Այս օրերին լրանում են Գրիգոր Հարությունյանի (Արութինով) ծննդյան եւ մահվան հերթական տարեթվերը, ինչը գրելու առիթ է այս հայրենասեր եւ շինարար պետական գործչի մասին: Ծնվել է Արեւելյան Վրաստանի հայաշատ Թելավում 1900 թ. նոյեմբերի 7-ին, մահացել է Թիֆլիսում 1957 թ. նոյեմբերի 9-ին: Հարությունյանի կյանքի 20 տարիներն անցել են Հայաստանում, որից 17-ըՙ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի, ասել է թեՙ Խորհրդային Հայաստանի ղեկավարի պաշտոնում:
Եթե Խորհրդային Հայաստանի նախկին ղեկավարներից ոմանք հերոսացվել ու հերոսացվում են, ապա Հարությունյանի մասին, որը հանրապետությունը ղեկավարել է ամենաերկարը եւ դժնդակ ու ծանր ժամանակներում (1937-53 թթ.), չափազանց քիչ է գրվել ու գրվում: Հայաստանի տարածքում նրա անունով չկա որեւէ փողոց, հուշաքար, հրապարակ, ոչինչ չկա: Մինչդեռ Հարությունյանը ոչ միայն եղել է Հայաստանի ամենաշինարար ղեկավարը, այլեւ հայ ժողովրդի համար կարեւորագույն հարցերովՙ Ղարաբաղ, Արեւմտյան Հայաստան, հայրենադարձություն, դիմել է Ստալինին, որի գործուն միջամտությամբ էր Ղարաբաղը տրվել Ադրբեջանին:
Հարությունյանին լավագույն կերպով բնութագրում է հետեւյալ փաստը. 1953 թ. նոյեմբերի 30-ին «որպես քաղաքական վստահություն չվայելող» անձնավորություն նա հեռացվում է ՀԿԿ Կենտկոմի կազմից եւ մի քանի ամիս անց աշխատանքի անցնում որպես Էջմիածնի շրջանի Կալինինի անվան խորհրդային տնտեսության տնօրեն ու աշխատում երկու տարի: Դժվար է պատկերացնել Հայաստանի մեկ այլ ղեկավարի (մեր օրերումՙ նախագահ), որը կհամաձայներ պաշտոնանկությունից կամ պաշտոնավարության ավարտից հետո գյուղխորհրդի նախագահ աշխատել:
Հարությունյանը, որ մինչ Կենտկոմի քարտուղար նշանակվելը ընդհանրապես չէր եղել Հայաստանում եւ հայերեն չգիտեր, ըստ ժամանակակիցների, եղել է Հայաստանի ղեկավարներից թերեւս ամենաազգայինը, հայրենասերը, շինարարը: Նրա իշխանության տարիներին են նախագծվել եւ կառուցվել Սասունցի Դավիթ կայարանը, կառավարության այսօրվա շենքը (արտգործնախարարության եւ էներգետիկայի նախարարության մասնաշենքերը), Մատենադարանը, խորհրդարանի շենքը, կոնյակի գործարանը, Հաղթանակի կամուրջը:
1945 թ. նոյեմբերի 21-ին ԽՍՀՄ կառավարությունն ընդունում է սփյուռքահայության ներգաղթը Հայաստան իրականացնելու որոշումը, ըստ Ստալինին ուղարկած Հարությունյանի նախագծի: Կարճ ժամանակի ընթացքում Հայաստան են վերադառնում 100 հազար սփյուռքահայեր: Ղարաբաղի մասին առաջինը հենց Հարությունյանն է հիշեցրել Ստալինին 1945 թ. նոյեմբերին: Ընդ որում, Հարությունյանը Ստալինին առաջարկում է ոչ միայն Ղարաբաղը միացնել Հայաստանին, այլեւ մարզի կենտրոնը Ստեփանակերտից տեղափոխել Շուշի, «որն ավերվեց խորհրդային կարգեր հաստատելուց առաջ»:
Նույն թվականին Հարությունյանը Ստալինին հղած նամակում, ապա եւ «Պրավդայում» հրապարակած հոդվածում հիշեցնում է, որ թուրքերը, օգտվելով հայերի անօգնական վիճակից, զավթել են Կարսը, Արդահանը, Սարիղամիշը, Կարզվանը: Հարությունյանը բարձրացնում է Կարսի մարզը եւ Սուրմալուի գավառը Խորհրդային Հայաստանին միավորելու հարցը, որտեղ եւ կարող էին վերաբնակվել հայրենադարձները:
1956 թ. Հարությունյանը Հայաստանից հեռացավ եւ մեկ տարի աշխատեց Թբիլիսիում: 1957 թ. նոյեմբերի սկզբին նա հիվանդանում եւ մի քանի օր անց մահանում: Հայաստանից նրա թաղմանը պաշտոնական պատվիրակություն չի գնում: Միայն Կենտկոմի վարորդներն են մասնակցում Հարությունյանի հուղարկավորությանը:
2000 թ. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը հրատարակեց Գրիգոր Հարությունյանի «Կյանքն ու գործունեությունը» գիրքը, որից եւ օգտվել ենք այս փոքր հրապարակումը պատրաստելու համար:
Թ. Հ.