Ադրբեջանում գոհ են նոր զեկուցողից, Հայաստանում փնթփնթում են
Երեկ, օրվա երկրորդ կեսին Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու էր նաեւ Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ զեկուցող, բրիտանացի Դեւիդ Աթկինսոնի նախապատրաստած զեկույցը: Համաձայն ընթացակարգի, Աթկինսոնի զեկույցը կհրապարակվի, եթե քաղաքական հանձնաժողովը հավանության արժանացնի:
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Այդին Միրզազադեն Բաքվի «Էխո» թերթին ասել է, որ եթե զեկույցը լինի նախկին զեկուցող, այժմ Եվրոխորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի պատրաստած զեկույցի հենքով, ապա Ադրբեջանի համար ընդունելի է եւ օբյեկտիվ:
Հայաստանի արտգործնախարարը 2 օր առաջ խորհրդարանում լրագրողներին ասել է, որ Աթկինսոնը գրեթե կրկնել է Դեւիսի զեկույցը: «Փաստաթղթում մի շարք կետեր կան, որոնք, կարծում եմ, դեռ պետք է փոփոխվեն, քանի որ ճիշտ չեն արտահայտում իրականությունը: Լավ կլիներ, եթե դրանք փոփոխվեն, որպեսզի ավելի հավասարակշռված զեկույց լինի», ասել է Վարդան Օսկանյանը:
Ավելի վաղՙ սեպտեմբերի 22-ի մամուլի ասուլիսում Օսկանյանը մտահոգիչ եւ անընդունելի որակեց ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով նախկին զեկուցող Դեւիսի զեկույցը: «Այդ զեկույցն այսօր որեւէ իրավական կարգավիճակ չունի, դեռեւս քննարկման առարկա է, զեկուցողը փոխվել է: Նոր նշանակվածը պետք է իր զեկույցը պատրաստի, նա կարող է հենվել Դեւիսի զեկույցի վրա, կարող է արհամարհել»: Օսկանյանը մտահոգիչ համարեց նոր զեկուցող Աթկինսոնի մինչ օրս արված հայտարարությունները, որոնք, նրա եւ ընդհանրապես Հայաստանի քաղաքական շրջանակների կարծիքով, հայանպաստ չեն եղել:
Աթկինսոնը փոխարինեց Դեւիսին սեպտեմբերի 14-ին ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստի ընթացքում, որի ժամանակ, ի դեպ, լսվեց Ղարաբաղի խնդրի վերաբերյալ Դեւիսի պատրաստած զեկույցը: Մինչ այդ սեպտեմբերի 1-ին ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրված Դեւիսն անցավ իր նոր պաշտոնին: Անկասկած Աթկինսոնը ստիպված էր միայն որոշ փոփոխություններ կատարել Դեւիսի պատրաստած զեկույցում, քանի որ երկու ամսում նա չէր կարող պատրաստել նորը, այդ ընթացքում չի եղել տարածաշրջանում, այդ թվումՙ Ղարաբաղում:
Աթկինսոնը Ղարաբաղում եղել է ընդամենը մեկ անգամՙ 1993 թ.: Այդ ժամանակ Ղարաբաղում պատերազմ էր, Աթկինսոնին իր հետ Ղարաբաղ էր բերել Քերոլայն Քոքսը: Ընդհանուր առմամբ Հայաստանում ձեւավորված կարծիքը, թե բրիտանացի խորհրդարանականը ադրբեջանամետ է, իրականության հետ աղերսներ չունի: Հիշեցնենք, որ նույն Աթկինսոնը Ղարաբաղ այցելելուց մեկ տարի անցՙ 1994 թ. Եվրոխորհրդում, Ստրասբուրգում ԼՂ հարցով կազմակերպել է երկու լսումներ, որոնցից ադրբեջանական կողմն ակնհայտորեն դժգոհ է եղել: Այդ ժամանակ նա եղել է ԵԽ-իՙ կազմակերպության ոչ անդամ երկրների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:
Ուշագրավ է, որ այն ժամանակ ղարաբաղյան հարցով Ստրասբուրգում կազմակերպված լսումներին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ղարաբաղի պատվիրակությունները: Ղարաբաղյան պատվիրակությունը գլխավորում էր այն ժամանակ ԼՂՀ ԱԺ նախագահ Կարեն Բաբուրյանը, պատվիրակության կազմում էին Վասիլի Աթաջանյանն ու Արսեն Մելիք-Շահնազարովը: Երեկ Ստեփանակերտի աղբյուրները «Ազգի» հետ զրույցում հաստատեցին, որ այդ լսումները բխում էին ԼՂՀ-ի շահերից առնվազն այն պատճառով, որ որպես առանձին պատվիրակություն դրանց մասնակցում էր ղարաբաղյան պատվիրակությունը: Նկատենք, որ 94 թ. Հայաստանը եւ Ադրբեջանը ԵԽ անդամ չէին:
Վարդան Օսկանյանից զատ, Աթկինսոնի հանդեպ հրապարակավ բացասաբար են արտահայտվել նախագահ Քոչարյանի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ու ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: Սա այն դեպքում, երբ Աթկինսոնի զեկույցը պատրաստ չէր: Աթկինսոնը պարտավոր չէ հայկական մամուլ կարդալու, սակայն դժվար է բացառել, որ Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան միջոցով տեղյակ չէ իր անձի շուրջ Հայաստանում ստեղծված բացասական կարծիքին: Նշանակումից հետո բրիտանացի խորհրդարանականի մասին Հայաստանում փնթփնթում են, փոխանակ նրա հետ շփումների մեջ մտնելու եւ աշխատելու:
Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստի աշխատանքին Հայաստանից մասնակցում է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը, Ադրբեջանիցՙ Սամեդ Սեիդովը եւ Ասիմ Մոլազադեն: Ավելի վաղ ԱԺ փոխնախագահ Թորոսյանը նկատել էր, որ Ղարաբաղի հարցով Դեւիսի զեկույցը չունի իրավական ուժ եւ կրում է բացառապես խորհրդատվական բնույթ:
Անշուշտ, Աթկինսոնի զեկույցը եւս չի ունենա իրավական ուժ, սակայն կունենա քաղաքական եւ քարոզչական չափազանց կարեւոր նշանակություն: Մանավանդ, ըստ հայկական կողմի հրապարակավ հայտարարությունների, Աթկինսոնի զեկույցում, որը կրկնությունն է Դեւիսի պատրաստած զեկույցի, կան մի շարք անընդունելի ձեւակերպումներ, օրինակ, «էթնիկ զտումներ», «ադրբեջանական հողերի մի մասը զավթված է, իսկ անջատողականները վերահսկում են Ղարաբաղը» եւ այլն:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ