Երկրի յոթնակի չեմպիոն Երեւանի «Փյունիկն» արդեն 2 մրցաշրջան հանդես է գալիս առանց պարտության: Առաջնության ավարտական տուրում ոչ-ոքի խաղալով «Կիլիկիայի» հետ, փյունիկցիներն իրենց անպարտելի խաղերի քանակը հասցրին 59-ի եւ կրկնեցին Գյումրու «Շիրակի» ռեկորդը, որը սահմանվել էր 1993-95 թթ. ընթացքում: Հետաքրքրական է, որ Հայաստանի առաջնություններում վերջին անգամ «Փյունիկը» պարտվել էր հենց «Շիրակից»ՙ 2002 թ. հոկտեմբերի 9-ին Գյումրիում զիջելով 0-1 հաշվով: «Փյունիկն» ընթացիկ առաջնությունում դեռ 2 խաղ ունի անցկացնելու, ուստի կարող է գերազանցել «Շիրակի» ռեկորդը:
«Փյունիկի» ռեկորդը իրոք տպավորիչ է: Հետաքրքրական է, որ հանրահայտ «Միլանի» նմանատիպ ռեկորդն Իտալիայի առաջնություններում 58 խաղ է: Այնպես որ «Փյունիկը» գերազանցեց «Միլանի» ռեկորդը: Վերջերս «Արսենալն» Անգլիայում անպարտելիության նոր ռեկորդ սահմանեցՙ 49 խաղ անընդմեջ մրցակիցներին չէր հաջողվում հաղթել երկրի չեմպիոնին: Եվ միայն «Մանչեսթր յունայթեդին» հաջողվեց ընդհատել «Արսենալի» հաղթարշավը:
Հետաքրքրասերներին տեղեկացնենք, որ անպարտելի խաղերի թվով ռեկորդային ցուցանիշն աշխարհում պատկանում է Կոտ դ՛Իվուարի չեմպիոն ԱՍԵԿ-ին: Այդ թիմը 1989-1994 թթ. երկրի առաջնություններում 108 խաղում չի պարտվել: Տպավորիչ է նաեւ Ռումինիայի չեմպիոն «Ստյաուայի» ցուցանիշըՙ 104 խաղ: «Փյունիկն» անկասկած լավ հնարավորություն ունի ավելացնելու իր անպարտելի խաղերի քանակը եւ ստորեւ ներկայացվող ցուցակում ավելի բարձր դիրք զբաղեցնելու: Ներկայացնում ենք անպարտելի խաղերի թվով աշխարհում լավագույն արդյունքի հասած թիմերի ցուցանիշները: Նկատենք, որ այդ ցուցակում Հայաստանից ընդգրկված են 3 թիմեր:
Թիմը | Երկիրը | Մրցաշրջանները | Խաղ |
ԱՍԵԿ | Կոտ դ՛Իվուար | 1989-1994 | 108 |
«Ստյաուա» | Ռումինիա | 1986-1989 | 104 |
«Էսպերանս» | Թունիս | 1997-2001 | 85 |
«Սելթիկ» | Շոտլանդիա | 1915-1917 | 62 |
«Շիրակ» | Հայաստան | 1993-1995 | 59 |
«Փյունիկ» | Հայաստան | 2002-2004 | 59 |
«Միլան» | Իտալիա | 1991-1993 | 58 |
«Օլիմպիա.» | Հունաստան | 1972-1974 | 58 |
«Բենֆիկա» | Պորտուգալիա | 1976-1978 | 56 |
«Պորտո» | Պորտուգալիա | 1994-1996 | 53 |
«Այաքս» | Հոլանդիա | 1994-1996 | 52 |
«Սպարտա» | Չեխիա | 1920-1923 | 51 |
«Ցրվենա զ.» | Հարավսլավիա | 1999-2001 | 51 |
«Արսենալ» | Անգլիա | 2003-2004 | 49 |
«Արարատ» | Հայաստան | 1992-1994 | 44 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ