Հայ-ամերիկյան համագործակցությունն անվտանգության ոլորտում ներառում է կանոնավոր քննարկումներ ահաբեկչության դեմ պայքարում, սահմանների պահպանության ապահովման եւ զանգվածային բնաջնջման զենքի չտարածման ոլորտներում համատեղ գործողությունների մասին: Ըստ «Մեդիամաքսի», այս մասին ասել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը Վիրջինիայի համալսարանում կոնֆերանսի իր ելույթում:
«2001 թ. սեպտեմբերի 11-ից հետո հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ծրագրերը դարձան Հայաստանի անվտանգության կարկասի նոր բաղկացուցիչը եւ լիովին համապատասխանում են Հայաստանի կոմպլեմենտար արտաքին քաղաքականությանը», ասել է դեսպանը: «Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի մի մասը հանդիսացող Հայաստանին մտահոգել եւ շարունակում է մտահոգել Իրաքում տիրող վիճակը», ասել է Կիրակոսյանը եւ հիշեցրել, որ հայկական կառավարությունը խոստացել է Իրաք գործուղել 50 անզեն զինվորական մասնագետներ, որոնք կլրացնեն կոալիցիոն ուժերի շարքերը: