ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Օրերս «Ազգին» էր դիմել Էրեբունի համայնքի բնակիչ Մաքսիմ Գալստյանը: Նա ղարաբաղյան ազատամարտում անհետ կորածի հայր է, բազմանդամ, 12 շնչով ընտանիքի տեր: Վրդովված էր, որովհետեւ սոցիալական քարտ չունենալու պատճառով Էրեբունու կենսաթոշակային բաժանմունքում հրաժարվել էին երեխաների նպաստը վճարել: «Ինձ ասում են, որ անպայման պիտի սոցիալական քարտ վերցնես, որ նոր միայն նպաստ տանք»: Երկար խնդրանքից հետո, ի վերջո, նրան տրվել էր նպաստը, հընթացս նախազգուշացնելով, որ վերջին անգամ է:
Նման կարգի բողոքներ այսօր լսվում են նաեւ թոշակառուներից:
«Անհատական ծածկագրերի մասին» օրենքը գործում է այս տարվա հունվարից: Բնակչության անհատական տվյալների հետ կապված որեւէ գործառույթ (հարկերի, տուրքերի, կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձերի վճարում) իրականացնող պետական եւ տեղական ինքնակառավարման բոլոր օղակներում օրենքի կիրառումը նախատեսվում էր հուլիսի 1-ից, սակայն հասարակական ուժեղ դիմադրության պատճառով ընդհատվեց: Այս ընթացքում, երբ կրքերը մասնակի մարել են, հավանաբար որոշվել է վերսկսել պարտադիր-կամավոր կամ ավելի ճիշտ` բռնի ծածկագրումը:
Անձի մասին անհատական տվյալների ամբողջությունը դեռեւս ինֆորմացիայի չգաղտնազերծված ասպարեզ է մեր երկրում լայն գործունեություն ծավալած օտարերկրյա կազմակերպությունների համար, որոնց մեջ, անկասկած, կան նաեւ այնպիսիք, որ այլ խնդիրներ են իրականացնում Հայաստանում:
Դեռ 20 տարի առաջ Եվրոպան, որի մնացած պարտադրանքները մենք պարտաճանաչորեն կատարում ենք, ապահովագրել է իրեն նման վտանգներից` ընդունելով Անհատական տվալների պաշտպանության կոնվենցիան, քաջ գիտակցելով, որ մի բազայում տվալների կուտակումը խիստ վտանգավոր է անձի պաշտպանվածության առումով: Եվրոպական շատ երկրներում պարզապես օգտվում են տարբեր ոլորտների համար նախատեսված քարտերից` թոշակառուներն իրենց քարտերն ունեն` իրենց համարանիշներով, հարկատուներն` իրենց: Նույն սկզբունքը գործում է նաեւ ԱՄՆ-ում, որը շահագրգռված է համակարգի ներդրմամբ Հայաստանում, եւ նույնիսկ տեխնիկական աջակցության համար գումար է տրամադրել: Մեզանում ներդրվում է ոչ թե առանձին ոլորտների, այլ ունիվերսալ տարբերակը:
Այդ տվյալների գաղտնազերծման սպառնալիքի դեմ պաշտպանության ոչ մի համակարգ եւս չի նախատեսվում, բացի թերեւս օրենքի դրույթից, թե քաղաքացին կարող է դիմել դատարան, եթե հայտնաբերի, որ իր տվյալները ինչ-որ մեկն օգտագործել է: Չհիմնվեց նաեւ անհատական տվյալների պաշտպանության անկախ հանձնաժողով, որովհետեւ մեծ ծախսերի հետ էր կապված:
Կա նաեւ այլ իրողություն. անկախ տվյալների անպաշտպան լինելու հանգամանքից, շատերը հրաժարվում են անհատական ծածկագրերից լոկ հավատքի պատճառով, պարզապես մարդիկ չեն ուզում թվայնացվել, թեկուզ եւ նրանց պատճառաբանումները Նեռի եւ 666 թվի վերաբերալ, ծիծաղելի են թվում: Սակայն մեր սահմանադրության համաձայն, մարդը ունի նաեւ խղճի ազատություն, իսկ տվյալ դեպքում նրա հավատքն արգելում է ընդունել այս համակարգը:
Մեր տեղական ինքնակառավարման օղակների գործունեության տրամաբանությանը եթե հետեւենք, բնակչության մի զգալի հատվածն առաջիկայում զրկվելու է աշխատավարձից, թոշակներից ու նպաստերից, որովետեւ անհատական ծածկագիր չունի: Հակառակ դեպքում իրականացվելու է կամավոր-բռնի ծածկագրում: