Արցախի ողնաշարը համարվող «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու եւս մի հատված շահագործման հանձնվեց: Երեկ տեղի ունեցավ Սարուշեն-Կարմիր շուկա 14 կիլոմետրանոց հատվածի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը կարեւորելով մայրուղու ռազմավարական նշանակությունը, խորհրդանշական համարեց, որ դրա կառուցմանը մասնակցում է համայն հայությունը: Նա հույս հայտնեց, որ աճող աջակցության պայմաններում 1-2 տարում կավարտվի մայրուղու շինարարությունը: Մի քանի օր հետո տեղի ունենալիք հեռուստամարաթոնը, ըստ ԼՂՀ նախագահի, կամրագրի այս սպասումները, որի իրատեսական հիմքը համայն հայության պատրաստակամությունն է: Ա. Ղուկասյանը նաեւ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, որի ներդրումն այս բոլոր աշխատանքներում շատ մեծ է:
Նոր ճանապարհահատվածը կառուցել է «Քարավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Նույն այս ընկերության կողմից շահագործման է հանձնվել եւ արդեն գործում է մայրուղու Բերքաձոր-Այգեստան հատվածը:
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ