Ագոյի խումբն այնքան էլ գոհ չէ Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքից
Եվրոխորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախումբը երեկ հանդիպել է նախագահ Քոչարյանի, արտգործնախարար Օսկանյանի, խորհրդարանի նախագահի հետ: Հանձնախումբը գլխավորում է ԵԽ-ում Գերմանիայի դեսպան Ռոլանդ Վեգները, պատվիրակության կազմում են ԵԽ-ում Թուրքիայի, Շվեդիայի եւ Շվեյցարիայի դեսպանները:
Արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Վեգներն անդրադառնալով ԵԽ-ին Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը, նշեց, որ «առաջխաղացում կա, բայց նկատել ենք, որ ամենակարեւոր խնդիրներըՙ սահմանադրական բարեփոխումներ, ընտրական օրենսգիրք, արդարադատության ոլորտում բարեփոխումներ, դեռեւս առջեւում են»:
ԵԽ-ին Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման մոնիտորինգն իրականացնում են երկու առանձին խմբերՙ Ագոյի հանձնախումբը (նախկինում ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի հանձնախումբը գլխավորում էր իտալացի Ագոն) եւ Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի խումբըՙ Եժի Յասկերնիայի գլխավորությամբ:
Ագոյի խումբը հանդիպել է նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հետ: Վերջինս եվրոպացի պաշտոնյաներին ներկայացրել է Եվրոխորհրդում ստանձնած պարտավորությունների ընթացքը եւ մի շարք օրենքների ընդունման ժամանակացույցը: Թորոսյանն ասել է, որ ընտրական օրենսգիրքն ընդունվել է առաջին ընթերցմամբ, ստացել Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ փորձագետների համատեղ եզրակացությունը, որում տեղ գտած 30 առաջարկություններից գրեթե բոլորն ընդունելի են:
Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Թորոսյանն ասել է, որ շրջանառության են դրված երեք նախագծեր, որոնք ուղարկվել են Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը: Ի տարբերություն 2003 թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագծի, նոր նախագծերը խորհրդարանում երեք ընթերցում են անցնելու: Նախատեսվում է, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի 2005թ. հունիսին:
Մամուլի ասուլիսում Վեգներն ասաց, որ նախագահի եւ արտգործնախարարի հետ քննարկել է ԼՂ հարցըՙ նկատի առնելով այն հանգամանքը, որ ԵԽ-ին անդամակցելիս Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Վեգները նշեց, որ իր տպավորությամբ հակամարտության կողմերը խաղաղ կարգավորման կողմնակիցներ են:
«Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի», ասաց Օսկանյանը: Ինչ վերաբերում է Բաքվից հաճախ հնչող ռազմատենչ հայտարարություններին, ապա, ըստ արտգործնախարարի, դա կարող է ունենալ զուտ քարոզչական ազդեցություն հանրային կարծիքի վրա:
Արտգործնախարարն անդրադառնալով «Ադրբեջանի գրավյալ տարածքներում առկա իրավիճակի» հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգ մտցնելու Բաքվի ջանքերին, ասաց, որ Ադրբեջանը ճիշտ ճանապարհ չի ընտրել: Ադրբեջանը սխալ ընտրություն է արել եւ դրա արդյունքները կստանա, նշեց Օսկանյանը: Անցնող շաբաթավերջին Մոսկվայում Օսկանյանը մասնակցել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախարարների կոմիտեի նիստին եւ իր ելույթում քննադատել այդ կազմակերպության երկու անդամ պետություններիՙ Ղազախստանի եւ Կիրգիզիայի դիրքորոշումները, որոնք ՄԱԿ-ում քվեարկել էին Ադրբեջանի օգտին:
Օսկանյանը կարեւորեց, որ քվեարկությանը ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունը եւ Եվրոմիության երկրները դեմ են քվեարկել: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախաձեռնության օգտին քվեարկած պետություններին (ՄԱԿ-ի 191 երկրներից 43-ը), ապա Օսկանյանի ասելովՙ այդ պետությունները դեմ են քվեարկել ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացին:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ