«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2004-11-06 | #199, 2004-11-09 | #200, 2004-11-10


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՐՄԱՐ ՉԷ ՓՈՂԱԼՎԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Փաստում է Տիգրան Սարգսյանը

Ունենալու ենք «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենք, քանի որ առաջին մասով դրույթներ կան «Կենտրոնական բանկի» եւ «Բանկերի ու բանկային գործունեության մասին» օրենքներում, երկրորդ մասը ենթադրում են միջազգային մի քանի համաձայնագրեր, որոնք վավերացրել է Ազգային ժողովը: Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի կարծիքով, Հայաստանի Հանրապետությունը դեռեւս փողալվացման ու ահաբեկչության ֆինանսավորման տեսանկյունից վտանգված չէ, սակայն օրինագիծը կարեւոր է դրանց կանխարգելման տեսանկյունից:

Օրինագիծը հստակեցնելու է իրավական դաշտը, առեւտրային բանկերը հանդես են գալու որպես փողալվացման դեմ պայքարի գործակալներ, վարկային կազմակերպությունները կանխարգելիչ միջոցներ պետք է ձեռնարկեն: Իսկ ընդհանուր ֆինանսական հոսքերի տեղեկատվությունը կուտակվելու է միասնական ֆինանսական մոնիտորինգի կենտրոնում, որը ստեղծվելու է հենց ԿԲ-ում: Տիգրան Սարգսյանի բացատրությամբ դա կբացառի լրացուցիչ վարչական ծախսերը, քանի որ ՀՀ ֆինանսական հոսքերի 95 տոկոսն առկա է հենց ԿԲ-ում:

«Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հեղինակները գիտեն, որ ՀՀ-ն իրենց գործունեության համար նպաստավոր դաշտ չէ, քանի որ ունի ֆինանսական փոքր հոսքեր», հավաստեց Տիգրան Սարգսյանը:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4