Այդ ժամանակ դեռ հայտնի չէրՙ Թերեզա Հայնց Քերին կդառնա՞ առաջին տիկին, թե ոչ: Ընտրությունները չէին կայացել տակավին: Առաջին էջում զետեղված ընդարձակ մի հոդվածում «Լոս Անջելես թայմս» թերթն իր հոկտեմբերի 27-ի համարում անհավատալի թվացող, բայց փաստացի տվյալներով բացահայտեց, որ տիկին Թերեզայի (սենատոր Ջոն Քերիի կողակիցը) նախկին ամուսնուՙ սենատոր Ջոն Հայնցի պապըՙ Հովարդ Հայնցը Հայաստան է այցելել 1919-ին այնքան անհրաժեշտ մարդասիրական օժանդակություն (մթերք) մատակարարելու Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր վերապրողների: Հովարդը Հենրի Ջոն Հայնցի (քեչուպի եւ թթվի «կայսրության» հայտնի հիմնադիրը) չորս երեխաներից մեկն էր: Արխիվային նյութերի քրտնաջան ուսումնասիրությունների շնորհիվ թերթի աշխատակազմից հոդվածի հեղինակ Ռալֆ Վարդապետյանն առաջին անգամ կարողացել է մանրամասն ներկայացնել Հայնց ընտանիքի անցած չորս սերունդների տոհմածառը: Ահա մի հատված նրա հոդվածից. «Հայնցները Մ. Նահանգներում սննդամթերքի արդյունաբերության զարգացման առաջամարտիկներից են եղել, առաջ են քաշել բազում կառավարական բարեփոխումներ այդ ասպարեզում անվտանգությունն ապահովելու նպատակով, եւ նույնիսկ պահանջել են, որ զինվորական միջամտությամբ վերջ դրվի Հայոց ցեղասպանությանը»:
Հովարդ Հայնցը, որը ներգրաված է եղել հասարակական ակտիվ աշխատանքներում, «Առաջին աշխարհամարտից հետո Վիլսոնի վարչակարգի կողմից Միջին Արեւելք է ուղարկվել ղեկավարելու սովյալներին սննդամթերքով ապահովելու աշխատանքները: Իր հորՙ Հ. Ջ. Հայնցի մահվան (1919) օրը Հովարդը 30 հազար տոննա սննդամթերք էր հասցնում տարածաշրջան, որտեղ նա ականատես է լինում մեկուկես միլիոն հայերի կյանքը խլած ցեղասպանության հետեւանքներին: Հովարդը փորձել է (նախագահ Վուդրո) Վիլսոնին համոզել, որ զորք ուղարկի վերջ դնելու Արեւելյան Թուրքիայում եւ Հայաստանում տեղի ունեցող սպանդին: Նախագահին ուղղված ճեպագրում նա գրել է. «Չեմ հավատում, որ Ամերիկան, իմանալով ճշմարտությունը, կարող է մեր բոլոր մարդկային իդեալները մի կողմ դնել (եւ ոչինչ չանել) այն դեպքում, երբ այս մարդիկ սպանվում են այստեղ: Նրա խնդրանքները, ցավոք, անտեսվել են», գրում է Վարդապետյանը:
Վերոհիշյալը նշանակալի հայտնություն է հայերիս եւ հավանաբար նաեւ Հայնց ընտանիքի իրարահաջորդ սերունդների շատ անդամների համար: Փաստորեն, Քերիի կնոջՙ Թերեզայի երեք որդիները (նախորդ ամուսնուց)ՙ Հ. Ջ. Հայնց IV-ը (ծնված 1966-ին), Անդրեն (ծնված 1969-ին) եւ Քրիստոֆերը (ծնված 1973-ին) Հայոց ցեղասպանությանն ականատես Հովարդ Հայնցի ծոռներն են:
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր»