«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2004-11-13 | #204, 2004-11-16 | #205, 2004-11-17


ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԲԸՄ-ի Տորոնտոյի մասնաճյուղի եւ Զորյան ինստիտուտի համատեղ ջանքերով հոկտեմբերի 29-ին ՀԲԸՄ-ի Ալեք Մանուկյան մշակութային կենտրոնում (Կանադա) տեղի են ունեցել դասախոսություններՙ նվիրված Լեռնային Ղարաբաղի անկախության պատմությանը եւ ներկա կարգավիճակինՙ միջազգային քաղաքական վերջին զարգացումների լույսի ներքո, տեղեկացնում է այդ առթիվ հրատարակված մամլո հաղորդագրությունը: Պրոֆ. Ջորջ Բուռնությանը (Ատոնա քոլեջում պատմության ավագ դասախոս) խոսել է հայ-ադրբեջանական հակամարտության մասին, ընդգծելով, որ Ղարաբաղն անառարկելիորեն հայկական տարածք է: Իսկ Վարդան Բարսեղյանը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մ. Նահանգներում) զեկուցել է միջազգային օրենքի շրջանակներում Ղարաբաղի անկախության ներկա իրավիճակի մասին: Նա բացատրել է, որ ԼՂՀ-ն իր տարածքի արդյունավետ վերահսկողությամբ, մշտական բնակչությամբ, կանոնավոր զինված ուժերով, ժողովրդավարական ձեւով ընտրված օրենսդիր, գործադիր եւ դատական համակարգով ու արդյունավետ արտաքին քաղաքականությամբ լիովին համապատասխանում է ինքնիշխան պետություն հռչակվելու միջազգային չափանիշներին: «Բանակցությունների գլխավոր նախապայմանն անվտանգության եւ կայունության հաստատումն է տարածաշրջանում, որին չի կարելի հասնել առանց կայունությանՙ յուրաքանչյուր երկրում», ասել է նա, ընդգծելով, որ Ադրբեջանի կառավարության քաղաքականությունը միտված է եղել Ղարաբաղի հայերի էթնիկական ոչնչացմանը եւ պատմության նենգափոխմանը: Այս վերջին խնդրին անդրադարձել է նաեւ պրոֆ. Բուռնությանը, նշելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան բազմաթիվ գրանտներ են շնորհում արեւմտյան ուսումնասիրողներին հատուկ այդ նպատակով: «Քիչ կազմակերպություններ են հակահարված տալիս այս երեւույթին: Դրանցից են Զորյան ինստիտուտը, ՀԲԸՄ-ն ու Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիան», ասել է նա:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4