Նրանց եւ բնակչության միջեւ խոր տարանջատում կա
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
2004 թվականի հոկտեմբերի վերջին «Ազգ» օրաթերթի պատվերով անցկացված հեռախոսային սոցիոլոգիական հարցումը նպատակ ունի բացահայտել ընտրությունների միջոցով իշխանության անցած մարդկանց` Ազգային ժողովի պատգամավորների եւ տեղական ինքնակառավարման ոլորտում` համայնքային ավագանու հանդեպ բնակչութան վերաբերմունքը:
Հեռախոսային սոցիոլոգիական հարցումն իրականացրել է Է. Զավարյանն իր մշակած ավտոմատացնող տեխնոլոգիայով:
Հարցումն անցկացվել է Երեւանի 4 խոշոր համայնքների` Կենտրոն, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, 500 հոգու շրջանում:
«Որեւէ հարցով դիմել կամ հանդիպե՞լ եք խորհրդարանի պատգամավորի հետ ընտրություններից հետո» հարցադրմանը պատասխանել է միայն 408 մարդ, մնացածները հրաժարվել են պատասխանից:
1. Որեւէ հարցով դիմե՞լ կամ հանդիպե՞լ եք խորհրդարանի պատգամավորի հետ ընտրություններից հետո:
(Հարցվողների քանակըՙ 408)
Դժվարանում է պատասխանել | 2 | 0,5% |
Դիմել եմ, բայց պատգամավորը չի օգնել | 5 | 1,2% |
Դիմել եմ եւ պատգամավորն օգնել է | 8 | 2,0% |
Դիմել եմ, բայց պատգամավորը չի պատասխանել | 8 | 2,0% |
Մասնակցել եմ պատգամավորի հետ հանդիպմանը | 11 | 2,7% |
Չեմ դիմել | 382 | 93,6% |
Չեմ հանդիպել | 393 | 96,3% |
Հարցվողներն այս հարցին պատասխանելիս ունեին բազմակի պատասխանի հնարավորություն: Այդ պատճառով պատասխանների տոկոսային գումարը գերազանցում է 100%-ը:
Պատգամավորին դիմածների (5,2 տոկոս) 24 տոկոսը որեւէ օգնություն չի ստացել: 38 տոկոսը դիմել է, եւ պատգամավորն օգնել է, մնացած 38-ը դիմել է, բայց պատգամավորը չի պատասխանել: Այսպիսով, տոկոսային հարաբերակցությամբ (24+38) հարցվածների գերակշիռ մասը` 62 տոկոսը հուսախաբ է եղել իր ակնկալիքներում:
Ընդամենը 11 մարդ (2,7 տոկոս) է մասնակցել պատգամավորի հետ հանդիպմանը, 393 մարդ ընդհանրապես չի հանդիպել:
Հարցվածների 40,9 տոկոսը (67 մարդ) «Անհրաժեշտության դեպքում կդիմեի՞ք պատգամավորին» հարցին բացասական պատասխան է տվել: Ավելի շուտ ոչ, քան թե այո, պատասխանել է 17,9 տոկոսը: 3,7 տոկոսը դժվարացել է պատասխանել: Ավելի շուտ այո, քան թե ոչ, պատասխանել է 10,5 տոկոսը (43 մարդ), դրական պատասխան է տվել 25,7 տոկոսը (105 մարդ):
Այս դեպքում եւս բացասական բնույթի պատասխանները տոկոսային հարաբերակցությամբ գերակշռում են դրականին` 58,8 (40,9+17,9) տոկոսը պատգամավորի` իրեն օգնելու պատրաստակամության վերաբերյալ որեւէ պատրանքներ չունի:
Պատգամավորների հանդեպ անվստահության դրդապատճառները փորձել է հետազոտել հարցախույզի հաջորդ հարցը` «Եթե չեն դիմում իրենց ընտրյալին, ապա ինչո՞ւ»:
Չեմ ճանաչում մեր պատգամավորին` պատասխանել է 9,1 տոկոսը (37 մարդ), չեմ վստահում` պատասխանել է 10,3 տոկոսը (42 մարդ), մատչելի չեն` պատասխանել է 11,3 տոկոսը (46 մարդ), չեմ հավատում, որ կօգնեն` պատասխանել է 35,5 տոկոսը (145 մարդ): Որեւէ մեկը դրական պատասխան չի տվել, մի նվազ քանակը` 0,3 տոկոս, հրաժարվել է պատասխանելուց, մնացածները բավարարվել են խուսափողական պատասխաններով` դիմելու անհրաժեշտություն չի լինի, ես իմ հարցերը ինքնուրույն եմ լուծում, չեմ ճանաչում մեր պատգամավորին եւ այլն:
Հարցախույզի երկրորդ փուլը վերաբերում է դարձյալ բնակչության դերակատարմամբ տեղական իշխանությունում հայտնված համայնքային ավագանուն: Դատելով ընդհանուր արդյունքներիցՙ համայնքային իշխանությունները անհամեմատ մատչելի են Ազգային ժողովի պատգամավորներից: Ավագանուն դիմածների 58,6 տոկոսը դրական պատասխան է ստացել, 24,1 տոկոսը դիմել է, բայց ավագանին չի օգնել, 17,2 տոկոսին ավագանին չի պատասխանել: Եվ չնայած ավագանու մատչելիության ցուցանիշն ավելի մեծ է (24,1+17,2), բացասական պատասխանները կազմում են 41,3 տոկոս (ԱԺ-ի 62 տոկոսի փոխարեն), այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում ավագանուն դիմելու ցանկությունը, նաեւ ցուցանիշները նույնն են, ինչ օրենսդիր օղակի ընտրյալների դեպքում է: Հարցվածների 39,2 տոկոսը (160 մարդ), ինչքան էլ դժվար վիճակում լինի, չի ապավինի ավագանուն, ավելի շուտ ոչ, քան թե այո է պատասխանել հարցվածների 17,9 տոկոսը: Հարկ եղած դեպքում ավագանուն դիմելու մտադրություն ունի 26,7 տոկոսը (109 մարդ), ավելի շուտ այո, քան թե ոչ է պատասխանել հարցվածների 11,5 տոկոսը (47 մարդ): Բացասական եւ դրական պատասխանների համամասնությունն այս դեպքում կազմում է 57,1 (39,2+17,9) եւ 38,2 (26,7+11,5): Հիշեցնենք, որ պատգամավորների դեպքում բացասական ցուցանիշը կազմում էր 58, 8 տոկոս, դրականը` 36,2:
Եթե պատգամավորների պարագայում 408 հարցվածներից 240-ը չէին դիմի նրան, ապա համայնքային ավագանուն նույն թվով հարցվածների 233-ը չեն դիմի: Համայնքային ավագանուն չի ճանաչում 10 տոկոսը (41 մարդ), չի վստահում 11 տոկոսը, չի հավատում, որ կօգնիՙ 35,8 տոկոսը, 9,1 տոկոսի համար նա մատչելի չէ: Մնացածները, ինչպես հարցման առաջին փուլում, խուսափողական պատասխաններ են տվել:
Դատելով հարցման վերջնական արդյունքներից, ընտրովի մարմինների հանդեպ բնակչության վերաբերմունքը բավական որոշակի է: Նրա կաշկանդվածությունն ու խուսափողականությունը բացահայտում է այն անհեթեթությունը, որ առկա է իշխանական մեխանիզմի ձեւավորման հիմքերում` փաստորեն հենց իր դերակատարմամբ, իր ձայների օգնությամբ են պատգամավորները կամ ավագանին հայտնվել իշխանության վերին օղակներում:
Այս հետազոտությունը արժեքավոր է իբրեւ հասարակության ընդերքում արմատներ ձգած ավելի խորքային երեւույթի` ընտրություններում ավանդույթի ուժ ստացած խախտումների ու կեղծիքների անմիջական արձագանք: Բնակչության մի ստվար զանգվածն ինքն էլ մասնակից կամ ականատես է եղել ընտրակաշառքների բաժանմանն ու ընտրախախտումներին: Մեղքի սեփական բաժինն ունենալով այդ գործընթացում, կարճ ժամանակում ապագա ընտրյալների հետ մտնելով արատավոր հարաբերությունների մեջ, հետո նույն արագությամբ մոռացվելով նրանցից, բնականաբար, չի կարող մեծ հույսեր կապել նրանց հետ: Մանավանդ որ հաղորդակցման անգամ նվազագույն փորձերը ձախողվում են:
Կա նաեւ այլ հանգամանք, որ բնակչության ու նրա ընտրյալների միջեւ տարանջատման խորացման արտաքուստ աննշմար, իրականում շատ կարեւոր գործոն է: Բնակչության մեծամասնությունն աղոտ պատկերացումներ ունի ե՛ւ օրենսդիր, ե՛ւ համայնքային ավագանու իրական անելիքների ու հնարավորությունների մասին: Ի դեպ, հարցախույզի ընթացքում հարցվածների ընդամենը 2 տոկոսն է խոստովանել իր անտեղյակության մասին:
ԱԺ պատգամավորի կոչումը իրապես օրենսդրական գործունեությունն է, ավագանունը` համայնքային խնդիրների քաջատեղյակությունը եւ դրանք տեղական գործադիրին` թաղապետարաններին հասցնելը: Դիմելով նրանց, բնակիչները փաստորեն ակնկալում են միջնորդական առաքելություն: Անձնապես պատգամավորը կամ համայնքի ավագանին որեւէ կոնկրետ խնդիր կարող են լուծել միայն պաշտոնական կամ ընկերային բնույթի միջնորդությունների մակարդակով, քանի որ, ի վերջո, գործադիրն է գործնական լուծում տալիս հասարակական խնդիրներին: Իսկ դրանք կարող են եւ հաջողվել, եւ` ոչ, քանի որ, ի վերջո, նրանք անմիջականորեն չեն զբաղվում այդ խնդիրներով: Եվ եթե պատգամավորը նվազագույն դեպքում գոնե ԱԺ հայտարարությունների, հարցուպատասխանի ժամին կարող է հնչեցնել խնդիրները, ապա ավագանու հնարավորություններն ավելի համեստ են: Թաղային համայնքները իրականում զուրկ են իշխանական մեծ գործառույթներից: Լիազորությունների ու պարտականությունների բաժանումների ժամանակ համայնքներին, ի վերջո, մնացին միայն աղբահանության ու ներհամայնքային ասֆալտապատումների գործառույթները: Որեւէ կրթական, առողջապահական կամ այլ բնույթի խնդիր նրանք գործնականում ի վիճակի չեն լուծել, քանի որ այդ իրավասությունները վաղուց բաժանվել են տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների միջեւ: Գաղտնիք չէ, որ իբրեւ սոցիալական աջակցության միակ արտահայտություն թաղապետարանները բավարարվում են միայն արդեն ավանդույթի ուժ ստացած ֆինանսական առձեռն օգնություններով:
Պատգամավորի կամ ավագանու անմիջական անելիքի ու կոչման վերաբերյալ բնակչության թյուր պատկերացումների առաջացման առաջին մեղավորները, այնուամենայնիվ, օրենսդիր ու տեղական ինքնակառավարման օղակներում հայտնված ընտրյալներն են: Ինչ խոստումներ ասես որ չեն տալիս իրենց ընտրողներին, ինչ ասես չեն գրվում նախընտրական բրոշյուրներում ու քարոզչության ժամանակ, միայն թե հասնեն նպատակին:
Զարմանալի չէ նաեւ բողոքների ու դիմումների կարուսելային արատավոր շրջապտույտը Ազգային ժողովից քաղաքապետարան, այստեղից` թաղապետարաններ, այստեղից` գզրոցները կամ լավագույն դեպքում` դեպի գործադիրի վերին կառույցները:
Իր ընտրյալների հանդեպ բնակչության վարքային մշակույթի հետաքրքրական առանձնահատկություններ երեւան հանող այս հարցումից, ի վերջո, կարելի է եզրահանգել, որ բնակչության եւ ընտրովի իշխանության ներկայացուցիչների միջեւ խոր տարանջատում է առկա: