«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2004-11-06 | #199, 2004-11-09 | #200, 2004-11-10


ՍԻՐԱՆՈՒՇ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ԶԻՋԵՑ ԴԻՐՔԵՐԸ

Հունաստանում անցկացվող շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 6-րդ տուրում հայ շախմատիստներն ընդհանուր առմամբ վատ հանդես չեկան: Անցկացրած 21 պարտիաներից 10-ն ավարտվեց մեր շախմատիստների հաղթանակով, 4-ում գրանցվեց ոչ-ոքի, 7-ում Հայաստանի ներկայացուցիչները պարտվեցին: Ցավալին այն է, որ անհաջողության մատնվեցին հիմնականում առաջատարների շարքում գտնվող մեր շախմատիստները: Այսպես, մինչեւ 18 տարեկան աղջիկների մրցաշարում 4,5 միավոր ունեցող Սիրանուշ Անդրեասյանը պարտություն կրեց եւ այժմ 5-րդ տեղում է: Նա աղյուսակը գլխավորող վիետնամցի Նգուեն Պամից հետ է մնում մեկ միավորով: 5-ական միավոր են վաստակել 2-4-րդ տեղերը բաժանող Սալոմե Մելիան (Վրաստան), ֆրանսիացի Մարիա Սեբագը եւ ուկրաինացի Նատալյա Գրիգորենկոն:

Մինչեւ 10 տարեկան պատանիների մրցաշարին մասնակցող Ռոբերտ Աղասարյանն էլ ճաշակեց պարտության դառնությունը: 6 տուրից հետո նա 4,5 միավորով բաժանում է 9-18-րդ տեղերը: Հաղթանակներ տոնելով, Ռոբերտին միավորներով հավասարվեցին Տիգրան Պետրոսյանն ու Դավիթ Շահինյանը, իսկ ահա Խաչատուր Երանյանին չհաջողվեց ավելացնել միավորների իր պաշարը (4)ՙ զիջելով մրցակցին: Այս խմբում առաջատարը չին շախմատիստ Յու Յանգույին է, որը տոնեց 6-րդ անընդմեջ հաղթանակը: 2140 անհատական վարկանիշ ունեցող այս շախմատիստը չեմպիոնի կոչման համար լուրջ հայտ է ներկայացրել: Նրանից կես միավորով հետ է մնում իր հայրենակիցըՙ Չեն Պենգը:

Մինչեւ 14 տարեկան տղաների մրցաշարի մեր երկու մասնակիցներն էլ վաստակել են 4,5-ական միավոր: Հրայր Սիմոնյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի, իսկ Հովիկ Հայրապետյանը հաղթեց: Նրանք ընդամենը մեկ միավորով են զիջում առաջատարինՙ ամերիկացի Դանիել Լուդվիգին:

Վատ հանդես չեն գալիս մինչեւ 12 տարեկան տղաների մրցաշարի մասնակիցներ Հայկ Վարդանյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, որոնք հաղթանակներ տոնելով, 4,5-ական միավորով բաժանում են 6-19-րդ տեղերը: Իսկ առաջատարը 100 տոկոսանոց արդյունքով հնդիկ շախմատիստ Պարիմարջան Նեգին է: Ավետիք Գրիգորյանն էլ (մինչեւ 16 տարեկաններ) հաղթելով մրցակցին, 4,5 միավորով առաջատարների խմբում է: Մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է բուլղարացի Վալենտին Յոտովը:

Մեր ութ շախմատիստուհիներից Սիրանուշ Անդրեասյանից հետո լավագույն արդյունքն ունի ամենակրտսեր տարիքային խմբում հանդես եկող Մարիա Գեւորգյանը (4 միավոր), որը 6-րդ տուրում հաջողության հասավ: Տարիքային այս խմբում 6 միավորով առաջատարը վրաց շախմատիստուհի Մարի Արաբիձեն է:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4