Եվրոպական հանձնաժողովի տրանսպորտի եւ էներգետիկայի գլխավոր տնօրինության ղեկավար Ֆրանսուա Լամուրեն Բաքվում հայտարարել է, որ Եվրոմիությունը շահագրգռված է Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարության իրականացմամբ, հաղորդում է «Մեդիամաքսը»: «Մենք մանրամասն ուսումնասիրել ենք այդ նախագիծը, որպեսզի հետագայում էլ կարողանանք ֆինանսավորել: Սակայն բացի ԵՄ միջոցներից, մենք պետք է տեսնենք ֆինանսավորման հնարավոր այլ աղբյուրներ», ասել է նա:
Ըստ տարբեր հաշվումների, 130 կմ երկարությամբ երկաթգծի շինարարության համար անհրաժեշտ է 400-800 մլն դոլար: Թուրքիայի եւ Վրաստանի երկաթգծային կապը կարող է ապահովվել Հայաստանով, սակայն Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթգիծը չի գործում հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրների, ավելի ճիշտՙ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով: