«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2004-11-10 | #201, 2004-11-11 | #202, 2004-11-12


ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՙ ԱՆՀԱՄՈԶԻՉ ԵՆ

Գերմանացի մասնագետների ուսումնասիրության մեջ Թուրքիայի Եվրոմիություն անդամակցության մարտավարական պատճառաբանությունները «անհամոզիչ» են որակվել: «Վելտ» թերթում տպագրված «Արեւելյան Եվրոպայի ուսումնասիրությունների ինստիտուտի» զեկույցում նշվում է, որ հաշվի առնելով, որ Թուրքիայի ԵՄ անդամակցությունը քիչ տնտեսական օգուտ է տալու, հարցը տեղափոխվել է «մարտավարական օգուտի» դաշտ: Բայց այդ առթիվ բերված «քաղաքական-մարտավարական փաստարկները համոզիչ չեն»: Ուսումնասիրությունն այնուհետեւ նշում է, որ Թուրքիայի մուտք գործելը բոլորովին էլ չի բացառելու «քաղաքակրթությունների բախումը», եւ Գերմանիայի կառավարության պնդումները, թե ժողովրդավարական Թուրքիան կարող է փայլուն օրինակ ծառայել Միջին Արեւելքի մահմեդական երկրների համար, առնվազն «դժվար հասկանալի են»:

Ուսումնասիրությունը քրիստոնեա-դեմոկրատ քաղաքագետների ուշադրությանն է արժանացել: Նրանք կողմնակից են Թուրքիային «առանձնաշնորհյալ գործընկերոջ» կարգավիճակ տալուն, բայց ոչ «ամբողջական անդամակցություն»:

Ըստ Բավարիայի եվրոպական հարցերի նախարար Էբերհարտ Սինների, ուսումնասիրությունը «պարտադիր ընթերցանության նյութ պետք է լինի բոլոր եվրոպական երկրների ղեկավարների ու կառավարությունների համար»:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4