Ընտրություններում հաղթած ընդդիմությունը գրավել է կառավարության եւ խորհրդարանի շենքերը
Երեկ օրվա երկրորդ կեսին հոկտեմբերի 3-ին Աբխազիայում կայացած նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածու Սերգեյ Բաղապշի կողմնակիցները գրոհով վերցրել են կառավարության եւ խորհրդարանի շենքերը: Ռուսական լրատվական գործակալությունները հաղորդում են, որ գրոհի ընթացքում զոհեր չեն եղել, մի քանի մարդ ստացել է մարմնական վնասվածք: Ամբոխը գրոհել է կառավարական շենքերն այն ժամանակ, երբ շարունակվում էին Բաղապշի եւ ընտրություններում նրա հիմնական մրցակից, նախկին վարչապետ Ռաուլ Խաջիմբայի բանակցությունները:
«Այն, ինչ տեղի ունեցավ, ձեր խղճի, ձեր կարգուկանոնի եւ դաստիարակության շնորհիվ էր: Ձեզ խնդրում եմ լինել շատ խոհեմ, առանց զգացմունքայնության», գրավված խորհրդարանի շենքից դիմելով իր կողմնակիցներին ասել է Բաղապշը: «Մենք պետք է պաշտպանենք կայունությունը եւ անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Աբխազիայում լինի խաղաղություն»: Նա հիշեցրել է, որ մի քանի հանդիպումներ է ունեցել Խաջիմբայի հետ եւ հույս ունի, որ կարող է համաձայնության գալ եւ ախոյանի հետ աշխատել նույն թիմում:
«Մենք իշխանության ենք գալու օրինական ճանապարհով: Մենք աշխատելու ենք ողջ գիշեր, վաղը նախատեսված են հանդիպումներ շատ քաղաքական գործիչների հետ, որտեղ քննարկվելու է ստեղծված իրավիճակը», իր կողմնակիցներին ասել է Բաղապշը:
«Նովոստի» գործակալությունը հաղորդում է, որ գործող վարչապետ Նոդար Խաշբան եւ Ռաուլ Խաջիմբան հեռացել են կառավարության շենքից, երբ ընդդիմությունը գրոհել է շենքը: «Ռեգնում» գործակալությունը հավելում է, որ ոստիկանությունը չի միջամտել զարգացումներին: Ընդհանուր առմամբ Սուխումում քաոսային վիճակ է, սակայն բռնությունների եւ բախումների մասին հաղորդագրություններ չկան: Նախքան Խաջիմբայի եւ Բաղապշի հանդիպումը Սուխումում տեղի է ունեցել նրանց համակիրների առանձին, բայց միաժամանակյա հանրահավաքը:
Նոյեմբերի 11-ին գործող նախագահ Վլադիսլավ Արձինբան չճանաչված հանրապետության բնակչությանը զգուշացրել էր քաղաքացիական բախումների հավանականության մասին եւ կոչ արել անցկացնել նախագահական նոր ընտրություններ: Նշենք, որ Արձինբան անկողնային հիվանդ է եւ ավելի քան 2 տարի հրապարակավ չի երեւում: Վրաց-աբխազական պատերազմից (1992-93 թթ.) հետո Աբխազիայի անընդմեջ նախագահը հենց Արձինբան էր:
Ավելի վաղՙ նոյեմբերի 1-2-ը նախագահի երկու թեկնածուներըՙ Բաղապշը եւ Խաջիմբան, հրավիրվել էին Մոսկվա, սակայն Ռուսաստանի միջամտությամբ եւս չէր հաջողվել համաձայնության գալ: Սուխում վերադառնալուց հետո Բաղապշը լրագրողներին ասել էր, որ հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովին եւ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Նիկոլայ Պատրուշեւին:
«Մենք ընդունում ենք ռուսական իշխանությունների խորհուրդները եւ հարգում նրանց դիրքորոշումը, բայց չենք կարող ընդունել ճնշումները: Որոշ մարդիկ փորձում են մեզ վախեցնել ռուս-աբխազական սահմանը փակելու զգուշացումներով, եթե Աբխազիայում կրկնական ընտրություններ չկայանան: Բայց եթե նրանք կարծում են, որ հնարավոր է մեզ վախեցնել, ապա սխալվում են», ռուսական «Կոմերսանտին» ասել է Բաղապշը: Վերջինս կտրականապես բացառել էր նոր ընտրություններ անցկացնելու հավանականությունը եւ ասել, որ դեկտեմբերի 7-ին պատրաստվում է նախագահի երդման արարողությանը:
Հոկտեմբերի 3-ին Աբխազիայում կայացան նախագահական ընտրություններ, որի վերջնական արդյունքները մինչ օրս էլ մնում են անհայտ: Վեճին միջամտեց Աբխազիայի գերագույն դատարանը եւ մոտ երկու շաբաթ առաջ հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Բաղապշը: Սակայն մի քանի ժամ անց Խաջիմբայի կողմնակիցները գրոհեցին դատարանի շենքը եւ ստիպեցին, որ դատարանը հայտարարի ընտրություններում երկրորդ փուլ անցկացնելու մասին:
Հիշեցնենք, որ Աբխազիան դե ֆակտո անկախ հանրապետություն է, որտեղ, սակայն, Ռուսաստանն ունի ակնհայտ ազդեցություն: Ընտրություններում Մոսկվան խաղագումար էր դրել հենց Խաջիմբայի վրա:
Երեկ երեկոյան, ըստ «Նովոստի» գործակալության, ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Յակովենկոն հայտարարեց, թե «իշխանության զավթման» դեպքում Ռուսաստանն «անհրաժեշտ միջոցների կդիմի» իր շահերը պաշտպանելու համար: Հայտարարություն, որ հստակորեն դեմ է Բաղապշին:
Ընտրություններից առաջ Սոչիում տեղի է ունեցել Պուտին-Խաջիմբա հանդիպումը: Բաղապշին, որի կինը վրացուհի է, ընտրություններում աջակցում էին մի շարք քաղաքական կուսակցություններ, այդ թվում վրաց-աբխազական պատերազմի վետերանները, ասել է թեՙ զինված մարդիկ:
Ոչ պաշտոնական տվյալներով, Աբխազիայում բնակչության մոտ 1/3-ը կամ 70 հազարը հայեր են: Ըստ հաղորդագրությունների, նախագահական ընտրություններում Գագրայի հայերը քվեարկել են Խաջիմբայի, իսկ Սուխումի եւ Գուլրիպշի շրջանի հայերըՙ Բաղապշի օգտին:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ