«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2004-11-06 | #199, 2004-11-09 | #200, 2004-11-10


ԻՆՏԵՐՆԵՏ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ

Ինտերնետ հեռախոսակապ մատակարարող ընկերությունները երեկ իրենց հերթական ասուլիսն էին հրավիրել: Կազմկոմիտեի անդամներ Արտյոմ Խաչատրյանը եւ Մուշեղ Միլիտոնյանը իրենց հայտարարության մեջ նշեցին, որ «Արմենտելի» «մենաշնորհային իրավունքներն ավելի են ընդլայնվել», ինչը հարվածում է փոքր եւ միջին բիզնեսին եւ վատթարացնում ժողովրդի սոցիալական վիճակը: «Արմենտելի» վերաբերյալ կառավարության որոշումը որակելով որպես հակասահմանադրական եւ հակաժողովրդական, նրանք հայտարարեցին, որ պայքարելու են դրա դեմ: Նամակներ են հղվել ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին, ՍԴ նախագահին, միջազգային կազմակերպություններին, անցկացվում է ստորագրահավաք, նախատեսվում է հանրահավաքը:

Ներկայացնելով իրենց մոտեցումը կառավարության որոշման վերաբերյալ, Արտյոմ Խաչատրյանը նշեց, որ մինչ Լոնդոնի արբիտրաժային դատարանում դատավարության սկսվելը, կառավարության ներկայացուցիչները եւ մասնավորապես արդարադատության նախարարը պնդում էին, որ մեր հնարավորությունները մեծ են: Բացի այդ, «Արմենտելի» հետ վեճերի ժամանակ կառավարությունը պնդում էր, որ ինտերնետ հեռախոսակապի ընկերությունները չեն խախտում նրան տրված լիցենզիան: Սակայն Լոնդոնի դատական գործընթացներից հետո մոտեցումը փոխվեց, ինչն էլ, ըստ Արտյոմ Խաչատրյանի, պատճառ դարձավ ինտերնետ հեռախոսակապի վերաբերյալ հիշյալ որոշման:

Այնուհետեւ ելույթ ունեցողն իրականությանը չհամապատասխանող համարեց արդարադատության նախարարի այն հայտարարությունը, թե ինտերնետ հեռախոսակապի ընկերությունները լիցենզիա են ստացել միայն տվյալների փոխանակման համար: Նրա հավաստմամբ, իրենք ստացել են նաեւ ձայնի փոխանցման իրավունք: Եվ քանի որ խախտվել են իրենց իրավունքները, ապա փոխհատուցման եւ լիցենզիայով իրենց վերապահված իրավունքների վերականգնման նպատակով IP ընկերությունները կդիմեն դատական ատյաններին, որտեղ հաջողության չհասնելու դեպքում իրենց շահերը կպաշտպանեն Եվրոպական դատարանում:

Մուշեղ Միլիտոնյանը հայտնեց, որ իրենց ստորագրահավաքին արդեն հազարավոր մարդիկ են մասնակցել: Կոալիցիայի անդամ քաղաքական երեք ուժերից երկուսի ներկայացուցիչները ոչ պաշտոնական զրույցների ժամանակ պաշտպանել են իրենց դիրքորոշումը, բայց համապատասխան հայտարարությամբ հանդես չեն եկել: Մուշեղ Միլիտոնյանը նաեւ տեղեկացրեց, որ արդարադատության նախարարն իրենց չի ընդունել, ընդունել է նրա խորհրդականը եւ ասել, որ ինտերնետ հեռախոսակապի ծառայություններ այդ ընկերությունները չեն կարող մատակարարել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4