Շիրակի մրցունակության կենտրոնը Կրթությամբ զարգացման ակադեմիայի հետ համատեղ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ կազմակերպել է Գյումրու ռազմավարական զարգացման եւ դրա պլանավորման խնդիրներին նվիրված եռօրյա համաժողով: Այն իր աշխատանքը սկսեց երեկ, «Արաքս» հյուրանոցային համալիրի սրահում: Ֆորումի նպատակներն են աջակցել Հայաստանի զարգացման շարունակական ծրագրերին, որոշել հիմնական տնտեսական ուղղությունները (քլասթերները), որոնք պետք է զարգացնել Գյումրիում, մշակել պետական եւ մասնավոր հատվածների ֆինանսավորմամբ քաղաքի զարգացման եւ այդ զարգացման հիմնական պլանի տարրերի համատեղ հեռանկարներ:
Համաժողովի ընթացքում ծավալվող քննարկումները պետք է ընձեռեն շահագրգիռ կողմերի երկխոսության հնարավորությունՙ իրենց նպաստը բերելով Գյումրու զարգացման ռազմավարության մշակմանն ու իրականացմանը: Մասնակիցները կանդրադառնան պետական, հասարակական եւ մասնավոր հատվածների համագործակցությանը քաղաքի զարգացման գործընթացում, Գյումրու համեմատական առավելություններին, քաղաքների զարգացման ընդհանուր հայտնի սկզբունքների այստեղ կիրառության հնարավորություններին ու առանձնահատկություններին եւ այլն: Քաղաքի ռազմավարական ծրագրերի ուրվագծման հարցում հաշվի կառնվեն ծրագրի հեղինակների 2003 թվականի հոկտեմբերին Բեյրութում կատարած ուսումնասիրությունները եւ Բեյրութի վերականգնողական զարգացման ռազմավարական փորձը: Ակնկալվում է, որ Գյումրու վերականգնման եւ տնտեսական ոլորտների զարգացման ռազմավարության ընդհանուր մոտեցումներ մշակելուց բացի կկատարվի նաեւ գործողությունների պլանի իրականացման պատասխանատվության բաշխում:
Համաժողովին հրավիրված են ՀՀ կառավարության, Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի մարզերի, Գյումրու քաղաքապետարանի, քաղաքում ծրագրեր իրականացնող միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ: