«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2004-11-11 | #202, 2004-11-12 | #203, 2004-11-13


ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Դա ենթադրում է հայ-թուրքական սահմանի բացման ԵՄ-ի ճնշումների ուժեղացումը Թուրքիայի վրա

Վերջին օրերին վերաշխուժացան հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ծավալվող քննարկումները Թուրքիայում: Քննարկումներում այդ հարաբերությունների կարգավորումն անմիջականորեն պայմանավորվում էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նկատմամբ Հայաստանի դիրքորոշմամբ եւ անհիմն հետեւություններ էր արվում, թե իբր հայկական իշխանությունները երկրի արտաքին քաղաքականության օրակարգից դուրս են բերում ճանաչման հարցը:

Քննարկումների առումով առանձնակի ակտիվությամբ աչքի էին ընկել ինտերնետային «Հաբեր անալիզ» եւ «Աքշամ» թերթերը: Եթե «Հաբեր անալիզը» հրապարակում էր Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի աշխատակիցների վերոհիշյալ հետեւությունները «հիմնավորող» հոդվածները, ապա «Աքշամն» այդ հետեւությունների «հաստատմանն» ինքնակամ մասնակից էր դարձնում սփյուռքահայ գործիչներին: Այլ կերպ, թուրքական մամուլը հայկական իշխանությունների հետ շահարկում էր նաեւ մեր հայրենակիցների անունները:

«Ազգը», արձագանքելով շահարկումներին, կարծիք էր հայտնել, որ դրանք Եվրոմիության հետ Թուրքիայի անդամակցության բանակցությունների սկզբնավորման ներկա փուլում շրջանառության մեջ են դրվում միջազգային հանրությանն ապակողմնորոշվելու, ինչպես նաեւ ցեղասպանության հարցում Հայաստանին Թուրքիայի շահագրգռություններին համապատասխան ազդանշաններ հաղորդելու թուրքական նկրտումներով:

Թեեւ մեր արձագանքից հետո ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը պաշտոնապես հայտարարեց «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանի քաղաքականության մեջ փոփոխություն չլինելու» մասին եւ նրա հայտարարությունն անուղղակիորեն հաստատեց Թուրքիայի արտգործնախարարությունն, այնուամենայնիվ, թուրքական մամուլում շահարկումները չեն դադարում: Ավելին, շահարկման պատճառ է դառնում նաեւ «Ռոյթեր» գործակալությունը, որը Թուրքիայի հայկական սահմանի բացման նպաստելու համար Կարսում հարցազրույց էր անցկացրել քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուի հետ:

Շահարկման դեպքում խոսքը պաշտոնաթող դեսպան, Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ Գյունդուզ Աքթանի մասին է, որը «Ռադիկալի» նոյեմբերի 11-ի համարում իր գնահատականն է տվել «Ռոյթերի» հարցազրույցին: Մինչ նրա գնահատականին անդրադառնալը, նշենք, որ «Ռոյթերը», «Միլլիեթի» նույն օրվա համարի տվյալներով, Թուրքիայի հայկական սահմանի բացման նպատակով քարոզարշավ ծավալելու համար Կարսի քաղաքապետ Ալիբեյօղլուին համարել է «նպատակ հետապնդող մարդ», նշել նրա Հայաստանի նկատմամբ 11 տարի շարունակվող շրջափակումը վերացնելու երազանքի, ինչպես նաեւ քաղաքում այդ նպատակով հավաքված 50 հազար ստորագրության մասին:

Ըստ «Ռադիկալի», Ալիբեյօղլուն հարցազրույցում միաժամանակ ընդգծել է հայ-թուրքական սահմանի բացման կարեւորությունը ողջ տարածաշրջանի խաղաղության եւ բարգավաճման համար, իսկ «Ռոյթերն» ավելացրել, որ Անկարան չի ընդունում Կարսի քաղաքապետի լավատեսությունը: Ինչ վերաբերում է Աքթանին, որը ներկայումս ղեկավարում է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը, «Ռադիկալին» ասել է, որ խնդիրը սոսկ սահմանի բացումը չէ եւ պատճառաբանել. «Հայաստանը Թուրքիայից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:

Հայաստանը Թուրքիային այդպիսի պահանջ երբեւէ չի ներկայացրել, ավելինՙ բազմիցս հայ-թուրքական հարաբերություններն առանց որեւէ նախապայմանի կարգավորելու պատրաստակամություն է հայտնել եւ նույնիսկ ընդգծել, որ ցեղասպանության ճանաչումը պարտադիր չէ: Քանի որ այս պատրաստակամությունը չի կարող հայտնի չլինել Աքթանին, ուրեմն նրա խնդիրն էլ Թուրքիայի հայկական սահմանի բացման դիմաց Հայաստանին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու պահանջ ներկայացնելն է:

Սա նշանակում է, որ Թուրքիայի քաղաքական շրջանակները միանգամայն իրատեսական են համարում եթե ոչ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, ապա հայ-թուրքական սահմանի բացման համար ԵՄ-ի ճնշումների ուժեղացումը: Ճնշումների թուլացման հրամայականը նրանց ստիպում է միջոցներ որոնել: Այսպիսով, նրանք ցեղասպանության հարցում միջազգային հանրությանը ապակողմնորոշելիս միաժամանակ ապակողմնորոշում են նաեւ թուրք հասարակությանը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4