ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Ազգի» նոյեմբերի 2-ի համարում տպագրված «Կոտորած Ստեփանավանի սոճուտներում» նյութի հրապարակումից հետո ՀՀ գյուղնախարար Դավիթ Լոքյանի մոտ խորհրդակցություն է հրավիրվել, նյութը քննարկվել է, տրվել են հանձնարարականներ: «Ազգը» զրուցեց «Հայանտառի» գլխավոր տնօրեն Մարտուն Մաթեւոսյանի հետ:
- Մենք ապօրինի հատումների դեմ միակ պայքարողներն ենք, ցավոք սրտի: Այդ սոճուտներն արդեն 10 տարի հատվում են: Մեր անտառային ֆոնդի հողերում մի քանի հատվածներ կան, որ վերահսկողությունից դուրս են: Դրանցից մեկը Գյուլագարակն է, մյուսը` Գուգարքի տարածաշրջանում Եղեգնուտի եւ Վահագնի անտառապետությունները, հաջորդը Իջեւանն է, որտեղ եւս տնօրինությունը լուրջ խնդիրներ ունի:
Վերջին 3-4 ամիսների ընթացքում Ստեփանավանի տարածքում 2 անտառապետ ենք փոխել, պահպանելու իմաստով բավական դժվար տարածք է:
Գյուղացիներն են հիմնականում կտրում, բնականաբար, նաեւ գնորդներ կան, որոնք կարողանում են հեշտ ճանապարհներով անցկացնել եւ որեւէ խնդիր չունենալ: Իհարկե, հատում են իբրեւ շինափայտ` վաճառքի համար: Մեր նախաձեռնությամբ քրեական գործեր են հարուցվել, դատական գործերը Ստեփանավանի տարածաշրջանի դատախազությունում են, մի 5-6 օր առաջ անտառտնտեսության տնօրենը եւ ավագ անտառապետը անտառում պահված փայտանյութի տեղափոխումն են կասեցրել: Հիմնականում գիշերներն են հատում:
- Գյուղացիներն ասում էին, որ ցերեկն էլ են հատում:
- Սեյսմիկ կայան կա այդ տարածքում, քրեական գործ է հարուցվել այդ կայանի պահակի եւ նրա տղայի դեմ: Գյուլագարակի կողմից, ճանապարհի վրա «Հեքիաթ» ռեստորանի կողքից մուտք կա դեպի սեյսմիկ կայան եւ դեպի անտառ: Պահակն ու որդին փակել են սեյսմիկ կայանի դարբասները, մեքենաները հանգիստ մի կողմից մտել, մյուսով դուրս են եկել: Այսինքն, պահակի ու նրա որդու հովանավորությամբ են այստեղ ապօրինի հատումներ կատարվել:
Հատումների հեղինակը հիմնականում Գյուլագարակ գյուղի բնակիչներն են: Բռնել են նաեւ մի սղոցարանի տիրոջ, որը նույնպես տեղացի է: Մեր ուժերով, անտառտնտեսության տնօրենի, ավագ անտառապետի, տեղի անտառապետի հետ, ոստիկանության մասնակցությամբ օր ու գիշեր հսկողություն է սահմանված Ստեփանավանի անտառների շուրջը:
- Անցած տարի էլ քրեական գործեր հարուցվեցին, բայց ոչ մի արդյունք չեղավ:
- Մենք մինչեւ վերջ հետամուտ ենք լինելու: Հիմա նախարարն անընդհատ կապի մեջ է գլխավոր դատախազի հետ, որպեսզի այդ գործերը չքնեցվեն: Այստեղ նաեւ այլ, իրավական խնդիր կա: Ամեն դեպք չէ, որի առթիվ քրեական գործ է հարուցվում: Գործը հարուցվում է փաստի` այսինքն, բռնված փայտանյութի հիման վրա: Եթե դրա արժեքը չի անցնում 200 հզ. դրամից, ասենքՙ սայլով կամ մոտոցիկլետով փայտ են տանում, դա դիտվում է իբրեւ վարչական իրավախախտում, տուգանում են 50 հզ. դրամ, եւ ավարտվում է ամեն ինչ: Չնայած քրեական գործեր այսօր շատ կան ե՛ւ Լոռու մարզի, ե՛ւ գլխավոր դատախազությունում` նաեւ անցած տարվա հատումների համար:
- Դուք ասում եք, որ անտառտնտեսության տնօրենն ու անտառապետն էլ այսօր մասնակցում են անտառի հսկման աշխատանքներին, բայց այդպիսի ծավալների թալան հնարավոր չէր առանց նրանց գիտության:
- Ես համոզված եմ, որ հատումների մի զգալի մասը եղել է նաեւ նրանց գիտությամբ`անտառապահի, անտառապետի: 5 օր առաջ անտառտնտեսության տնօրեն Հրաչ Չիբուխչյանը խիստ նկատողություն է ստացել:
- Գյուղացիներն իբրեւ անտառահատումների հեղինակ նշում էին նաեւ մի գեներալի:
- Գեներալների անունները շատ են շոշափում, բայց պատասխանատու բան է խոսակցության մակարդակով, առանց փաստերի նման բան ասել:
- Ես ուզում եմ ասել, որ սեյսմիկ կայանի պահակին ու նրա որդուն բռնելով, այս հանցագործության գլխավոր մեղավորները դուրս են մնում:
- Պահակի, նրա որդու օգնությամբ, քննության միջոցով պիտի բացահայտվեն հիմնական մեղավորները: Մեր նպատակն այս գործերին ընթացք տալն է, մեղավորներին պատժելը: Բոլորը գիտեն, ով է կտրում, բայց անուն չեն տալիս: Գյուլագարակում կիսագողական մթնոլորտ է ստեղծվել, որ եթե մեկի անունը տան, նրա հացն են կտրում: Ճիշտը իրավական մարմինների միջոցով ճշմարտությանը հասնելն է:
- Կարո՞ղ ենք հրապարակել այն անձանց անունները, ում նկատմամբ քրեական գործեր են հարուցվել:
- Բոլորը տեղացիներ են` Դոխոլյան Արամ, Պողոսյան Գառնիկ (նրա Զիլ 36 ՕՕ 649 համարանիշի մեքենան են բռնել), Սարուխանյան Լյովա (ԿԱԶ 37, KN TL 836 համարանիշի մեքենայով), Ասրյան Գարիկ, Աղաջանյան Հայկազ (Ուրալ 338, LT 37 մեքենայով), Խաչատրյան Կարո, նրանց բոլորի գործերն այսօր գտնվում են ոստիկանությունում: