«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2004-11-11 | #202, 2004-11-12 | #203, 2004-11-13


ՀԱԿՈԲ ՍԱՐԳԻՍՅԱՆԸ «ԻԶՄԻՐԼՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԻՐ ՄԱՍԻՆ

Բարեկիրթ, զուսպ նկարագրով անձնավորություն է Հակոբ Սարգիսյանը: Ապրում է Ժնեւում, 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո ստեղծված «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահն է: «Հայրս հունական բանակի մեջ սպա էր, ցեղասպանութենեն ետք եկած իր ծնողները փնտրած է այդ խեղճ ու կրակ սուրիական գյուղին մեջ, ամուսնացած եւ Հալեպ տեղափոխված է: Ես Հալեպ ծնած եմ», պատմում է Հակոբ Սարգիսյանը:

Նախակրթարանից հետո ուսումը շարունակում է ամերիկյան քոլեջում, ապա տեղափոխվում Բեյրութ, որտեղ զբաղվում է հասարակական գործունեությամբ, անդամակցում Գրական շրջանակին, որի անդամներն էին Գառնիկ Ադդարյանը, Արմեն Դարյանը, Թորոս Թորանյանը, Սարգիս Վահագնը: Աշխատանքային հանգամանքների բերումով ճամփորդում է Մարոկկո, տնօրինում օդային մի ընկերություն, նաեւ օդային 27 ընկերությունների տնօրենների նախագահ էր: Ապա տեղափոխվում է Ժնեւ, շարունակում կրթությունը տնտեսագիտության բնագավառում, Շվեյցարահայ միության նախագահն է եղել: Պրն Սարգիսյանը հաճախ է Հայաստան այցելումՙ կապված «Իզմիրլյան» հիմնադրամի գործունեության հետ: Բարեսիրական նպատակներով ստեղծված հիմնադրամի առաջին գործը Երեւանի պետհամալսարանի գրադարանի նորոգությունը եղավ, ապա եւ հաստատված հիմնադրամը, որի եկամուտներով գրադարանն ամեն տարի հոգում է որոշակի կարիքներ: Իբրեւ արդյունք պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ժնեւյան մի հանդիպումի, հիմնադրամը 3-4 մլն դոլարի ներդրում կատարեցՙ կառուցելու ներկայիս Վազգեն Սարգսյանի անունը կրող ռազմական ինստիտուտի երեք մասնաշենքերըՙ անհրաժեշտ հարմարություններով: Հիմնադրամի բարեգործական ծրագրերի մեջ ընդգրկված դպրոցաշինության շրջանակներում Ղարաբաղի Չլդրան գյուղում ադրբեջանցիների կործանած դպրոցը վերակառուցվել եւ անվանվել է Տիգրան Իզմիրլյանի անունով: Համագործակցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, ամեն տարի «Իզմիրլյան» հիմնադրամը 50 հազար դոլար է տրամադրում զոհված ազատամարտիկների ընտանիքներին, նաեւ հնարավորություն է ստեղծել հաշմանդամ, անդամալույծ ազատամարտիկներին առողջությունը վերականգնելու արտասահմանում: Թվով 5 ազատամարտիկ ուղարկվել է Գերմանիա, նրանցից մեկը լիովին ապաքինվել է:

Բարեսիրական գործունեությանը զուգահեռ «Իզմիրլյան» հիմնադրամը, Վազգեն Սարգսյանի վարչապետության օրոք, Հայաստանի կառավարության առաջարկով, իրագործում է նաեւ վարկային ծրագիրՙ «Մեզի ըսինՙ ձեր բարեսիրական գործերեն տպավորված ենք, սակայն եթե իրապես օգնել կուզեք Հայաստանին, ներդրումներ ըրեք, որպեսզի աշխատատեղեր ստեղծվին»:

Հիմնադրամի երեք վարկային ծրագրերից առաջինը Սեւծովյան երկրների դրամատան հետ համագործակցության արդյունքում ստեղծված երեք մակարդակներով (մինչեւ 500 հազար, 125 հազար եւ 5 հազար դոլար) վարկեր է տրամադրում ձեռներեցներին:

Երկրորդը «Եվրասիա» հիմնադրամի հետ (յուրաքանչյուրը 1,5 մլն գումարի մասնակցությամբ) համագործակցության ծրագիրն էՙ մինչեւ 125 հազար տրամադրվող վարկի չափով, ստեղծված 1997 թ., որ վեց տարի արդեն հաջողությամբ իրագործվում է Հայաստանումՙ խթանելով փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը (առ այսօր ստեղծվել է 3 հազար աշխատատեղ): Երկամյա ժամկետով վարկը տրվում է այն ձեռներեցներին, ովքեր բիզնեսի, արտադրության, մարկետինգի փորձ ունեն եւ տիրապետում են միջոցներն ի պետս եւ արդյունավետ գործածելու մեխանիզմներին: «Հայաստանի մեջ կորուստը երկու առ հարյուր է, ասիկա նույնիսկ շվեյցարական մակարդակով շատ բարձր ցուցանիշ է, բացառիկ իրագործում է: Սա կնշանակե, որ մեր ժողովուրդը պարկեշտ է, հակառակ անոր, որ սովետական շրջանին այսպես ասած առնել-տալու ռեֆլեքսը կորսնցուցած էր», ասում է հիմնադրամի փոխնախագահը:

Վարկային հաջորդ ծրագիրըՙ «Էգլոֆ»-ը, հաստատված Համաշխարհային եկեղեցիների խորհրդի կողմից Ժնեւում, գործում է թույլ զարգացած երկրներում: Հայաստանում այս ծրագիրն իրագործվում է Մայր աթոռ Սբ. Էջմիածնի միջնորդությամբ: «Իզմիրլյան» հիմնադրամն այդ ծրագրին մասնակցում է 100 հազար դոլարի ներդրումով: Վարկերը 1000-5000 դոլարի չափով տրամադրվում են աղքատ գյուղացիությանըՙ նպատակադրված խթանելու գյուղմթերքների արտադրությանը եւ գյուղացու սոցիալական վիճակի բարելավմանը: Վարկային այս ծրագրի շոշափելի արդյունքները տեսել է Լոռու շրջանի գյուղացիությունը, երբ նախնական թերահավատությունները հաղթահարելովՙ հավաքական վարկ են վերցրել (ունեւորները երաշխավորել են աղքատների համար) եւ մեկ տարվա ընթացքում կաթի ու պանրի արտադրության մեջ հասել զգալի ցուցանիշների: Արտադրանքը վաճառելու համար անհրաժեշտ տրանսպորտային փոխադրման հարցը նույնպես փորձում է լուծել հիմնադրամը:

Հիմնադրամի վարկային ծրագրի տարեկան շրջանառությունը կազմում է 3 մլն դոլար, 100/15 տոկոսային հարաբերությամբ: Հիմնադրամի գործունեության համար Հայաստանում խոչընդոտները որոշիչ չեն, հիմնական մտահոգությունը մնում է երկրում դեռեւս օրենսդրական չհստակված դաշտը, երբեմն էլՙ վարչական բյուրոկրատիան:

Արտադրության, գյուղատնտեսության զարգացմանը եւ մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված հիմնադրամի այս գործունեությունը, բնականաբար, նպաստում է նաեւ արտագաղթը կանխելուն:

- Նախապես երբ սկսանք, ադիկա խնդրո առարկա չէր, սակայն շատ պիտի ուզեինք կանխել ձեւով մը: Արտագաղթը շատ բարդ, սոցիալական, քաղաքական հարց է: Այդ կանխելու միակ ձեւըՙ ըլլանք ավելի լավ, քան դրացի երկիրները: Մեր այժմու բոլոր ճիգերը հազիվ թե արդյունք մը տան: Արտագաղթը ամբողջությամբ պետք չէ առնել իբրեւ ազգային աղետ: Անշուշտ, լավ երեւույթ չէ, սակայն ինձի համար դժբախտություն ալ չէ, ադիկա մեծ քաղաքական հարցի պետք չէ վերածել: Եթե չես կարենար կերակրել ընտանիքդ երկրիդ մեջ, անպատեհություն չէ դուրս ելլել, հոն շահիլ եւ այնտեղեն ուղարկել:

- Պրն Սարգիսյան, ի՞նչ է ձեզ համար Հայաստանը եւ հայրենասիրությունն առհասարակ:

- Օտարության մեջ ապրիլն ավելի դյուրազգաց կդարձնե մարդը նման հարցերուն: Եթե հայրենասեր ես, եթե ժողովուրդդ կսիրես, ժողովուրդովդ ապրած ես մինչ այդ, եւ երբ իմանաս Հայաստանի մեջ ցավ կա, խնդիրներ կան, ավելի կտառապիս, ես անոնցմե մեկը եղած եմ:

Հայաստանը հսկայական կորուստ տարավ, հազարավոր մարդիկ պատերազմի ատեն զոհվեցավ: Սփյուռքը, անշուշտ, իր դերն ունի կատարելիք, ես կխորհիմ, որ մենքՙ սփյուռքահայերս, շատ ավելի քիչ կրած ենք զոհողության իմաստով, քան հայաստանցիները: Սփյուռքի մեջ երկու տեսակը կա, այն, որ իսկապես մասնակցություն կբերե Հայաստանի օգնության, կա նաեւ խոսողը, ինձի շատ անհանգիստ կընե այդ խոսողը: Սփյուռքը, ճիշտ է, շատ դժվար պայմաններու տակ իր շարժականությունը պահպանած է, մեծ ճիգ կա սփյուռքի մեջ, սակայն ինձի համար բավարար չէ: Հայաստանի ժողովուրդն իր գերագույնը տվավ զոհողությանց: Այս ժողովրդի մեջ կան նաեւ շահագործողներ, որոնք ոչինչ ունին ըրած բացի դիզելեն, բայց ժողովուրդը շատ զոհողություններ ըրավ: Ես կաշխատիմ իմ համեստ պարտականությունս կատարել իմ չափով, իմ կարելություններու սահմաններուն մեջ:

«Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի փոխնախագահը, որ հիմնական գործունեությունը առեւտրաբանկային ոլորտում է իրականացնում, ներաշխարհային խոհուն, զգայուն ու քնարական զգացողությունների բանաստեղծ է նաեւ: Երիտասարդական տարիների գրական հետաքրքրությունները չեն նվազել, վկայությունը վերջին տարիների երկու ժողովածուներն ենՙ «Մկրատին շեղբին վրայ» եւ «Անկշռելին», որոնց համար նա արժանացել է «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակի: Հ. Սարգիսյանի բանաստեղծական աշխարհը խոհափիլիսոփայական տրամադրություններով ու քնարական զեղումներով արդիական ձեւի մեջՙ պատկերային ուրույն համակարգ է, բնապաշտության հասնող զգացումներով, մարդկային ապրումը բնության երեւույթների, շարժումների հետ ներդաշնակելու հանդարտ վիճակներով: Բանաստեղծական զուսպ պատկերի, բառերի անշռայլ գծագրումների մեջ Հ. Սարգիսյանը ուրվագծում է այսօրվա աշխարհի (փողոցի) մերկության առաջ կանգնած մարդու երկփեղկված ներքին իրականությունը, որոնումն ու երազը: Իմ վերջին հարցը պրն Սարգիսյանին գրականության մասին էր, թե ինչ տեղ ունի բանաստեղծությունն իր կյանքում:

- Գրականությունը, բանաստեղծությունը ես զիս ըլլալու ճիգ մըն է: Բանաստեղծությունն ինձի համար ներաշխարհ մըն է, կյանքին նայելու ըմբռնում մըն է, թերեւս մարդոց հանդեպ ունեցած սերս է, կամ հակառակը, երբեմն մեր ժողովուրդին հետ կապ մըն է: Երբ ամբողջ շրջապատդ օտար է եւ օրվան մեջ կխոսիս ֆրանսերենով եւ կաշխատիս անգլերենով, ամիսը մեկ անգամ հայերեն կխոսիս մեկու հետ, բանաստեղծությունը, որ հայերեն կգրեմ, կկապվիմ մեր ժողովրդի հետ: Մանկութենեն սկսած այդպիսին եղած եմ, որ միտքիս մեջ առաջնային եղած է մեր ժողովուրդին ճակատագիրը: Ենթագիտակցությանս մեջ ցեղասպանությունը կա, կաշխատի մեր ժողովուրդին ճակատագիրը: Գրականությունը այս բոլոր հարցերուն հետ կապվող թերեւս կամուրջ մըն է:

Դուք այս հողին վրա կապրիք եւ չեք երեւակայեր, թե ինչ կնշանակե ուրիշ հողին վրա ապրիլ: Երբ Հայաստան կուգամ, գրելու փափագը կմեծնա, որովհետեւ հոս հոգիիս շրջապատ կգտնեմ...

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4