ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրան-Հայաստան գազատարի հայկական մասիՙ Մեղրի-Քաջարան հատվածի, շինարարությունը նախատեսվում է սկսել նոյեմբերի վերջին: Այս մասին նոյեմբերի 16-ի ասուլիսում հայտնեց ՀՀ էներգետիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լեւոն Վարդանյանը: Նա այլ մանրամասներ չներկայացրեց: Իրանից Հայաստան բնական գազի առաքման վերաբերյալ պայամանագիրը ստորագրվել է մայիսի 13-ի Երեւանում, ըստ որի սկսած 2007թ. հունվարի 1-ից, Հայաստանը Իրանից կներմուծի տարեկան 1,1 մլրդ խորանարդ մետրից ոչ պակաս գազ: Պայմանագրով նախատեսվում է գազատարը կառուցել երկու տարվա ընթացքում: