Ուրեմն ղեկավարները կնշանակեն
Երեկ Երեւանի պետական համալսարանի ֆակուլտետային ուսանողական խորհուրդների անդամները համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ եւ նախագահություն կրկին չկարողացան ընտրել, նախագահի երկու թեկնածուներից ոչ ոք չկարողացավ անհրաժեշտ նվազագույն` 59 քվե հավաքել, Միհրան Հակոբյանի օգտին քվեարկեց 57 պատվիրակ, Հայկ Վարդանյանի` 49: Այսպիսով հարցը տեղափոխվեց պետհամալսարանի գիտխորհուրդ: Բուհի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը ուսանողական խորհրդի նախագահի ընտրության արդեն երրորդ անհաջող փորձը պայմանավորեց պատվիրակների «խակ» լինելով: «Երեւի թե լավ չեն պատկերացնում այն սկզբունքները, որոնցով առաջնորդվելով պետք է նախագահ ընտրեն: Գուցե պետք է կանոնակարգը փոխենք: Չմիջամտեցինք, բացարձակ արդար ընտրություններ կազմակերպեցինք, սակայն արդյունքը սա եղավ, նշանակում է դեռ խակ են, դեռ չեն պատկերացնում ինչ բան է կազմակերպությունը, ինչ խնդիրներ ունի, ինչ պետք է անի»:
Նախագահի թեկնածու Հայկ Վարդանյանն այս իրավիճակը բացատրում է ժամանակի սղության պատճառով ոչ բոլոր ֆակուլտետներում իրենց ծրագրերը ներկայացնելու հնարավորությամբ, որի արդյունքում էլ, ըստ նրա, ոչ բոլոր պատվիրակներն էին կողմնորոշվել եւ մասնակցում ընտրություններին: Իսկ Միհրան Հակոբյանը գտնում է, որ պատճառը ուսանողների մի մասի իրավագիտակցության ցածր մակարդակն է, նրանք քվեարկում էին ոչ թե ծրագրի, այլ անհատի օգտին: «Հերթական անգամ ուսանողությունը, այդ թվում եւ ես, ապացուցեց, որ ինչ-որ տեղ ընտրություն կատարելու ունակ չէ, ասաց նա: Մենք այսպիսով մեր բոլոր խաղաթղթերը գիտխորհրդին հանձնեցինք: Կարծում եմ` այս պարագայում իրոք ճիշտը գիտխորհրդին վստահելն է»: Պետհամալսարանի ռեկտորն ասաց, որ դեռ չգիտի` ում կնշանակեն ուսանողական խորհրդի նախագահ, հարցը դեռ կքննարկվի:
Թ. Մ.