Ընդամենը հաշված օրեր հետո ԼՂՀ խորհրդարանի հերթական լիագումար նիստում պետք է շարունակվի ընտրական օրենսգրքի քննարկումը: Ամենայն հավանականությամբՙ երկրորդ ընթերցմամբ այն կընդունվի: Համենայն դեպս, այս համոզմանն է խորհրդարանի անդամների մեծ մասը:
Նոյեմբերի 8-ին ԱԺ երկու խմբակցություններիՙ ԺԱՄ եւ ՀՅԴ ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել եւ համաձայնեցվել են օրինագծի վիճահարույց կողմերը: Այս փաստի հիմքով, սակայն, անհասկանալի էր ՀՅԴ Արցախի ԿԿ-ի նոյեմբերի 16-ին կազմակերպած կլոր սեղանը, որին հրավիրվել էին ԼՂՀ-ում գործող հասարակական-քաղաքական կազմակերպությունների ղեկավարները: Կլոր սեղանի քննարկմանն էին դրված հանրապետությունում քաղաքական դաշտի կայացման, պրոֆեսիոնալ խորհրդարան ստեղծելու եւ ԱԺ-ում համամասնական տեղերի քանակի նախընտրելիության հարցերը:
Ներկայացնելով դրանք, ՀՅԴ Արցախի ԿԿ ղեկավար Գրիշա Հայրապետյանը նշեց, որ իրենց կուսակցությունը հակված է ապագա խորհրդարանը տեսնել հարյուր տոկոսանոց համամասնությամբ ընտրված եւ պրոֆեսիոնալ կազմով: Ինչ մնում է ԼՂՀ-ում քաղաքական դաշտի կայացմանը, ապա, իրենց կուսակցության կարծիքով, չի կայացել:
Այս վերջին տեսակետը մասնավորաբար ընդունելով, կլոր սեղանին ներկա կուսակցությունների ներկայացուցիչների մի մասը գտավ, որ վաղաժամ է պրոֆեսիոնալ խորհրդարան ունենալը, իսկ մեկ երրորդի չափով համամասնական ընտրությունը ԼՂՀ պարագայում ամենաարդարացվածն է: Հիշյալ տեսակետը հիմնավորաբար պնդելով, ԺԱՄ հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահ Աշոտ Ղուլյանը միաժամանակ անհամաձայնություն հայտնեց այն առթիվ, որ կուսակցություններն իրենք են քաղաքական դաշտի վերաբերյալ գնահատական տալիս: Քաղաքական դաշտի կայացման ուղղությամբ իշխանությունները վերջին տարիներին որոշակի քայլեր արել են, որի վկայումն այսօր երկրում գործող համապատասխան օրենքներն են եւ հասարակական-քաղաքական կազմակերպությունների գործունեությունը: Դրանից ավելին, ըստ Ա. Ղուլյանի, իշխանությունների կողմից կլինի միջամտություն, ինչից իշխանությունները ձեռնպահ են մնում:
Խորհրդարանի ԺԱՄ խմբակցության ներկայացուցիչ Վահրամ Աթանեսյանն իր տարակուսանքը հայտնեց ԱԺ-ում երկու խմբակցությունների ավարտուն քննարկումներից հետո հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրելու եւ խնդրո առարկայի վերաբերյալ տեսակետներ ճշտելու կապակցությամբ, դա որակելով որպես քաղաքական էթիկայի խախտում: Այս կլոր սեղանը պետք է նախորդեր խմբակցությունների քննարկմանը, մանավանդ որ համաձայնություններն առկա են: Այս կապակցությամբ ԼՂՀ կոմկուսի ղեկավար Հրանտ Մելքումյանն իր հերթին դժգոհեց, թե այդ դեպքում ինչու են իրենց հրավիրել կլոր սեղանին մասնակցելու, երբ իրենց կարծիքը էական դեր չի խաղալու նոյեմբերի 24-ին կայանալիք ԱԺ նիստի քվեարկության ժամանակ:
Իրար հանդեպ զուսպ վերաբերմունք ցուցադրելով հանդերձ, կուսակցությունների ներկայացուցիչները անզիջում մնացին սեփական տեսակետներում: Անհերքելի է սակայն, որ ներկա խորհրդարանում ԺԱՄ կազմակերպության գերակշիռ մեծամասնության առկայությունը վճռորոշ է լինելու, եւ այսօրինակ քննարկումները հազիվ թե շոշափելի ներազդեցություն ունենան կայացվելիք որոշումներում:
Անհասկանալի եղավ նաեւ ՀՅԴ ԿԿ դրսեւորած կանխակալությունը այն իմաստով, որ կլոր սեղանին չէին հրավիրվել ԼՂՀ-ում գրանցված մյուս հասարակական-քաղաքական կազմակերպությունների, մասնավորապես Սոցիալ-դեմոկրատական եւ Քրիստոնեա-դեմոկրատական ՀՔԿ ներկայացուցիչները:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ