Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ երեկ օծվեցին Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցու խաչերը: Զանգակատնից, մոմավառության երկու սրահներից, ատյանից, գավթից, խորանից բաղկացած Սուրբ Երրորդություն եկեղեցու խաչերի օծումն սկսվեց Տերունական աղոթքով: Եկեղեցու բարերարն է հայտնի բարեգործ տկն Լուիզ-Սիմոն Մանուկյանը, հեղինակ-ճարտարապետն է Տիարբաղդիք Արզումանյանը, իսկ շինարարն է Ալբերտ Եղիկյանը, որոնց հասցեին էլ հնչեցին շնորհակալության եւ երախտիքի խոսքեր: Գարեգին Երկրորդ կաթողիկոսն ասաց. «Այսօր Աստծո ողորմած կամքով կրկին համախմբված ենք դեպի երկինք հառնած եկեղեցու մոտ եւ բարձր հոգեւոր դասի հետ կատարում ենք սուրբ խաչերի օծումը, որոնք պետք է բարձրության վրա զետեղվեն որպես հաղթություն եւ փրկություն, եւ մենք խաչի օրհնությամբ ու զորությամբ պետք է լծվենք մեր երկրի եւ եկեղեցու սուրբ գործին»: Ամենայն հայոց հայրապետը նշեց, որ եկեղեցին ժողովրդի առաջ իր դռները կբացի առաջիկա մայիսին եւ ավելացրեց, որ արդեն իսկ նշանակված է եկեղեցականՙ իր աշխույժ հովվական գործունեությամբ աչքի ընկած տեր Գրիգորը:
Առիթ եղավ անդրադառնալու նաեւ այն հարցին, որ շատ քաղաքներում եւ շրջաններում չկան եկեղեցիներ: Հայրապետը հավաստիացրեց, որ քայլեր են ձեռնարկվում նոր եկեղեցիներ կառուցելու եւ խոնարհված եկեղեցիները վերականգնելու:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ