուղում թանգարանի գիտաշխատող Լարիսա Եգանյանի ներկայացրած զեկուցման տվյալներովՙ հնավայրի տարածքից հավաքված խեցեղենի բեկորները եւ մի հատվածով պահպանված ուղղանկյուն կացարանը վերաբերում են մ. թ. ա. III հազարամյակին, իսկ հուշարձանի ամբողջ տարածքն ընդհանուր առմամբ ընդգրկում է վաղ բրոնզի եւ ուշ միջնադարի ժամանակահատվածները: Լ. Եգանյանի եւ Համազասպ Խաչատրյանի մեկ այլ ուսումնասիրությունը վերաբերում էր անտիկ Շիրակի խոփերի խնդրին, որոնք, հեղինակների դիտարկմամբ, երկաթի փոխարեն հավանաբար եղել են այլ նյութից, օրինակՙ քարից: Որպես այդպիսիք ներկայացվեցին Բենիամինի անտիկ բնակավայրի պեղումներից գտնված երկու քարե իրեր:

Հետաքրքրական նյութ պարունակող գիտական վերլուծություններ էին բրոնզի դարի մի հորինվածքի պարզաբանման շուրջ Լեւոն Աբրահամյանի, Արեւի աստծու քաղաքի եւ նրա մակդիրների, Վանա աստվածությունների երկրորդ (Խուտուինի-Ավի) զույգի մասին Սարգիս Պետրոսյանի, Երվանդյան մայրաքաղաքի հիմնարկեքի (Երվանդակերտըՙ որպես երկրի աշխարհիկ, Դրասխանակերտըՙ հոգեւոր կենտրոն) պաշտամունքային հայեցակարգի մասին Արծրունի Սահակյանի զեկուցումները, Ֆրինա Բաբայանիՙ Անիի ջնարակած թասերի վրա պատկերված կերպարների նոր մեկնաբանությունը: Արմեն Պետրոսյանի «Կումայրի» տեղանվան շուրջ» ուսումնասիրության մեջ քաղաքի տեղանունը կապվում էր խուռիական պանթեոնից հայտնի Կումարբի դիցանվան, Արեւելյան Հայաստանում այդ խմբի առասպելների հնագույն տեղայնացումներից մեկի հետ: Նույն մասնաճյուղում ներկայացված այլ ուշագրավ նյութերի թվում էր Ինգա Ավագյանի հաղորդումը Սոսե Մայրիկի մի նորահայտ նամակի մասին, որը «Կումայրի» արգելոց-թանգարանի կողմից ձեռք է բերվել Մեծ եղեռնի ականատեսների թողած գրավոր եւ իրեղեն աղբյուրների որոնողական գիտարշավի ընթացքում:

Բավական հարուստ նյութ էր ներկայացված ազգաբանության, էթնո-սոցիոլոգիական հետազոտությունների, բարբառագիտության, բանագիտության, արվեստաբանության եւ երաժշտագիտության մասնաճյուղում: Նշենք, օրինակ, Շիրակի բնակչության ծիսական, տոնական վարքագծի, տնտեսական կենցաղի, հետաղետյան հոգեկարգավորման տարբեր իրողությունների վերաբերյալ Ժենյա Խաչատրյանի, Սամվել Մկրտչյանի, Կարլ Սեղբոսյանի, Արտաշես Բոյաջյանի եւ այլոց ուսումնասիրությունները, լեզվաբաններ Խաչիկ Բադիկյանի, Ջեմմա Բառնասյանի, Հայկանուշ Հովհաննիսյանի եւ Հայկանուշ Մեսրոպյանի բարբառագիտական դիտարկումները: Անկախությունից հետո Հայաստանի Հանրապետության բնակչության բնական աճի հայտնի միտումների, ըստ 2001 թ. մարդահամարի արդյունքների, Շիրակի մարզի բնակչության վիճակագրության վերլուծություն էին Արտակ Մարկոսյանի, Համլետ Սարգսյանի զեկուցումները: Բերված թվերը մասնավորապես ցույց են տալիս, որ 20-րդ դարի վերջին տասնամյակում հանրապետությունում բնական աճի տեմպերը նախորդ տասնամյակի համեմատությամբ կրճատվել են 1,7 անգամ, իսկ նվազման միտումը շարունակվում է: Գրեթե 3 անգամ նվազել է ամուսնությունների քանակը: Հայկական ընտանիքն այսօր «փոքրացել է»ՙ 80-ական թթ. 4-5-ի փոխարեն միջին հաշվով կազմելով 3 մարդ: Սակավ է այն ընտանիքների թիվը, որտեղ երեխաների քանակն անցնում է երկուսից: 1000 բնակչի հաշվով բնական աճի 1998-2002 թթ. տարեկան միջին գործակիցը եթե հանրապետությունում կազմել է 2,9, ապա Շիրակի մարզումՙ 1,6 մարդ: Մարզի առկա բնակչության թվում մեծ տեսակարար կշիռ ունեն 10-19 եւ 60-ից ավելի տարիք ունեցողները: Գիտական նստաշրջանի այս մասնաճյուղում մի առանձին խումբ էին կազմում նաեւ երաժշտագիտական ու կերպարվեստի թեմաներով զեկուցումները:

Ինչպես նշում է Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սերգո Հայրապետյանը, այս գիտաժողովների կազմակերպման գործում կարեւոր դեր ունի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանի, Շիրակի մարզպետարանի, Հայ կաթողիկե եկեղեցու, նաեւ անհատ բարեգործների բարոյական ու ֆինանսական աջակցությունը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4