«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2004-11-12 | #203, 2004-11-13 | #204, 2004-11-16


ՀԱՅԿԱԿԱՆ ՁԿՆԱՏԵՍԱԿՆԵՐԸ ԿԱՐՏԱՀԱՆՎԵՆ ԷՍՏՈՆԻԱ

Սակայն երկու երկրները հիմնականում կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում

Հայ-էստոնական գործարար համաժողովի քննարկման գլխավոր առարկան տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կտրուկ առաջընթաց արձանագրած Էստոնիայի փորձն էր: Սակայն մինչ այդ գործարարներին դիմեցին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Առնոլդ Ռյույտելը: Հայաստանի նախագահը նշեց, որ երկու երկրների գործարար կապերի զարգացմանը նպաստելուն իշխանությունները կարող են օգնել երեք ուղղությամբՙ հասնել բոլոր խոչընդոտների վերացմանն այդ ճանապարհին, չխանգարել եւ միջկառավարական համաձայնություններով ստեղծել բարենպաստ պայմաններ: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, Էստոնիայի միջոցով Հայաստանը կարող է յուրացնել եվրոպական շուկաները եւ հակառակըՙ Հայաստանի միջոցով Էստոնիան մեր տարածաշրջանում կարող է ամրապնդվել:

Առնոլդ Ռյույտելն իր հերթին նշեց, որ իր երկրի անդամակցումը Եվրոմիությանը նպաստում է այլ երկրների հետ համագործակցության զարգացմանը: Մի կողմիցՙ Եվրոմիության տնտեսական համաձայնագրերը տարածվում են նաեւ էստոնիայի վրա, մյուս կողմից միության անդամակցումը արդեն իսկ որակի յուրահատուկ նշան է: Էստոնիայի նախագահը հնարավոր համարեց համագործակցությունը արդյունաբերական էլեկտրոնիկայի, հեռահաղորդակցության եւ տեղեկատվական համակարգերի ոլորտներում:

Նախագահների ելույթից հետո Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող միության ղեկավար Իվար Տալոոն ներկայացրեց այն հաջողությունները, որ հասել է Էստոնիան վերջին տարիներին: Մասնավորապես նշվեց, որ համակարգչային եւ բջջային կապի բնակչության ապահովվածությունը հասնում է 80 տոկոսի: Բոլոր դպրոցները, պետական հաստատությունները, մասնավոր ընկերությունները միացած են ինտերնետին: Էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմամբ Էստոնիան աշխարհի առաջին 5 երկրների թվում է: Այս երկրում հարկային հաշվետվությունների 60 տոկոսն ուղարկվում է ինտերնետով, իսկ կառավարության որոշումներն ու օրենքները տեղադրվում են պաշտոնական ինտերնետային թերթում: Մեկ այլ խիստ ուշագրավ պահՙ մեքենաները կայանման համար վճարում են առանց կաբելի ինտերնետին միացված բջջային հեռախոսի միջոցով: Իվար Տալոոն հետաքրքրական համարեց Հայաստանում էլեկտրոնային վիզաների տրամադրման կարգը եւ հայտնեց, որ իրենք ձգտելու են այն ներկայացնել այլ երկրներում:

Ինչ վերաբերում է կոնկրետ պայմանավորվածություններին, ապա դրանցից մեկի մասին տեղեկացանք Հայաստանի ձկնարդյունաբերության զարգացման միության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանից: Վերջինս համագործակցության համաձայնագիր է ստորագրել Էստոնիայի առեւտրաարդյունաբերական պալատի հետ, համաձայն որի ծով չունեցող Հայաստանից հայկական ձկնատեսակներ կարտահանվեն մերձբալթյան այս պետություն: Բացի այդ, համաձայնագրով կիրագործվի Էստոնիայում ոչնչացման եզրին գտնվող ձկնատեսակների վերարտադրության ծրագիր: Ընդ որում, այդ ձկնատեսակները բազմացվելու են Հայաստանում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4