Ամեն մի մարդու երազանքն է լավ ապրել եւ ունենալ խաղաղ ծերությունՙ շրջապատված երեխաների ու հարազատների ջերմությամբ: Սակայն ոչ բոլորի կյանքն է դասավորվում այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Ամենատարբեր պատճառներով եւ ճակատագրի քմահաճույքին հանձնված այսօր շատ տարեցներ իրենց հարազատ տունը համարում են Նորքի տուն-ինտերնատը:
Նորքի տուն-ինտերնատը հիմնադրվել է 1990 թ. կառավարության նախաձեռնությամբ, կոչվելով աշխատանքի եւ վետերանների տուն, իսկ 2001 թ. վերանվանվել է տուն-ինտերնատ: Հիմնադրման օրից մինչ այսօր Նորքի տուն-ինտերնատն իր հարկի տակ ընդունել եւ հոգ է տարել բազմաթիվ տարեցների, աշխատելով հնարավորինս ապահով պայմաններ ստեղծել նրանց համար:
«Ես բաժանվել եմ կնոջիցս եւ 10 տարի մենակ եմ ապրել, առանց երեխաներիս, որոնք կնոջս հետ էին ապրում: Ունեմ երկու տղա եւ տունս կտակել էի մեծին, որը, սակայն, վաճառում է տունը եւ ինձ ոչ մի կոպեկ չի տալիսՙ թողնելով դրսում: Մի քիչ եղբորս տանն եմ ապրում, մի քիչՙ քրոջս, իսկ մեկ տարի էլ տղաս է պահում, որից հետո նրա կինն ինձ տնից հանում է: Գիշերում էի փողոցներում, բայց դե այդպես երկար չէի կարող ապրել եւ դիմեցի սոցապ նախարարություն, որն ինձ տեղավորեց այստեղ: Արդեն երեք տարի ապրում եմ այստեղ, շատ գոհ եմ պայմաններից, ճաշը վատը չէ, լավ ենք սնվում, միս էլ ենք ուտում, մեկ-մեկ մատաղ են բերում: Տնօրենը բարի մարդ է եւ մեզ հաճախ է քաղաքից դուրս տանում, իսկ աշխատողներն էլ մեզ վերաբերվում են իրենց ծնողների պես», պատմում է Նորքի տուն-ինտերնատի բնակիչ Ժորա Ավետիսյանը:
Տուն-ինտերնատի 80-ն անց բնակիչ Նելլի Խաչատրյանը, որը 6 տարի ապրում է ինտերնատում, շնորհալի կին է եւ կարծում է, որ հետաքրքրությունները կյանքում շատ են, ժամանակը չի հերիքում: Նա հաշվապահ է, դերձակ, լուսանկարիչ, վարորդ, ֆիզիկայի եւ մաթեմատիկայի մասնագետ: Նա աշխատողների երեխաների հետ բուհի ընդունելության քննությունների համար մաթեմատիկա եւ ֆիզիկա է պարապում: Երեխաներ չունի, բայց սիրտը բերկրում է, երբ իրեն այցի են գալիս նախկին ուսանողներն ու աշակերտները: Ինտերնատի պայմաններից չի դժգոհում: Միակ ցանկությունն է, որ բոլոր սենյակներում հեռախոս լինի: Չնայած դա էլ դժվարություն չէ, քանի որ հարկ եղած դեպքում տնօրենն իր բջջայինն է ուղարկում սենյակ:
Հայրենական պատերազմի մասնակից Սոֆյա Քերոբյանը 14 տարի 2 ամիս ապրում է ինտերնատում: Երեխաներ չունի, ինտերնատ է եկել քրոջ հետ, որն այժմ ամուսնացել է ինտերնատի բնակիչներից մեկի հետ: Մահացել են նրա հետ նույն սենյակում ապրող բնակիչները, իսկ ներկա բնակիչների հետ ապրում են ինչպես հարազատներ:
Տուն-ինտերնատում տարբեր պատճառներով հայտնված տարբեր ճակատագրերով մարդիկ են ապրում, որոնց ծերունական կյանքն ամբողջությամբ կապված է այս նոր տան հետ: Կյանքն այստեղ գոնե ապահով է ու հանգիստ: Ինչպես տարեցներից շատերը նշեցին, ոչ մի տեղ իրենց այնպես լավ չէին կերակրի եւ հոգատար չէին լինի, ինչպես տուն-ինտերնատում: «Այստեղ ժամանակը լավ է անցնում, մենք գոհ ենք մեր տնօրենից, մեր աշխատողներից, որովհետեւ մեզ համար նրանք ամեն ինչ անում են, ամեն ինչով աջակցում են», այսպես էին արտահայտվում տարեցները:
Նորքի տուն-ինտերնատի բնակիչներից ոմանք զավակներ չունեն, ոմանք էլ ունեն երեխաներ, որոնք հոգ չեն տարել իրենց ծնողների մասին: Կան նաեւ փախստականներ, որոնց տուն-ինտերնատում հայտնվելու միակ պատճառը քաղաքական իրադրությունն է եղել, եւ զավակների հետ մինչեւ այսօր էլ պահպանում են հեռախոսային կապը: Տարեցներից ոմանք երբեմն այցելում են իրենց երեխաներին կամ հարազատներին, մյուսներին էլ երբեմն երեխաներն են այցելում: Բայց հիմնականում տարեցները նեղացած են իրենց հարազատներից, թեպետ շատերն ասացին, որ հասկանում ենՙ ամեն ինչի պատճառը վատ սոցիալական վիճակն է: Տարեցներն ապրում են իրենց հիշողություններով, անցյալի ձեռքբերումներով:
Երկու մասնաշենքի երեք հարկերից բաղկացած տարեցների տունն ունի 220 բնակիչ, որոնք ապրում են 2, 3, 4 եւ 5 հոգու համար նախատեսված սենյակներում: Հիմա ամերիկյան «Դեյ լայֆ» առողջապահական կենտրոնի միջոցներով առաջին մասնաշենքը վերանորոգվում է եւ սենյակները վերակառուցվում ենՙ վերածվելով երկհոգանոց սենյակների: Տուն-ինտերնատի քույր-տնտեսուհի Գայանե Գրիգորյանն ասաց, որ երկրորդ մասնաշենքն էլ կվերանորոգվի, եթե գումարներ լինեն: Իսկ մինչեւ տարեվերջ տուն-ինտերնատը կգազիֆիկացվի: Ինտերնատի ամենատարեց բնակիչը 98-ամյա Բուդակյան Զոռան է, ամենաերիտասարդըՙ 55-ամյա Անահիտ Առուշանյանը: Բնակիչների մեջ կան շատ տաղանդավոր, խելացի մարդիկ, փորձառու մանկավարժներ, որոնց ջանքերով տուն-ինտերնատում հաճախ են միջոցառումներ կազմակերպվում, նշվում են գրեթե բոլոր գրողների տարեդարձները: Ինտերնատն ունի 80-100 հոգու համար նախատեսված միջոցառումների դահլիճ, հանգստի սենյակՙ հեռուստացույցով, ճաշարան, լվացքատուն, մարզադահլիճ, գրադարան, որը թեպետ 90 թ. հետո նոր գրականություն չի ստացել, բայց ունի 80 ընթերցող:
Տարեցների տանն ապրում են 9 ամուսիններ, որոնցից 3-ն ամուսնացել են տուն-ինտերնատում եւ ապրում են հաշտ-համերաշխ: Տուն-ինտերնատի առաջին մասնաշենքը նախատեսված է շարժունակ տարեցների համար, իսկ երկրորդում կան մարդիկ, որոնք դժվարանում են շարժվել: Յուրաքանչյուր հարկ ունի իր ավագը (նա է ղեկավարությանը ներկայացնում հարկի խնդիրները), բուժքույրը, սանիտարները, որոնք չեն զլանում անգամ տարեցներին կերակրել: 220 բնակչին սպասարկում է 5 բժիշկ, 10 քույր եւ մի ամբողջ բուժմաս, մեծ դեղատուն, որոնք բոլոր պայմաններն ունեն տարեցներին առաջին օգնություն ցույց տալու համար, իսկ երբ վիրահատության կարիք է լինում, տարեցներին անվճար սպասարկում են հիվանդանոցները: Բոլոր բնակիչներն ամեն օր պարտադիր ստուգվում են, բուժքույրերը նրանց ապահովում են անհրաժեշտ դեղերով եւ սրսկումներով:
Նորքի տուն-ինտերնատն ունի իր վարսավիրանոցը, դերձակը, սոցիալական աշխատողը, հոգեբանը, որոնք յուրաքանչյուրի հետ աշխատում են անհատապես: Շաբաթը մեկ անգամ փոխվում են անկողինները եւ լվացվում լվացքատանը, թեպետ շատերը նախընտրում են անձամբ լվանալ իրենց հագուստը: «Դա բնավորություն է, մարդիկ կան, որոնք անպայման պետք է շարժվեն, աշխատեն: Օրինակ, ոմանք նաեւ տուն-ինտերնատի մեծ այգում մի հողակտոր են մշակում, իսկ բերքն ու բարիքն էլ իրենք են տնօրինում», պատմում է քույր-տնտեսուհի Գայանե Գրիգորյանը: Ճաշի ժամին, երբ մենք ներկա էինք, բնակիչներին մատուցեցին ապուր, պյուրե, տապակած սմբուկ եւ սալաթ: Ընդ որում, նրանց համար, ովքեր ի վիճակի չեն ճաշարանում ճաշելու, ճաշը մատուցվում է սենյակներում:
Նորքի տուն-ինտերնատն ունի բարերարներ, որոնց շնորհիվ տարեցներին հաճախ էքսկուրսիա են տանում քաղաքից դուրս եւ օգնում են հնարավոր ամեն ինչով: Բարերարների թվում Նորքի տուն-ինտերնատի տնօրեն Անդրանիկ Դանիելյանը նշեց «Դեյլ լայֆ» առողջապահական կենտրոնը, «Ֆրենդս օֆ Արմենիա» բրիտանական կազմակերպությունը, Հայ օգնության ֆոնդը, Հանրապետական կուսակցության կանանց խորհուրդը, իսկ տուն-ինտերնատի բնակիչներն ամենաբարի հիշողություններով են հիշում Ռոբերտ Քոչարյանին եւ նրա տիկնոջը, որն ինտերնատին կահույք եւ մի քանի հեռուստացույց է նվիրել:
Տնօրեն Անդրանիկ Դանիելյանի ամենամեծ ցանկությունն է, որ մի օր տարեցների տանն ապրեն միայն այն մարդիկ, որոնք պարզապես զավակ չունեն:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ