ԼՂՀ նախագահը նոյեմբերի 13-ին Բոստոնում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է, որ հայության բախտը որոշվում է Ղարաբաղում: «Ամրապնդելով Ղարաբաղի տնտեսությունըՙ մենք նախապայման ենք ստեղծում Ղարաբաղի, Հայաստանի եւ համայն հայության առավել պայծառ ապագայի համար», ասել է Արկադի Ղուկասյանը եւ կոչ արել աջակցել ԼՂ-ի համար կարեւորագույն նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության շարունակմանը:
«Մենք երբեք չենք հրաժարվի մեր անկախությունից եւ մեր նպատակներից: Այսօր պայքարը տեղափոխվել է տնտեսական դաշտ, եւ մենք պետք է հաջողենք նաեւ այդ պայքարում, որպեսզի կարողանանք պահել եւ ամրապնդել մեր ձեռքբերումները, որոնց համար վճարել ենք ամենաբարձր գինըՙ ազգի լավագույն զավակների կյանքը», ասել է նա:
Արկադի Ղուկասյանին ուղեկցում են ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը: ԼՂՀ պատվիրակությունն ԱՄՆ է մեկնել Լոս Անջելեսում նոյեմբերի 25-ին կայանալիք հեռուստամարաթոնին մասնակցելու եւ դրամահավաքին աջակցելու: