«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2004-11-10 | #201, 2004-11-11 | #202, 2004-11-12


ԵԳԻՊՏԱՀԱՅՈՑ «ԵՐԿՈՒ ՈՍԿԵԴԱՐԵՐԻ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

19-րդ դարում եւ 20-րդի սկզբին յուրահատուկ բարգավաճում է ապրել Եգիպտոսի հայկական դարավոր գաղթօջախը: Այստեղ են ապրել ու ստեղծագործել հայ գրականության, մշակույթի, գործարարության բազմաթիվ երեւելիներ, այստեղ են հիմնվել մի քանի համահայկական կազմակերպություններ, ինչպես Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Համազգային կրթական ու մշակութային միությունը եւ այլն: Հակառակ մեր հայրենադարձության եւ վերջին 20-ամյակում Եգիպտոսի վայրիվերումներին, երկրի հայկական գաղթօջախն այսօր էլ կենսունակ է:

Գաղթօջախի պատմության մասին բազմաթիվ գրքեր են լույս տեսել: Այսուհանդերձ, Սոնա Զեյթլյանիՙ վերջերս լույս տեսած «Հայութեան ներդրումը վաղ միջնադարեան եւ արդի Եգիպտոսի պատմութեան մէջ» ուսումնասիրությունը նոր խոսք է այս մասին: Մեծադիր 192 էջ ծավալով գրքի հրատարակիչն է Մոնրեալի եգիպտահայերի միությունը: Հեղինակը գիրքը նվիրել է իր թոռանըՙ Գայլ Սարգիս Զեյթլյանին:

Հեղինակը երբեմնի եգիպտահայ ու լիբանանահայ է, ներկայումսՙ կանադահայ: Երկար տասնամյակներ ծառայել է հայ դպրոցին: Նրա գրչին են պատկանում «Հայ կնոջ դերը հայ հեղափոխական շարժման մեջ» (1968, հրատարակվել է 1992 թ.), «Մուսա լեռան ժողովրդական հեքիաթներ» (1979) գրքերն ու «Արի արանց» քառագիրք մատենաշարը:

Ներկայացվող հատորն սկսվում է բովանդակության ցանկով: Հաջորդում է հեղինակի «Մեկնակետ» ներածականը, որտեղ նա հիմնավորում է գրքի հեղինակման անհրաժեշտությունը եւ տալիս նրա աղբյուրագիտության համառոտ տեսությունը: Այնուհետեւ Ա. Քեոշկերյանի (հավանաբարՙ հրատարակիչ միության ղեկավարն է) «Ներածականն» է, ապա հեղինակիՙ «Մուտքը»:

Կառուցվածքային առումով հատորը բաժանված է երկու մասի, յուրաքանչյուրըՙ վեցական գլուխներով: Ավարտին բերված են օգտագործված աղբյուրների ցանկերն ըստ երկու մասերի, ապաՙ հիշատակված անձնանունների ցանկը, հեղինակի համառոտ կենսագրությունը:

Առաջին մասը (էջ 19-59), հեղինակի բնորոշմամբ, նվիրված է եգիպտահայ «երկու ոսկեդարերից» առաջինինՙ 11-12-րդ դարերին, թեեւ հեղինակն առանձին գլուխներով անդրադարձել է նաեւ նախորդ եւ հաջորդ դարերին: Հատկապես շեշտը դրվել է Ֆաթիմյան Եգիպտոսի հայազգի զորավարների եւ վեզիրների գործունեության վրա:

Պատմագիտության տեսակետից ավելի արժեքավոր է գրքի երկրորդ մասը (էջ 61-176)ՙ նվիրված «երկրորդ ոսկեդարին»ՙ 19-20-րդ դարերին: Այս մասում, հենվելով հայերեն, արաբերեն, անգլերեն եւ ֆրանսերեն աղբյուրագիտական չափազանց հարուստ բազայի վրա, Սոնա Զեյթլյանը համակողմանիորեն ներկայացնում եւ վերլուծում է հայության ներդրումն արդի Եգիպտոսի քաղաքատնտեսական, օրենսդրական, կրթական եւ կենսագործունեության բազմաթիվ այլ ոլորտներում: Առանձին բաժիններով ներկայացված են երկրի ու գաղթօջախի, նաեւ համայն հայության պատմության մեջ զգալի դերակատարություն ունեցած հինգ դեմքերՙ Պողոս բեյ Յուսուֆյան, Նուբար եւ Պողոս Նուբար փաշաներ, Տիգրան փաշա դ՛Ապրո եւ Յագուբ Արթին փաշա Չրաքյան: Ս. Զեյթլյանը գտնում է, որ թեեւ «եգիպտահայութիւնը իր թիւին համաձայն փոքրամասնութիւններուն վերջինն էր, սակայն պետական կեանքի մասնակցութեան, կազմակերպական ու տնտեսական հզօրանքին, ինչպէս նաեւ վայելած հեղինակութեան շնորհիւ փոքրամասնութիւններուն առաջինը կը դասուէր» (էջ 167): Նա է եղել երկրում տղաների եւ աղջիկների առաջին դպրոցի հիմնադիրը 1828-ին (էջ 151): Հեղինակը մեջբերում է հեղինակավոր «ալ Ահրամ» թերթի շաբաթական հավելվածի 2002 թ. մարտի 31-ի համարից այն խոստովանությունը, թե Եգիպտոսի առաջին լուսանկարիչները հայերն են եղել (էջ 161): Նման բազմաթիվ փաստերի ենք հանդիպում երկրորդ մասի գրեթե յուրաքանչյուր էջում: Հեղինակը հատկապես շեշտում է հայ եկեղեցու առանցքային դերը գաղթօջախում եւ հայկական տարբեր խմբավորումների համերաշխ գոյակցությունը եւ նույնիսկ համագործակցությունը, որոնք նպաստել են, որ եգիպտահայ շատ դեմքեր (Պողոս Նուբար, Մելգոնյան եղբայրներ, Նշան Փալանճյան եւ այլն) իրենց բարեսիրական գործունեությունը տարածեն Եգիպտոսի սահմաններից դուրս: Հեղինակը հավաստում է, որ այդ ոգին շարունակվում է նաեւ այսօր եւ կոչ է անում մյուս գաղթօջախներին օրինակ վերցնել եգիպտահայության այս ոգուց: Գրքի փաստական ամփոփումը եղող վերջին գլխում Ս. Զեյթլյանն, իմիջիայլոց, գրում է. «Երկու ոսկեդարերու հայազգի ղեկավարները կը հաւատային, թէ պետութեան հիմնաքարը արդարութիւնն էր» (էջ 170): Ավա՜ղ, հայոց պետության մերօրյա ղեկավարները շա՜տ հեռու են նման հավատքից...

Հատորում լույս են տեսել պատմական յոթ քարտեզ ու բազմաթիվ լուսանկարներ:

Հեղինակի ոճը պարզ է, հաղորդական, որով գիրքն ընթերցվում է հափշտակությամբ:

Գիրքը համարյա անթերի է: Տեղ են գտել աննշան ժամանակագրական սխալներ (օրինակՙ ազգային պատվիրակությունը 1924 թ. դեռեւս Պողոս Նուբարի կողմից գլխավորած լինելը (էջ 125), 1916 թ. Սաուդյան Արաբիայի գոյությունը (էջ 162), Մկրտիչ Խրիմյանին 1878 թ. Ամենայն հայոց կաթողիկոս հայտարարելը (էջ 173) եւ այլն): Այս թերիները երբեք չեն նսեմացնում հեղինակի կատարած հսկայական եւ շնորհակալ աշխատանքը, որը կարեւոր աղբյուր է այսօր շուրջ վեց հազար հաշվվող գաղթօջախի (էջ 141), հայ-արաբական հարաբերությունների, հայկական դիվանագիտության, գործարարության, մշակույթի եւ տարբեր ոլորտների պատմությունն ուսումնասիրողների համար:

Ավելացնենք, որ գրքի առանձին հատվածներից հակիրճ ամփոփումներ հեղինակը ներկայացրել էր «Եգիպտահայ վարժարաններու աշակերտներու համաշխարհային հաւաքին» (12-18 սեպտեմբեր 2003, Երեւան) եւ լույս տեսել այս առթիվ Երեւանում հրատարակված «Յուշամատեանում» (էջ 13-14, նոյնի անգլերենըՙ էջ 45-64):

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4