«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2004-11-13 | #204, 2004-11-16 | #205, 2004-11-17


Ի՞ՆՉ Է ՏՎԵԼ ԷՍՏՈՆԻԱՅԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-ԻՆ ԵՎ ԵՄ-ԻՆ

Նախագահ Առնոլդ Ռյույտելը համալսարանում

Էստոնիայի նախագահը երեկ համալսարանում ունեցած ելույթում մայր բուհի ուսանողներին պատմեց այն առավելությունների եւ հեռանկարների մասին, որ ստացել է իր երկիրը Եվրոմիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո: Առնոլդ Ռյույտելը նշեց, որ ինքը եվրոքարոզչություն չի անում, իսկ Հայաստանին խորհուրդ տվեց ինտեգրվել ԵՄ-ի նոր հարեւանության քաղաքականությանը:

45 հազար քառ. կմ տարածքով եւ մոտ 1,3 մլն բնակչությամբ Էստոնիան այս տարվա մարտին դարձավ ՆԱՏՕ-ի, իսկ մայիսինՙ Եվրոմիության անդամ: Հունիսին Հայաստանը Ադրբեջանի եւ Վրաստանի հետ ընդգրկվեց ԵՄ նոր հարեւանության քաղաքականության մեջ, ինչը ենթադրում է հարաբերությունների նոր մակարդակ ԵՄ-ի եւ Կովկասի միջեւ:

Նախագահ Ռյույտելը հավաստեց, որ Էստոնիան կանի հնարավորը Հայաստանիՙ եվրոպական կառույցներին անդամակցության հարցում, մյուս կողմիցՙ փոքր-ինչ վաղաժամ համարեց Հայաստանի անդամակցումը ԵՄ-ին: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է տվել Էստոնիային եվրոինտեգրումը, բերենք մի քանի փաստեր. բնակչության 80 տոկոսն ապահովված է բջջային եւ համակարգչային կապով, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն ավելի քան 12 հազար դոլար է:

Ռյույտելն իր ելույթում ասաց, որ Էստոնիան ԵՄ քաղաքականության շրջանակներում իրականացվող ծրագրերում երբեմնի ստացողի կարգավիճակից անցել է տվողի կարգավիճակի: Նկատենք, որ Էստոնիան հարյուրավոր միլիոն դոլարի ներդրումներ է կատարում արտասահմանում, հիմնականում հարեւան Լատվիայում եւ Լիտվայում, որոնք Էստոնիայի հետ դարձել են ՆԱՏՕ-ի եւ ԵՄ անդամ:

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում Էստոնիան հստակ, վերջնական դիրքորոշում չունի, նախագահ Ռյույտելը կարեւորեց, որ Թուրքիայի անդամակցությունը բխի Կոպենհագենի չափանիշներից: Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցելիս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման դնելուն, ապա, ըստ Ռյույտելի, Էստոնիան ելակետ է ընդունում ԵՄ-ի միասնական քաղաքականությունը:

«Մենք վստահ ենքՙ այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ, ճիշտ կլիներ դատապարտել», ասաց Ռյույտելըՙ խուսափելով «ցեղասպանություն» բառի գործածումից: Ավելի վաղ, այցելելով Ծիծեռնակաբերդ եւ պատասխանելով հարցին, թե ինչ տպավորություն է թողել Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, Ռյույտելն ասել էր. «Չպետք է ողբալ, պետք է հիշել ու այնպես անել, որ այն նորից չկրկնվի»:

Համալսարանում Ռյույտելն ասաց, որ պատմականորեն Էստոնիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները հանդարտ չեն ընթացել, իսկ Երկրորդ աշխարհամարտից առաջ մերձբալթյան հանրապետությունները ենթարկվել են խորհրդային օկուպացիայի: «Էստոնիան կորցրեց իր ամեն չորրորդ, հինգերորդ բնակչին», ասաց նա: Հիշեցնենք, որ Ռյույտելը 1983-90 թթ. եղել է Խորհրդային Էստոնիայի Գերագույն խորհրդի նախագահության նախագահը:

Ռյույտելի խոսքերովՙ Էստոնիան ցանկություն ունի Ռուսաստանի հետ ունենալ փոխշահավետ համագործակցություն: «Փոխհարաբերություններում անհրաժեշտ է երկու կողմի կամքը, եւ մենք նման կամք ակնկալում ենք Ռուսաստանից», ասաց նա: Էստոնիայի բնակչության մոտ 1/3-ը ռուսներ են, որոնք, ըստ իրավապաշտպան կազմակերպությունների, ենթարկվում են ազգային խտրականության: Ընդհանուր առմամբ, Էստոնիայի բնակիչներից յուրաքանչյուր հինգերորդը չունի քաղաքացիությունՙ էստոներենի չիմացության պատճառով:

Էստոնիայի նախագահի կարծիքով, ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներումՙ խաղաղ ճանապարհով եւ բարի կամքի հենքով:

Էստոնիայում ապրող հայերի թիվը հասնում է մոտ 2000-ի, գործում են Տալլինի եւ Տարտուի միությունները, Հայ առաքելական եկեղեցու խորհուրդը: Ռյույտելն ասաց, որ հայկական համայնքն իր հոգեւոր կյանքը կազմակերպելու, ավանդույթներն ու ծեսերը կատարելու հնարավորություն է ստացել:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4